Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԴՈՒ ՄԵԶ ԽՐԱՏ ՏՈՒՐ, ԸՆԿԵՐ ԴԵՄԻՐՃՅԱՆ»

Հոկտեմբեր 29,2005 00:00

ՀԺԿ նախագահին խնդրում էին
արթիկցիները Սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչությունը
ուղեկցվում է գառների կոտորածով: «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի
ոտքերի տակ Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն ավանում երեկ կրկին գառ մորթեցին, աղ ու
հացով, դհոլ-զուռնայով եւ օրհնանքներով դիմավորեցին: Ընդհանրապես, սահմանադրական
հանրաքվեի «Ոչ»-ի քարոզումն առայժմ աշխատում է հօգուտ ընդդիմության, այն Ստեփան Դեմիրճյանի
եւ «Արդարություն» դաշինքի համար վերածվել է յուրօրինակ նախագահական քարոզչության,
քանի որ ՀԺԿ նախագահին ամենուրեք ընդունում են որպես նախագահ: Առաջին հարցը լինում
էր հետեւյալը. «Միայն ասա, թե ի՞նչ է պետք անել, մենք քո խոսքին ենք սպասում, ոնց
ասես՝ էնպես էլ կանենք»: Ստեփան Դեմիրճյանն էլ իր հերթին էր հետաքրքրվում, թե ժողովրդի
ուզածն ինչ է. «Մեր ասածը «ոչ»-ն է, մենք «ոչ» ասող ենք, միայն «ոչ»՝ էս ոչուփուչներին»,-
ասում էին իշխանությունների եւ իրենց կյանքի վրա բարկացած խեղճ մարդիկ: Մի
ծեր պապիկ էլ շարունակ Ստեփան Դեմիրճյանի ձեռքը թափահարելով՝ նույն հարցն էր տալիս.
«Հիմա «ոչ» ենք ասելո՞ւ, թե՞ «այո»: Մոտ տասն անգամ պատասխանելուց հետո ՀԺԿ նախագահը
ստիպված էր ասել. «Դե ասեցի «ոչ», էլի, «նետ»: Մարդիկ ասում էին, որ իրենք չեն կարդացել,
չեն էլ պատկերացնում, թե ինչ է գրված սահմանադրական փոփոխությունների փաթեթում, սակայն
վստահ էին՝ «Էն, ինչ էսոնք են առաջարկում, վատն է, «ոչ», «ոչ» եւ կրկին «ոչ»: 1923
թվին ծնված (ինքն այդպես ներկայացավ) Գերասիմ Գեւորգի Սարգսյանը հանդիպման էր եկել
մեդալներով եւ շքանշաններով զարդարված եւ Սահմանադրության մասին իր հատուկ կարծիքն
ուներ. «Չեմ կարդացել, ես չեմ պատկերացնի՝ «այո» ըսեմ, թե «ոչ» ըսեմ, դու ընձի խրատ
տուր, ընկեր Դեմիրճյան»: «Ոչ» ասելու խրատից բացի՝ Ստեփան Դեմիրճյանը նաեւ ասում
էր. «Մենք պայքարել ենք եւ ձեզ հետ միասին պայքարելու ենք մեր երկրում օրինական իշխանություն
հաստատելու համար, եւ բոլորս միասին հեռացնելու ենք սրանց»: Արթիկի հրապարակում
Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման էին եկել բազմաթիվ արթիկցիներ. «Մոտ 1000 մարդ կեղներ,
բայց ձունն ու անձրեւը վրա տվեց», եւ հանդիպումը տեղի ունեցավ Արթիկի մշակույթի պալատում:
Մոտ 600 հոգիանոց դահլիճը լեփ-լեցուն էր. շատ արթիկցիներ, որ պատրաստ էին հանդիպմանը
մասնակցել բացօթյա, վախեցել էին դահլիճ մտնել նախորդ հանդիպումներից հետո արդեն հասկացել
էին, որ դահլիճային հանդիպումները հայտնի ծառայությունների կողմից նկարահանվում էին,
եւ հետո մարդկանցից հաշիվ էին պահանջում: Իսկ բացօթյայի դեպքում միշտ էլ գտնվում
է համապատասխան բացատրությունը՝ «Իմ հրապարակն է, կանգնած եմ, ո՞ւմ ինչ գործն է»:
Իշխանությունների այս պահվածքից ՀՀ շարքային քաղաքացիները բառացիորեն զզված էին.
«Փոխանակ էսպիսի բաներ անեն, թող մի էդ Սահմանադրություն ասվածը բերեն, դնեն դեմներս,
կարդանք, հասկանանք»: Այստեղ, ինչպես նաեւ այն բոլոր բնակավայրերում, որտեղ այցելել
է «Արդարությունը», իշխանությունները դեռեւս չեն քարոզել իրենց «այո»-ն. մարդիկ իրենց
հանդեպ իշխանությունների այս անտարբերության բացատրությունն ունեին: Ըստ այդմ՝ հանձնարարականները
տրված են գյուղապետերին եւ քաղաքապետերին՝ ապահովել «այո»-ի համապատասխան թիվ՝ ոնց
ուզում են, մնացածը թիթիզ բաներ են. «Աղջիկ ջան, մենք ըսոնցը հեչ պետք չենք, ուզում
են էս անգամ էլ նկարեն, բայց՝ չենք թողնելու, գնալու ենք ու մեր «ոչ»-ը նկարենք»:
Իսկ եթե իշխանությունները վերջին րոպեին գան, համոզեն, ընտրակաշառք բաժանեն եւ «այո»
ուզեն դրա դիմաց, մի՞թե մարդիկ չեն հանձնվելու, մի արթիկցի պատկերավոր պատասխան տվեց.
«Մեկը հյուր գնաց, իրեն մածուն հյուրասիրեցին, մածունը վերցրավ ու սկսեց փչելը, տանտերն
ըսավ՝ մածո՞ւնն էլ փչեն: Մարդն ըսավ՝ որովհետեւ էդ մածունը կաթ վախտը բերանս վառել
է: Հիմի էս իշխանությունները կաթ վախտը մեր բերանը վառել են, դրա համար էլ իրենց
հավատացող չկա»: Կային նաեւ այնպիսիք, որ հետաքրքրվում էին. «Մենք «ոչ»-ը
ասող ենք, բայց ըդիկ կընդունվի՞, կարո՞ղ է հետագայում կեղծեն»: Մի արթիկցի տիկին
էլ նկատեց. «Այսօրվա Սահմանադրությունը չի գործում, աշխատավոր ժողովրդին չի պաշտպանում,
էլ ի՞նչ սահմանադրական փոփոխությունների մասին է խոսքը. երբ ուզում ես մի հարցով
դիմել իշխանություններին, էնպես զզվելով են պատասխանում, որ չես էլ ուզում ներս մտնել:
Թեկուզ էն դատական իշխանությունները. ես 40 տարվա աշխատանքային փորձ ունեմ, աշխատել
եմ, գիտեմ, շրջապատ էլ մտել եմ, բայց այն հսկայական տարբերությունը, որ գոյություն
ունի այժմյան իշխանավորների եւ նախկինների միջեւ, անդունդ է»: Տիկինը վստահ էր, որ
«հարուստները «այո» են ասելու, աղքատները՝ «ոչ», բայց էն խեղճ խավի ձեռը որ հազար
դրամ տաս, ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, էդ հազար դրամով կերթա ու «այո»
կասի, իրեն շատ պետքն է՝ թե հետո էդ Սահմանադրությունը ինչ օյին պետք է բերի իր գլխին»:
Այս խոսքից հետո դահլիճը ծափահարեց, բայց երբ Ստեփան Դեմիրճյանը հարցրեց. «Հիմա ձեր
կարծիքը ո՞րն է՝ «ո՞չ», թե՞ «այո», դահլիճը գոռաց. «Ոչ»: Եվ հիմնական փաստարկը հետեւյալն
էր՝ երկրի սահմանների հարցը պետք է որոշի համաժողովրդական հանրաքվեն, գործող նախագահը
պաշտոնավարելուց հետո անձեռնմխելիություն չպետք է ունենա. «Կուզեն ընձի գնդակահարեն,
պարոն Դեմիրճյան, «ոչ» եմ ասելու Սահմանադրությանը»,- Մոտրոսովի պես գոչեց մի կին:
Իսկ մեկը տեղից անկեղծացավ. «Թող ինձ փող տան, ես կվերցնեմ եւ իմ «ոչ»-ը կասեմ»:
Արթիկցի Պատվական Սարգսյանի գնահատականը սահմանադրական փոփոխություններին
հետեւյալն էր. «Այդ փոփոխությունների բազմաթիվ կետեր խանգարում են մեր առաջընթացին,
որովհետեւ սա վերնախավի, իշխանների կողմից սարքած գործ է՝ իրենց կեցվածքին հարմարեցնելու,
իրենց ապագան հարթեցնելու նպատակով»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել