Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի բոլոր կառույցներ, միացե՛ք

Հոկտեմբեր 28,2005 00:00

Մոտավորապես
նման կոչով է դիմում քանդակագործը գործընկերներին Այս տարի
բազմաթիվ «կանացի» ցուցահանդեսներ բացվեցին, որոնցում ներկայացված էին նաեւ քանդակագործ
Հերիքնազ Գալստյանի գործերը: Նա համամիտ չէ տարածված այն մտայնության հետ,
թե կինը չի կարող լավ քանդակագործ լինել: «Իմ գործերը մաքուր քանդակ չի կարելի անվանել,
դրանք ավելի շատ ինստալացիա են: Ես դասական, ակադեմիական քանդակին տիրապետում եմ,
բայց այսօր գերադասում եմ այլ կերպ աշխատել: Սկզբունքորեն նոր մոտեցում եմ ցուցաբերել՝
օգտագործելով նոր նյութեր՝ հող վարելու փայտե գործիքներ, ջրաղացի քարեր կամ երկաթե
խոփ: Դրանք այն միջոցներն են, որոնք ասոցացվում են հողի ու հացի հետ, ուստի խորհրդանիշ
են կյանքի: Ընդհանրապես աշխատում եմ միայն բնական նյութերով (տուֆ, պեմզա, փայտ,
կաշի, երկաթ եւ այլն), ուստի իմ գործերը կարելի է էկոլոգիապես մաքուր արվեստ էլ անվանել»,-
պարզաբանեց քանդակագործը: «Հիմա արխայիկ մշակույթը մեծ հետաքրքրություն է առաջացնում:
Երբ արխայիկ մշակույթի հետ ավելի խոր առնչվեցի, զգացի, որ այն ամենաազնիվը, մաքուրն
ու ներդաշնակն է բնության հետ: Իր կոդով կապված է հողին, ու հենց դու այդ կոդավորման
մեջ ճանապարհներդ ես փնտրում, քեզ անընդհատ օգնում է»,- համոզված է Հ. Գալստյանը,
որի արվեստը ոչ բոլորի համար է ընդունելի: Հերիքնազ Գալստյանի գործերից շատերը
գտնվում են տարբեր երկրներում, մասնավոր հավաքածուներում, Երեւանի ժամանակակից արվեստի
թանգարանում եւ Ստեփանակերտի պատկերասրահում: 1987-ին նաեւ նրա ջանքերով հայ նկարիչների
առաջին բարեգործական ցուցահանդեսը բացվեց Ղարաբաղում: 35 աշխատանք նվիրվեց Ստեփանակերտի
պատկերասրահին, ինչի հետեւանքով ադրբեջանցիների գործերը դուրս մղվեցին այնտեղից (մինչ
այդ գերակշռում էին ադրբեջանցի արվեստագետների գործերը- Գ. Հ.): Հետաքրքրվեցինք՝
ո՞ր «իզմի» մեջ է տեղավորվում իր արվեստը: «Ոչ մի իզմի… Ընկերներիցս մեկը՝ Արման
Գրիգորյանը մի օր ասաց, որ իմ ուղղությունը նեոարխայիկա է կոչվում: Թող կոչվի նոր
արխայիկա, անվանումը կարեւոր չէ: Իմ արածը մոդեռն արվեստ է՝ ազգային հենքի վրա»,-
ասաց նա: Մեր դիտարկմանը, որ իրեն կարելի է տեսնել ստեղծագործական բոլոր «ճամբարներում»,
Նկարիչների միության անդամն ասաց. «Լավ կլիներ, որ բոլոր մշակութային կառույցներն
իրար հետ համագործակցեին, թե չէ սարսափելի վիճակ է: ՆՓԱԿ-ն իր խնդիրներն ունի, Նկարիչների
միությունը՝ իր, Ժամանակակից արվեստի թանգարանը՝ իր եւ այսպես շարունակ: Պիտի իրենք
կարողանային եզրեր գտնել համագործակցության: Թե չէ առանձին-առանձին, յուրաքանչյուրն
իր խնդիրներն է լուծում: Օրինակ, ես ՆՓԱԿ-ում «Հայ կանանց արվեստը» ցուցահանդես եմ
կազմակերպել, որին մասնակցել են այնպիսի նկարչուհիներ, որոնք ՆՄ անդամ են եւ ՆՓԱԿ
չէին էլ մտնի: Բայց տեսան, որ բոլորովին սարսափելի չէ, այնտեղ իսկույն ամերիկյան
շղթաներով չեն շղթայում ու ստիպում ամերիկացի դառնաս: Մյուս կողմից էլ, ՆՓԱԿ-ը ինձ
կամ մեկ ուրիշին, ով իրենց արվեստագետը չէ, երբեք չի ներկայացրել եւ չի ներկայացնի
Վենետիկի բիենալեին: Նույն պատկերը Նկարիչների միությունում է՝ միշտ նույն մարդիկ
են գնում սիմպոզիումների: Ես ոչ մի «խմբավորման» մեջ չեմ մտնում, թեեւ գիտեմ, որ
ցուցահանդես կազմակերպելիս էլ մարդիկ ավելի շատ իրենց փոքրիկ, նեղ «կրուգներին» են
ներգրավում»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել