Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ

Հոկտեմբեր 28,2005 00:00

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՍԿԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻՆ Դրանց ծրագրերի մասին իր նկատառումներն է հայտնում մասնագետը «Առավոտը» տեղեկացրել է հոկտեմբերի 2-ին մեկնարկած Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության «Ժողովրդական ստեղծագործություն եւ կոմպոզիտորական արվեստ» փառատոնի անցկացման մասին: Այն կշարունակվի մինչեւ նոյեմբերի 18-ը: Նկատի ունենալով մասշտաբային այս փառատոնի համերգների լեփ-լեցուն դահլիճները եւ լսելով վերջին շրջանում Եվրոպայից ժամանած տարբեր երաժիշտների խոսքը, թե իրենց մոտ նվազել է դասական երաժշտության հանդեպ հասարակության ուշադրությունը, կարելի է հանգել այն եզրակացության, որ մենք ունենք ժամանակակից դասական երաժշտության ունկնդիր եւ արդեն այս ոլորտում խնդիրներ չկան: Մասնագետի խոսքը լսելու ակնկալիքով հանդիպեցինք կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանին: Զրույցի սկզբում պրոֆեսոր Սուքիասյանն էլ ողջունեց արդեն չորրորդ տարին Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող աշնանային եւ գարնանային համերգաշարերն ու փառատոները. «Մշակութային ագրեսիայից, որը բոլոր ազգերին է հատուկ, պաշտպանվելու միակ ու ճիշտ ուղին սեփական մշակույթ տարածելն ու պրոպագանդելն է»: Մեր խնդրանքին՝ մանրամասնել ասածը, պարոն Սուքիասյանը ասաց. «Զարմանալի է, որ հայ ժամանակակից երաժշտության պրոպագանդումն ու տարածումը, ինչին կոչված են պետական կարգավիճակ ունեցող կոլեկտիվները, պատշաճ մակարդակով չի տարվում: Այս փառատոնին առաջին անգամ երկու ելույթով հանդես եկավ Ֆիլհարմոնիկ նվագախումբը: Իսկ որտե՞ղ են Ղարաբեկյանի ղեկավարած Կամերային նվագախումբը, Չեքիջյանի կապելլան, Օպերային թատրոնը եւ մյուսները: Եթե անգամ մեկ պետական կոլեկտիվ մասնակցել է փառատոնին, հավատացնում եմ՝ դա կատարվել է միայն Կոմպոզիտորների միության ջանքերի շնորհիվ»: Հարցին՝ Կոմպոզիտորների միությունը փառատոնային համերգներում պետական կոլեկտիվներին ընդգրկելու հարցով չի՞ դիմում մշակույթի նախարարություն, պարոն Սուքիասյանը հայտնեց, որ այս կարեւոր խնդիրը միայն Կոմպոզիտորների միության լուծելիքը չէ: Ե՛վ մշակույթի նախարարությունը, ե՛ւ կառավարությունը պետք է հետեւողական լինեն ազգային մշակույթը մեր ժողովրդին հասցնելու գործում: «Չմոռանանք, որ Կոմպոզիտորների միությունը հասարակական կազմակերպություն է եւ չունի լծակներ՝ ազդելու պետական կոլեկտիվների վրա: Իսկ մեր երաժշտությունը պետք է հնչի ոչ թե փառատոնից փառատոն հովանավորներ հայթայթելու ճանապարհով, այլ, ի վերջո, անհրաժեշտ է պետական մշակութային լուրջ քաղաքականություն: Առաջին հերթին պետք է պետական կոլեկտիվների ծրագրերը ճիշտ կազմվեն՝ մշակույթի պատասխանատուների կողմից: Հետաքրքիր է՝ ովքե՞ր են հաստատում այս կամ այն կոլեկտիվի ծրագիրը»,- իր տարակուսանքը հայտնեց պրն Սուքիասյանը: Պրոռեկտորին եւ մեզ հետաքրքրող այս հարցին սպառիչ պատասխան ստանալու ակնկալիքով դիմեցինք մշակույթի նախարարություն: Նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանն ասաց հետեւյալը. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին գործող օրենքի համաձայն, կոլեկտիվներն ունեն ինքնուրույն նվագացանկ, խաղացանկ կազմելու իրավունք: Նախարարությունը միջամտում է միայն իր նախաձեռնած միջոցառումների ծրագրերը կազմելիս»: Ժամանակակից երաժշտության պրոպագանդման ու տարածման հարցում Ստ. Սուքիասյանը դժգոհություն հայտնեց հեռուստառադիոընկերություններից, թերթերից ու ամսագրերից. «Միայն կոնսերվատորիան է հրատարակում մասնագիտական ամսագիր՝ «Երաժշտական Հայաստան»: Սա բավարար չէ: Մասնագետների խոսքը պետք է հնչի ԶԼՄ-ներով, պետք է հրատարակվեն համապատասխան ամսագրեր եւ, որ ամենակարեւորն է, աշխուժանա երաժշտական քննադատությունը: Վերջինս անհրաժեշտ է ոչ միայն ստեղծագործողին, տվյալ դեպքում՝ կոմպոզիտորին, այլեւ կատարողին: Թե չէ մեր հասարակությունը որպես կոմպոզիտոր ճանաչում է նրանց, ովքեր երգեր են գրում»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել