Ընդդիմադիրները
վստահ են, որ իշխանափոխության դեպքում ի հայտ կգան նոր հանգամանքներ, որոնք կստիպեն
վերաքննել «Հոկտեմբերի 27»-ի գործը: Ընդդիմության տարբեր թեւերը
երեկ «27»-ի զոհերի հիշատակը հարգեցին առանձին-առանձին: «Ազգային միաբանության» ներկայացուցիչներն
առանց իրենց խորհրդարանական գործընկերների այցելեցին Եռաբլուր եւ Պանթեոն: Ավելորդ
է անգամ խոսել իշխանության ներկայացուցիչների մասին. միակ տեղը, որտեղ խորհրդարանական
մեծամասնության եւ ընդդիմության գործիչները միասին հարգանքի տուրք մատուցեցին իրենց
նահատակված գործընկերների հիշատակին՝ խորհրդարանի շենքի առջեւ տեղադրված հուշաքարն
էր: Այստեղ կարճ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը. «Յուրաքանչյուր
տարի հոկտեմբերի 27-ին հավաքվելով այս հուշաքարի առաջ՝ մենք եւս մեկ անգամ դատապարտում
ենք ԱԺ-ում տեղի ունեցած այդ սահմռկեցուցիչ ոճրագործությունը եւ եւս մեկ անգամ «ոչ»
ենք ասում ոճրագործությանն ու ահաբեկչությանը: Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 27-ին
հավաքվելով այս հուշաքարի առաջ՝ մենք եւս մեկ անգամ փաստում ենք, որ նմանատիպ ոճրագործությունները
վաղեմության ժամկետ չունեն: Ես վստահ եմ, որ նահատակված մեր գործընկերները մնում
են մարդկանց սրտերում եւ հոգիներում, նրանց հիշողության մեջ, քանի որ մարդիկ ապրում
են այնքան, քանի դեռ հիշում են նրանց»: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը
լրագրողների հետ զրույցում կասկած հայտնեց, թե այդ ոճրագործության «անեծքը» դեռ երկար
է մնալու մեր երկրի վրա: Իսկ մեր հարցին, թե 6 տարի անց՝ դեռ կա՞ն հարցեր, որոնք
իր համար պատասխան չեն ստացել «27»-ի առնչությամբ՝ արձագանքեց դրականորեն, սակայն
նախընտրեց չբացահայտել. «Նման հարցերը չեն հնչեցնում՝ մինչեւ չեն գտնում պատասխաններ»:
Այս հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու վերաբերյալ համոզմունքը
միավորում էր ԱԺ նախագահին եւ ընդդիմությանը: Այս եզրակացությանը եկանք, երբ տարբեր
գործիչների հարց ուղղեցինք, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ են այնպիսի նոր հանգամանքների
ի հայտ գալը, որոնք հնարավորություն կընձեռեն վերացնել «27»-ի գործի կարճման որոշումը:
«Իհարկե, պատկերացնում եմ նման իրավիճակ, սակայն այն, իմ կարծիքով, չի կարող լինել
այսօրվա իշխանության գործունեության օրոք,- ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության
նախագահ Ալբերտ Բազեյանը:- Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք բազմիցս հրապարակվել
են մամուլում, նաեւ մենք ենք այդ մասին խոսել: Տարբեր ենթադրություններ են արվում,
հանկարծ ինչ-որ մեկը հայտարարում է, թե այդ հանցագործությունն այս կամ այն պետության
հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր՝ այս ամենը դատախազությունը պետք է ընդուներ
իբրեւ նոր հանգամանք եւ վերսկսեր հետաքննությունը»: Պաշտպանության նախկին
նախարար Վաղարշակ Հարությունյանը եւս վստահ է, թե կան չուսումնասիրված բազմաթիվ հանգամանքներ.
«Դատավարությունը շատ հարցեր է թողել, որոնց պատասխանները չկան: Հասարակության մեջ
մնացել են կասկածները: Եվ բնական է, որ դրանք պիտի փարատվեն»: ՆԳ նախկին նախարար
Սուրեն Աբրահամյանն ասաց. «Ամեն պահի հնարավոր է նոր հանգամանքների, նոր իրողությունների,
նոր բողոքի ի հայտ գալը: Չնայած այս իրավիճակում այս ամենը գրեթե անհնարին է: Բայց
ամենայն հավանականությամբ՝ իշխանափոխությունից հետո առաջին հերթին կանդրադառնան հենց
այդ հարցին»: Սոցուժերի միավորման քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը
ժամանակին հանդես եկավ «27»-ի վերաբերյալ բացահայտումներով եւ այժմ էլ խոստանում
է, թե հարկ եղած դեպքում կարող է հայտնել այլ նոր հանգամանքների մասին. «Երբ որ ստեղծվեն
անհրաժեշտ պայմաններ, երբ գա պահը «27»-ի մասին առարկայական խոսելու՝ երեւի թե խոսելու
շատ բան լինի շատերի համար, այդ թվում նաեւ՝ իմ»: «Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին արդեն փոքր-ինչ այլ ձեւակերպմամբ ուղղեցինք հարցը,
թե Դաշնակցությանն առնչվող կամ ժամանակին աղմկահարույց այլ գործերի ճակատագիրը ցույց
չի՞ տալիս, որ վերաքննություն չի լինում՝ չնայած չփարատված կասկածներին: Ուստի ինչո՞ւ
է կարծում, թե «27»-ի գործը լինելու է բացառություն: «Խնդիրը հասարակական պահանջարկն
է,- պատասխանեց Արամ Սարգսյանը:- Հասարակությունը բավարարված չէ «27»-ի դատավարությամբ,
եւ ընդհակառակը՝ դրանից հետո հետեւություններ արեց Հայաստանի իշխանության պահվածքից:
Եվ այդ մարդիկ թող մեղավորներ ման չգան. իրե՛նք են ամեն ինչ արել, որ հասարակությունը
կասկածի իրենց: Դատավարության հետաձգումները, դատավորի «հիվանդությունը», վկաների
կիսատ-պռատ հարցաքննումը, այսօր մոռացության մատնելու քարոզչությունը՝ այս ամենի
մեջ հասարակությունը տեսնում է պատահականությունից զերծ լուրջ իմաստ եւ բովանդակություն:
Եվ նման բաները երբե՛ք չեն ունենում վաղեմության ժամկետ: Ես վստահ եմ, նույնիսկ գիտեմ,
որ «27»-ի գործը պետք է բացահայտվի: Թող հետեւեն Լիբանանի գործընթացներին, թե ինչ
է կատարվում՝ նույնը լինելու է այստեղ: Ցանկացա՛ծ մեկը, որը կդառնա Հայաստանի հաջորդ
նախագահ, ստիպված կլինի գործի նոր դատավարություն նախաձեռնել, քանի որ հասարակության
մեջ նման պահանջն առկա է: Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ գործերին՝ իրադրության փոփոխման
հետեւանքով բաց թողնվածներն իրենք պիտի մտածեին իրենց անմեղությունն ապացուցելու
մասին»: «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց.
«Ժողովուրդը համոզված է, որ քանի դեռ կա այս իշխանությունը, լիարժեք բացահայտում
ակնկալելը միամտություն կլինի: Դատավարությունը միայն խորացրեց հասարակության կասկածները:
Վերջակետը դեռ դրված չէ»: Ամփոփենք նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետեւյալ
խոսքով. «1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանում դադարեց գոյություն ունենալ պետականությունը.
առաջացավ կառավարման մի նոր համակարգ՝ կրիմինալ, թալանի, գողական: Եվ այս ամենը շարունակվում
է մինչեւ այսօր: Իհարկե, Քոչարյանին հեռացնելուց հետո պետականության վերականգնումն
առաջին հերթին նշանակում է վերադառնալ «27»-ին: Առանց դրա հնարավոր չէ»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ