Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՆՆԱՆԵՐԸ

Հոկտեմբեր 28,2005 00:00

ՎԱՆՆԱՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՓՈՂՈՑ Քաղաքապետարանը փողոցային առեւտուրն արգելում է, բայց հարցն «ընենց չորով չի դնում» Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Փարաքարի ճանապարհին կառուցված կահույքի արտադրամասերն ու խանութները առավոտյան ժամը 9-ից իրենց արտադրած բազմոցները, բազկաթոռներն ու մահճակալները «տարածում» են փողոցի երկայնքով մեկ՝ երբեմն հասնելով մինչեւ հոծ գծին: Սա վաղուցվա պատմություն է, որի մասին թաղապետարանը, քաղաքապետարանը, ոստիկանությունը, հարկային պետական կոմիտեն ու էլի ինչ-ինչ վերահսկող մամիններ քաջատեղյակ են: Բայց, վերջիններիս պարզաբանմամբ՝ ոչ մի կերպ չեն կարողանում նրանց արգելել՝ «միեւնույն է, վաճառողներն իրենց ուզածն անում են»: Մայթն ու փողոցը զբաղեցնելու համար ո՞ւմ եւ ի՞նչ վճարումներ եք կատարում. մեր այս հարցադրմանը պատասխանելուց առաջ խանութի տերերն ու պատասխանատուները, պահանջելով համապատասխան փաստաթուղթ, նախեւառաջ հետաքրքրվում էին՝ «ո՞վ ա քեզ ուղարկել, ախպերական ասա՝ հարկայինի՞, թե՞ քաղաքապետարանի շպիոններից ես»: Վաճառողներից մեկն էլ ընդհանրապես չցանկացավ «մեր ոտքն իր խանութում տեսնել»՝ պնդելով, որ ես «ծակվողներից եմ»: Վաճառողների մեկնաբանությամբ՝ կահույքը դրսում ցուցադրելը պարզապես անհրաժեշտություն է. «Մենք հաշվել ենք, եթե միայն խանութում ես դնում, ինչքան էլ դռներն ու դարպասները բացես, «էստի համեցեք» կանչես, մեկ ա՝ 100 պոտենցիալ հաճախորդից 90-ը չի մտնի»: Նրանցից յուրաքանչյուրն առանձին խոստովանեցին, որ հետեւում են կողքինների օրինակին՝ «եթե ոչ մեկը սահմանը չխախտի՝ մենք էլ չենք տարածվի»: Շատերի հավաստիացմամբ՝ իրենք գիտեն, որ փողոցային առեւտուրը քաղաքապետն արգելել է, բայց այսքան ժամանակ ոչ քաղաքապետարանից, ոչ թաղապետարանից լուրջ զգուշացումներ չեն եղել, իրենց խոսքերով՝ «ընենց չորով չեն դրել ու արգելել, թե չէ՝ մենք էդքան պլոճիկ չունենք, որ չենթարկվենք»: Խանութների պատասխանատուներից մեկը պատմեց, որ օրեր առաջ քաղաքապետարանի առեւտրի վարչության պետն է եկել, շրջել է խանութներով ու ասել՝ «փռեք, բայց էդքան առաջ մի եկեք, տգեղ է»: Ի տարբերություն քաղաքապետարանի ներկայացուցիչների, որոնք տարին մեկ էլ չեն այցելում, վաճառողների ներկայացմամբ՝ տարածքի մշտական հյուրերից են ոստիկանները: Իսկապես, մեր այցելության ժամանակ էլ ոստիկանության 2 աշխատակիցներ մեքենայով կանգնեցին խանութներից մեկի մոտ, մի քիչ պտտվեցին ու գնացին: Խանութի տերերի պնդումները, որ «նալոգի համար են եկել», կարծես թե չարդարացան, բայց նրանց հավաստմամբ՝ «վերեւից ներքեւ սաղին բաժանելով գալիս ենք, հարկայինին էլ էս տարածքի համար գույքահարկ ենք վճարում»: Սակայն այս առնչությամբ հարկայինի լրատվականից պարզաբանեցին, որ «գույքահարկը գանձում ենք ոչ թե մենք, այլ՝ տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես որ՝ եթե նույնիսկ փող են տալիս, ուրեմն թող իմանան՝ ում են տալիս»: Ուշագրավ է հատկապես այն, որ Իսակովի պողոտայի մայթերից կահույքը հավաքում են միայն այն ժամանակ, երբ բարձրաստիճան հյուրեր են գալիս հանրապետություն: Պողոտան օդանավակայան տանող ճանապարհին է, ուստի, խանութի տերերի հավաստմամբ՝ իրենց մեկ օր առաջ նախօրոք թռիչքի ժամերն ասում են, որ «սեւերես դուրս չգանք»: Բացի այդ՝ վաճառականներն ինչ-որ չափով տեղյակ են լինում նաեւ հյուրերի հետ կապված միջոցառումների օրակարգին, որովհետեւ այդ ճանապարհը տանում է նաեւ Էջմիածին, իսկ հյուրերից շատերը, որպես կանոն, կաթողիկոսի հետ են հանդիպում կամ պարզապես Էջմիածնի տաճար են այցելում: Բացի Իսակովի պողոտայից, Սեբաստիայի փողոցն ու մայթերը նույնպես ծանրաբեռնված են ապրանքներով, միայն մի տարբերությամբ՝ այստեղ կահույքի փոխարեն զուգարան-բաղնիքի պարագաներն են հատում փողոցի հոծ գիծը: Օրինակ՝ Սեբաստիայի 113 հասցեի խանութպանը մի բան էլ զարմացավ մեր հարցից, թե փողոցային առեւտրի համար չի՞ տուգանվել. «Ինչի՞ պիտի տուգանվենք՝ ամեն ամիս թաղապետարանի առեւտրի ու սպասարկումների բաժնին 12.500 դրամ ենք վճարում՝ միայն մայթի համար»: Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի լրատվականի պարզաբանմամբ՝ «վաճառողն ինքնակամ է զբաղեցրել տարածքը, սեփական ավտոտնակը դարձրել է խանութ, մայթն էլ՝ վաճառասեղան»: Իսկ առեւտրի եւ սպասարկումների բաժնից հայտնեցին, որ, իրոք, իրենք 12.500 դրամ վերցնում են վաճառողներից, բայց՝ միայն թույլատրելի տեղերում վաճառելու համար. «Կոնկրետ այս դեպքում տվյալ վաճառողը մեզ գումար չի վճարել, քանի որ այդ տարածքն անթույլատրելի է: Երեւի սանէպիդկայանի կամ ՆԳ-ի հետ է գործարքի մեջ մտել, լավ չի հիշում»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել