Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՑՈՆՈՒՄԸ ՄՈՌԱՑԵԼ ԵՆՔ»

Հոկտեմբեր 29,2005 00:00

Կարծում է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը «2005
թ. ՏԻՄ ընտրություններն ընդհանուր առմամբ համապատասխանում էին ժողովրդավարության
չափանիշներին. դրանք նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ, անկասկած, քայլ առաջ էին».
սա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի գնահատականն է,
որը տարբերվում է տեղական դիտորդների, մասնավորապես՝ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի
տեսակետից: Հիշեցնենք, որ վերջինս արձանագրել էր. «Ակնհայտ էր ընտրական գործընթացները
բարելավելու եւ դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործում առաջընթացի
բացակայությունը: Ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ազատ, արդար եւ թափանցիկ
ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայ հասարակության հույսերն ու ակնկալիքները
դարձյալ չարդարացան, ինչն առավել լուրջ մտահոգության առարկա է Սահմանադրության փոփոխությունների
առաջիկա հանրաքվեի նախաշեմին»: Այդուհանդերձ, Գ. Ազարյանը մեծ գոհունակությամբ հայտարարեց,
որ «մենք արդեն երկուսուկես տարի մոռացել ենք «լցոնում» բառը: Մոռացե՜լ եք, մոռացե՜լ…
համաձայնե՛ք»: Համաձայնել, իհարկե, չենք կարող, քանի դեռ համապետական նշանակության
ընտրություններ չեն եղել: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների
առաջիկա հանրաքվեին, ապա ԿԸՀ նախագահն այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները «բավարար»
գնահատեց: Իհարկե, առաջիկա հանրաքվեի անցկացման համատեքստում առանձին խոսակցության
թեմա է ընտրացուցակների խայտառակ վիճակը, որոնցում առկա անճշտություններն արդեն ՏԻՄ
ընտրություններից հետո ՀՀ ամբողջ տարածքում տատանվում են 20-40 տոկոսի սահմաններում:
Պարզվեց՝ ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանը շատ յուրօրինակ չափանիշներ ունի ընտրացուցակների
լավ կամ վատ վիճակը գնահատելու հարցում: Ըստ նրա՝ «ՏԻՄ ընտրությունների ժամանակ լիազոր
մարմինն ունենալով ընդամենը 1-2 ամիս ժամանակ՝ ընտրացուցակներում եղած անճշտությունները
հասցրել է նվազագույնի: ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրության իրավունք ունեցողների
ընդամենը 0,5 տոկոսն է դատական կարգով վերականգնել իր իրավունքը՝ մոտ 5200 մարդ,
ինչը մոտ 10 անգամ ավելի քիչ է, քան 2003թ. ընտրությունների ընթացքում էր»: ԿԸՀ նախագահը
դա բացատրեց ընտրացուցակների բարելավմամբ: Իսկ գուցե ոչ թե ցուցակներն են բարելավվել,
այլ մարդի՞կ են հոգնել դատարաններ դիմելուց: «Չեմ կարծում»,- եղավ պատասխանը: Ի
վերջո, ընտրացուցակները ճշտելը միայն դրանցում չներառված ՀՀ քաղաքացիների իրավունքները
դատական կարգով վերականգնելը չէ: Հայտնի է, որ այդ ցուցակներում հազարավոր «մեռած
հոգիների» անուններ կան, բայց այդ մարդիկ հասկանալի պատճառով ֆիզիկապես հնարավորություն
չունեն դիմելու պատկան մարմիններին իրենց անունները ցուցակներից, ի վերջո, հանելու
համար: Կամ՝ ՀՀ-ում վաղուց արդեն մշտապես չապրող մարդիկ են ներառված ցուցակներում.
ինչո՞ւ նրանք պետք է ջանք թափեն Հայաստանում իրենց անուններն ընտրացուցակից հանել
տալու ուղղությամբ, երբ յուրաքանչյուր ընտրության ժամանակ նրանց հարազատներն այդ
մասին ահազանգում են՝ լինելով տեղամասերում ու տեսնելով իրենց հարազատի անվան դիմաց
դրված ոմն մեկի կեղծ ստորագրությունը: «Նրանց անունները միշտ լինելու են ցուցակներում,
որովհետեւ ցուցակներն ընդգրկում են նրանց, ովքեր հաշվառված են որպես ՀՀ քաղաքացիներ:
Նրանք մնալու են, քանի դեռ լիազոր մարմինը չունի հիմք՝ նրանց ցուցակներից հանելու
համար»,- ասաց Գ. Ազարյանը: Ինչ վերաբերում է «մեռած հոգիներին», ապա ԿԸՀ նախագահը
ընտրացուցակներից նրանց հանելը եւս բացառեց՝ նույն պատճառաբանությամբ: Իսկ «հիմքը»,
նրա ասելով, պետք է ներկայացնեն մահացածների հարազատները, եթե կա մահվան վկայական:
Եթե այդ ամենով պետք է զբաղվի քաղաքացին, մնում է հարցնել՝ ինչո՞վ պետք է զբաղված
լինի լիազոր մարմինը, ու այդ դեպքում ի՞նչ մեխանիզմներով է այդ մարմինն ընդհանրապես
ճշտումներ կատարում ընտրացուցակներում, եթե ոչ, ասենք, թաղային տեսուչների կողմից
համապատասխան տեղեկատվություն ստանալու ու սեփական ուժերով ճշտելու միջոցով: Կամ՝
ինչպե՞ս է պատահում, որ նույն լիազոր մարմնի ներկայացրած ցուցակում միեւնույն բնակարանում
38 հոգու գրանցման փաստ է արձանագրվում: Անդրադառնանք օրերս աղմուկ բարձրացրած
եւս մեկ փաստի: Այն է՝ հանրաքվեին մասնակցելու ու քվեարկելու իրավունք չեն ունենալու
«կարմիր»՝ ԽՍՀՄ նմուշի անձնագիր ունեցող քաղաքացիները, որոնք 2003-ից ի վեր մասնակցել
են համապետական եւ վերջին՝ ՏԻՄ ընտրություններին, ինչը եղել է նույն ԿԸՀ-ից ստացված
տեղեկությունների համաձայն, հենց ԿԸՀ նախագահի հրահանգով: «Ոչ ոք դեռ ոչ մի
որոշում չի ընդունել այդ մասին: Այո, ՏԻՄ ընտրությունների ժամանակ մարդիկ մասնակցել
են հին անձնագրերով, որովհետեւ «Ընտրական օրենսգրքով» ՏԻՄ ընտրությունների ժամանակ
քվեարկում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլեւ փախստականները»,- միամիտ ձեւացավ ԿԸՀ
նախագահը: Նա նաեւ ոչ վերջնական, բայց կարծիք հայտնեց, թե՝ «հանրաքվեին մասնակցելու
իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, իսկ ՀՀ-ում գործում է միայն մեկ անձնագիր՝ ՀՀ քաղաքացու
նմուշի («կապույտ»- Ն. Մ.) անձնագիրը»: Երբ մենք հիշեցրինք, որ խոսքը ոչ միայն ՏԻՄ
ընտրությունների, այլեւ համապետական նշանակության՝ 2003թ. նախագահական ու խորհրդարանական
ընտրություններին, հանրաքվեին հին անձնագրերով մասնակցելու իրավունք ունենալու մասին
է, պարզվեց, որ հիմա էլ պարոն Ազարյանը այդպիսի փաստերի մասին տեղյակ չէ. «Ես չեմ
կարող ասել՝ նրանք քվեարկե՞լ են, թե՞ ոչ: Ես տվյալներ հիմա չունեմ»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել