ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ մարզական խնդիրներին: Փոփոխություն եւ լրացում կատարելով ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում եւ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին եւ մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N462 որոշման մեջ, գործադիրը հաստատել է մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին պարգեւատրումների եւ խրախուսման այլ ձեւերի տրամադրման կարգը: Դրանով, մասնավորապես, սահմանվում է, որ դրամական պարգեւատրումները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին եւ մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար: Կարգի համաձայն, օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում եւ միջազգային մրցումներում հանրապետության, աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած եւ բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են պարգեւատրվել նաեւ ՀՀ կառավարության, պետական կառավարման այլ մարմինների եւ հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ այլ պարգեւներով: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ