Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչնագրիպը քեֆ անողների «վեջին» չի

Հոկտեմբեր 28,2005 00:00

Ռեստորանատերերը վստահեցնում են, որ
իրենց հաճախորդներն ամենեւին էլ չեն խուսափում թռչնի մսով կերակրատեսակներ
պատվիրել: Մայրաքաղաքի 15-20 հայտնի բար-սրճարանների, ռեստորանների տերերի
շրջանում անցկացրած մեր հարցումներից պարզ դարձավ, որ վերջին ամիսներին բռնկված եւ
արդեն մեր հարեւան երկրներ՝ Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան հասած թռչնագրիպը առանձնապես
չի վախեցնում մեր խրախճանքի օբյեկտների ոչ տերերին, ոչ էլ հաճախորդներին: Առաջինները
շարունակում են իրենց ճաշացանկում թռչնի մսի ուտեստների տեսականի առաջարկել, այցելուներն
էլ՝ պատվիրել: Հարցման ենթարկված օբյեկտների տերերը միաբերան պնդեցին, որ օգտվում
են միայն տեղական թռչնամսից՝ ներառյալ լորն ու հնդկահավը, բացի այդ, թռչնագրիպի վտանգ
չեն սպասում, «քանի դեռ առողջապահության նախարարությունը արգելք չի դրել»: Ռեստորանատերերի
ներկայացմամբ՝ հավի մսից հրաժարվողները հատուկենտ օտարերկրացիներ են: Նրանք՝ հակառակ
մեր առողջապահության նախարարի պնդումների, առաջնորդվում են դրսի տվյալներով եւ որքան
էլ նախարարը հավատացնում է, որ մեր հավերը գրիպ չեն, միեւնույն է՝ արտերկրացիները
խուսափում են համտեսել: Պռոշյան փողոցում գործող «Ոսկե պատառաքաղ» ռեստորանից
ասացին, որ իրենց ճաշացանկն այնքան էլ հարուստ չէ թռչնամսի կերակուրներով եւ հաճախորդների՝
հավի մսի դեմ հավանական «բոյկոտից» ռեստորանն առանձնապես չի տուժի: Թռչնագրիպի ի
հայտ գալուց հետո հավի մսի սպառման ծավալները չեն նվազել «Ուրարտու» ռեստորանում,
համենայնդեպս՝ օբյեկտի պատասխանատուն այդպես հավաստիացրեց. «Մեր հաճախորդները չեն
խուսափում եւ նույն տեմպով շարունակում են հավի մսից աղցաններ ու ճաշատեսակներ պատվիրել»:
Մեկ այլ ռեստորանատեր էլ, որը չցանկացավ ներկայանալ, կատակեց, թե իրենց օբյեկտի թոնրում
«հավիկներին մի լավ վիրուսազերծում են, հետո միայն մատուցում: Էդքան բարձր ջերմաստիճանին
վիրուս կդիմանա՞»: Պարզվում է՝ միակ զգուշավորը եղել է «Զանգու» ռեստորանի հարսանեկան
հանդեսի մի պատվիրատու, որը լսելով, թե վարակը արդեն ներխուժել է մեր հարեւան երկրներ,
հավի մսով պատրաստված կերակրատեսակների պատվերը հանել է: Բացի խրախճանքի օբյեկտներից,
հավի մսից պատրաստի ուտեստներ վաճառում են նաեւ խորովածանոցներում եւ «գրիլի» կետերում:
Վերջիններս հիմնականում օգտվում են դրսի՝ հորմոններով աճեցրած հավերից, որոնք ե՛ւ
պարարտ տեսք ունեն, ե՛ւ տեղական հավերից մոտ 500 դրամ էժան են: Խորովածանոցներով
ու «գրիլի» կետերով «հարուստ» են Պռոշյան փողոցը, Թբիլիսյան խճուղին, գետնանցումները:
Այս հասցեների մի քանի վաճառակետերի աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե ո՞ր հավերից
են օգտվում: Մի մասն ասաց, որ «ինչ լսել ենք գրիպի մասին՝ միայն մեր տեղականն ենք
օգտագործում»: Մյուսներն էլ անկեղծ խոստովանում էին, որ բրազիլականն են նախընտրում,
քանի որ «մեր վրա ավելի էժան է նստում»: Մասնագետների պնդմամբ, թռչնագրիպի բացիլը
ոչնչանում է 70 աստիճան ջերմաստիճանում, մինչդեռ «գրիլ անողներն» ասացին, որ ապարատները
մինչեւ 50-60 աստիճան են տաքացնում: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել