ԱՅՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ Ընդդիմադիրները վստահ են, որ իշխանափոխության դեպքում ի հայտ կգան նոր հանգամանքներ, որոնք կստիպեն վերաքննել «Հոկտեմբերի 27»-ի գործը: Ընդդիմության տարբեր թեւերը երեկ «27»-ի զոհերի հիշատակը հարգեցին առանձին-առանձին: «Ազգային միաբանության» ներկայացուցիչներն առանց իրենց խորհրդարանական գործընկերների այցելեցին Եռաբլուր եւ Պանթեոն: Ավելորդ է անգամ խոսել իշխանության ներկայացուցիչների մասին. միակ տեղը, որտեղ խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության գործիչները միասին հարգանքի տուրք մատուցեցին իրենց նահատակված գործընկերների հիշատակին՝ խորհրդարանի շենքի առջեւ տեղադրված հուշաքարն էր: Այստեղ կարճ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը. «Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 27-ին հավաքվելով այս հուշաքարի առաջ՝ մենք եւս մեկ անգամ դատապարտում ենք ԱԺ-ում տեղի ունեցած այդ սահմռկեցուցիչ ոճրագործությունը եւ եւս մեկ անգամ «ոչ» ենք ասում ոճրագործությանն ու ահաբեկչությանը: Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 27-ին հավաքվելով այս հուշաքարի առաջ՝ մենք եւս մեկ անգամ փաստում ենք, որ նմանատիպ ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Ես վստահ եմ, որ նահատակված մեր գործընկերները մնում են մարդկանց սրտերում եւ հոգիներում, նրանց հիշողության մեջ, քանի որ մարդիկ ապրում են այնքան, քանի դեռ հիշում են նրանց»: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում կասկած հայտնեց, թե այդ ոճրագործության «անեծքը» դեռ երկար է մնալու մեր երկրի վրա: Իսկ մեր հարցին, թե 6 տարի անց՝ դեռ կա՞ն հարցեր, որոնք իր համար պատասխան չեն ստացել «27»-ի առնչությամբ՝ արձագանքեց դրականորեն, սակայն նախընտրեց չբացահայտել. «Նման հարցերը չեն հնչեցնում՝ մինչեւ չեն գտնում պատասխաններ»: Այս հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու վերաբերյալ համոզմունքը միավորում էր ԱԺ նախագահին եւ ընդդիմությանը: Այս եզրակացությանը եկանք, երբ տարբեր գործիչների հարց ուղղեցինք, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ են այնպիսի նոր հանգամանքների ի հայտ գալը, որոնք հնարավորություն կընձեռեն վերացնել «27»-ի գործի կարճման որոշումը: «Իհարկե, պատկերացնում եմ նման իրավիճակ, սակայն այն, իմ կարծիքով, չի կարող լինել այսօրվա իշխանության գործունեության օրոք,- ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը:- Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք բազմիցս հրապարակվել են մամուլում, նաեւ մենք ենք այդ մասին խոսել: Տարբեր ենթադրություններ են արվում, հանկարծ ինչ-որ մեկը հայտարարում է, թե այդ հանցագործությունն այս կամ այն պետության հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր՝ այս ամենը դատախազությունը պետք է ընդուներ իբրեւ նոր հանգամանք եւ վերսկսեր հետաքննությունը»: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւս վստահ է, թե կան չուսումնասիրված բազմաթիվ հանգամանքներ. «Դատավարությունը շատ հարցեր է թողել, որոնց պատասխանները չկան: Հասարակության մեջ մնացել են կասկածները: Եվ բնական է, որ դրանք պիտի փարատվեն»: ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն ասաց. «Ամեն պահի հնարավոր է նոր հանգամանքների, նոր իրողությունների, նոր բողոքի ի հայտ գալը: Չնայած այս իրավիճակում այս ամենը գրեթե անհնարին է: Բայց ամենայն հավանականությամբ՝ իշխանափոխությունից հետո առաջին հերթին կանդրադառնան հենց այդ հարցին»: Սոցուժերի միավորման քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը ժամանակին հանդես եկավ «27»-ի վերաբերյալ բացահայտումներով եւ այժմ էլ խոստանում է, թե հարկ եղած դեպքում կարող է հայտնել այլ նոր հանգամանքների մասին. «Երբ որ ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, երբ գա պահը «27»-ի մասին առարկայական խոսելու՝ երեւի թե խոսելու շատ բան լինի շատերի համար, այդ թվում նաեւ՝ իմ»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին արդեն փոքր-ինչ այլ ձեւակերպմամբ ուղղեցինք հարցը, թե Դաշնակցությանն առնչվող կամ ժամանակին աղմկահարույց այլ գործերի ճակատագիրը ցույց չի՞ տալիս, որ վերաքննություն չի լինում՝ չնայած չփարատված կասկածներին: Ուստի ինչո՞ւ է կարծում, թե «27»-ի գործը լինելու է բացառություն: «Խնդիրը հասարակական պահանջարկն է,- պատասխանեց Արամ Սարգսյանը:- Հասարակությունը բավարարված չէ «27»-ի դատավարությամբ, եւ ընդհակառակը՝ դրանից հետո հետեւություններ արեց Հայաստանի իշխանության պահվածքից: Եվ այդ մարդիկ թող մեղավորներ ման չգան. իրե՛նք են ամեն ինչ արել, որ հասարակությունը կասկածի իրենց: Դատավարության հետաձգումները, դատավորի «հիվանդությունը», վկաների կիսատ-պռատ հարցաքննումը, այսօր մոռացության մատնելու քարոզչությունը՝ այս ամենի մեջ հասարակությունը տեսնում է պատահականությունից զերծ լուրջ իմաստ եւ բովանդակություն: Եվ նման բաները երբե՛ք չեն ունենում վաղեմության ժամկետ: Ես վստահ եմ, նույնիսկ գիտեմ, որ «27»-ի գործը պետք է բացահայտվի: Թող հետեւեն Լիբանանի գործընթացներին, թե ինչ է կատարվում՝ նույնը լինելու է այստեղ: Ցանկացա՛ծ մեկը, որը կդառնա Հայաստանի հաջորդ նախագահ, ստիպված կլինի գործի նոր դատավարություն նախաձեռնել, քանի որ հասարակության մեջ նման պահանջն առկա է: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ գործերին՝ իրադրության փոփոխման հետեւանքով բաց թողնվածներն իրենք պիտի մտածեին իրենց անմեղությունն ապացուցելու մասին»: «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց. «Ժողովուրդը համոզված է, որ քանի դեռ կա այս իշխանությունը, լիարժեք բացահայտում ակնկալելը միամտություն կլինի: Դատավարությունը միայն խորացրեց հասարակության կասկածները: Վերջակետը դեռ դրված չէ»: Ամփոփենք նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետեւյալ խոսքով. «1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանում դադարեց գոյություն ունենալ պետականությունը. առաջացավ կառավարման մի նոր համակարգ՝ կրիմինալ, թալանի, գողական: Եվ այս ամենը շարունակվում է մինչեւ այսօր: Իհարկե, Քոչարյանին հեռացնելուց հետո պետականության վերականգնումն առաջին հերթին նշանակում է վերադառնալ «27»-ին: Առանց դրա հնարավոր չէ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ