Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկե

Հոկտեմբեր 28,2005 00:00

Ոսկե հնարավորություն Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը երեկ ներկայացրել է առաջարկությունների փաթեթ, որի նպատակն է օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ 2007 եւ 2008 թվականներին ազատ եւ արդար խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու համար: ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված առաջարկությունների այդ փաթեթի ֆինանսավորումն ընդհանուր առմամբ կկազմի 6 մլն դոլար: Ամերիկյան առաջարկությունների փաթեթը բաղկացած է 9 կետից. 1. Ընտրողների ցուցակներ. աջակցել ՀՀ կառավարությանը ընտրողների ազգային գրանցամատյան նախագծելու, մշակելու եւ կիրառելու հարցում: 2. Ընտրությունների կազմակերպում. օժանդակել ընտրական փաստաթղթերի, ինչպես նաեւ այլ պաշտոնական փաստաթղթերի հրապարակմանն ու բաշխմանը՝ բոլոր ընտրական հանձնաժողովների լիակատար իրազեկությունն ապահովելու նպատակով: 3. Ընտրողների տեղեկացվածություն. oժանդակել ընտրողների տեղեկացման քարոզարշավներին՝ լրատվամիջոցների եւ ուղիղ եթեր հեռարձակվող բանավեճերի միջոցով: 4. Ընտրություններին առնչվող դատական գործերի վարույթ. ընտրական դատական գործերի վարույթի վերաբերյալ դասընթացներ դատավորներին, ինչպես նաեւ ընտրական օրենքի խախտումների եւ դրանք ուղղելու եղանակների վերաբերյալ դասընթացներ վստահված անձանց: 5. Ժողովրդավարական քաղաքական մշակույթ. տրամադրել ընտրական դրամաշնորհներ ՀԿ-ներին՝ ընտրություններին առնչվող գործունեության համար: 6. Հարցումներ կատարելու կարողություն. աջակցել այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են հետազոտություններով եւ հարցումներով: 7. Քաղաքական կուսակցություններ. խթանել երիտասարդության եւ կանանց ներգրավվածությունը եւ ակտիվությունը աշխատելով կուսակցությունների հետ, օժանդակել կուսակցությունների՝ հանրության հետ կապերի բաժինների աշխատակիցներին: 8. Ընտրությունների վերահսկում. օժանդակել տեղական դիտորդությանը, ԶԼՄ-ների կողմից դիտորդությանը: 9. Անկախ ԶԼՄ-ների կողմից լուսաբանում. վերապատրաստում եւ տեխնիկական օժանդակություն ԶԼՄ աշխատակիցներին, հատկապես ընտրությունների գործընթացի ժամանակ: Ջոն Էվանսը հայտարարել է, որ «Հայաստանը ոսկե հնարավորություն ունի 2007 եւ 2008-ին ազատ եւ թափանցիկ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու համար»: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ դեսպանն ասել է, որ «ԱՄՆ-ն չի պաշտպանում հեղափոխությունները, որոնք տեղի են ունենում փողոցներում: Հեղափոխությունը ձախողման, անհաջողության արդյունք է: Մենք հանդես ենք գալիս զարգացման էվոլյուցիոն ճանապարհի օգտին եւ գտնում ենք, որ առաջնորդներին պետք է ընտրել ընտրատեղամասերում, եւ հենց այդ պատճառով այսպիսի մեծ նշանակություն ենք տալիս 2007 եւ 2008 թվականների ընտրությունների թափանցիկությանը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել