Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՍԿԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 28,2005 00:00

Դրանց
ծրագրերի մասին իր նկատառումներն է հայտնում մասնագետը «Առավոտը»
տեղեկացրել է հոկտեմբերի 2-ին մեկնարկած Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների
միության «Ժողովրդական ստեղծագործություն եւ կոմպոզիտորական արվեստ» փառատոնի անցկացման
մասին: Այն կշարունակվի մինչեւ նոյեմբերի 18-ը: Նկատի ունենալով մասշտաբային այս
փառատոնի համերգների լեփ-լեցուն դահլիճները եւ լսելով վերջին շրջանում Եվրոպայից
ժամանած տարբեր երաժիշտների խոսքը, թե իրենց մոտ նվազել է դասական երաժշտության հանդեպ
հասարակության ուշադրությունը, կարելի է հանգել այն եզրակացության, որ մենք ունենք
ժամանակակից դասական երաժշտության ունկնդիր եւ արդեն այս ոլորտում խնդիրներ չկան:
Մասնագետի խոսքը լսելու ակնկալիքով հանդիպեցինք կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի
պրոֆեսոր, պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանին: Զրույցի սկզբում պրոֆեսոր Սուքիասյանն
էլ ողջունեց արդեն չորրորդ տարին Կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող
աշնանային եւ գարնանային համերգաշարերն ու փառատոները. «Մշակութային ագրեսիայից,
որը բոլոր ազգերին է հատուկ, պաշտպանվելու միակ ու ճիշտ ուղին սեփական մշակույթ տարածելն
ու պրոպագանդելն է»: Մեր խնդրանքին՝ մանրամասնել ասածը, պարոն Սուքիասյանը ասաց.
«Զարմանալի է, որ հայ ժամանակակից երաժշտության պրոպագանդումն ու տարածումը, ինչին
կոչված են պետական կարգավիճակ ունեցող կոլեկտիվները, պատշաճ մակարդակով չի տարվում:
Այս փառատոնին առաջին անգամ երկու ելույթով հանդես եկավ Ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Իսկ որտե՞ղ են Ղարաբեկյանի ղեկավարած Կամերային նվագախումբը, Չեքիջյանի կապելլան,
Օպերային թատրոնը եւ մյուսները: Եթե անգամ մեկ պետական կոլեկտիվ մասնակցել է փառատոնին,
հավատացնում եմ՝ դա կատարվել է միայն Կոմպոզիտորների միության ջանքերի շնորհիվ»:
Հարցին՝ Կոմպոզիտորների միությունը փառատոնային համերգներում պետական կոլեկտիվներին
ընդգրկելու հարցով չի՞ դիմում մշակույթի նախարարություն, պարոն Սուքիասյանը հայտնեց,
որ այս կարեւոր խնդիրը միայն Կոմպոզիտորների միության լուծելիքը չէ: Ե՛վ մշակույթի
նախարարությունը, ե՛ւ կառավարությունը պետք է հետեւողական լինեն ազգային մշակույթը
մեր ժողովրդին հասցնելու գործում: «Չմոռանանք, որ Կոմպոզիտորների միությունը հասարակական
կազմակերպություն է եւ չունի լծակներ՝ ազդելու պետական կոլեկտիվների վրա: Իսկ մեր
երաժշտությունը պետք է հնչի ոչ թե փառատոնից փառատոն հովանավորներ հայթայթելու ճանապարհով,
այլ, ի վերջո, անհրաժեշտ է պետական մշակութային լուրջ քաղաքականություն: Առաջին հերթին
պետք է պետական կոլեկտիվների ծրագրերը ճիշտ կազմվեն՝ մշակույթի պատասխանատուների
կողմից: Հետաքրքիր է՝ ովքե՞ր են հաստատում այս կամ այն կոլեկտիվի ծրագիրը»,- իր տարակուսանքը
հայտնեց պրն Սուքիասյանը: Պրոռեկտորին եւ մեզ հետաքրքրող այս հարցին սպառիչ
պատասխան ստանալու ակնկալիքով դիմեցինք մշակույթի նախարարություն: Նախարարության
մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանն ասաց հետեւյալը. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների
մասին գործող օրենքի համաձայն, կոլեկտիվներն ունեն ինքնուրույն նվագացանկ, խաղացանկ
կազմելու իրավունք: Նախարարությունը միջամտում է միայն իր նախաձեռնած միջոցառումների
ծրագրերը կազմելիս»: Ժամանակակից երաժշտության պրոպագանդման ու տարածման հարցում
Ստ. Սուքիասյանը դժգոհություն հայտնեց հեռուստառադիոընկերություններից, թերթերից
ու ամսագրերից. «Միայն կոնսերվատորիան է հրատարակում մասնագիտական ամսագիր՝ «Երաժշտական
Հայաստան»: Սա բավարար չէ: Մասնագետների խոսքը պետք է հնչի ԶԼՄ-ներով, պետք է հրատարակվեն
համապատասխան ամսագրեր եւ, որ ամենակարեւորն է, աշխուժանա երաժշտական քննադատությունը:
Վերջինս անհրաժեշտ է ոչ միայն ստեղծագործողին, տվյալ դեպքում՝ կոմպոզիտորին, այլեւ
կատարողին: Թե չէ մեր հասարակությունը որպես կոմպոզիտոր ճանաչում է նրանց, ովքեր
երգեր են գրում»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել