«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԴԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» Պնդում է ջութակահար Ժան Տեր-Մերգերյանը, որը որոշել է ծննդյան 70-ամյակը տոնել հայրենիքում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 28-ին նա պատրաստվում է իր ժողովրդի հետ նշել այն: Երեկ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին փորձի ընդմիջմանը ջութակահարը սիրով զրուցեց «Առավոտի» հետ: Նախ հետաքրքրվեցինք՝ մի քանի սերունդների համար կուռք Ժան Տեր-Մերգերյանը ինչո՞ւ հայրենիքում եւ ոչ թե ծննդավայրում՝ Մարսելում է նշում իր հոբելյանը: Ջութակահարի խոսքերով՝ դա բնական է. «Մի մոռացեք, որ ես 11 տարեկան էի, երբ եկա հայրենիք: Ուսանել եմ հայկական ջութակի դպրոցի ամենապայծառ դեմքերից մեկի՝ Կարպ Դոմբաեւի դասարանում, այնուհետեւ ուսումս շարունակել Մոսկվայի կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ Դավիդ Օյստրախի ղեկավարությամբ, նրա մոտ եմ կատարելագործվել նաեւ ասպիրանտուրայում: ԽՍՀՄ-ում, ուր թեկուզ ժամանակավորապես էի ապրում, կային ե՛ւ դրական, ե՛ւ բացասական երեւույթներ: Միանշանակ բարձրակարգ ուսումիցս գոհ էի: Այնուհետեւ որպես մենակատար՝ ստանում էի բազմաթիվ հրավերներ արտասահմանից: Այն տարիներին մեր՝ Հայաստանի ֆիլհարմոնիայի ձեռքին ոչինչ չկար, ամեն ինչ ղեկավարվում էր Մոսկվայից: Ես վերջինն էի իմանում, որ «Գոսկոնցերտը» իմ անունից պատասխան էր ուղարկում Ճապոնիա կամ Ավստրալիա՝ նշելով, որ իբր ես զբաղված եմ համերգներով կամ վատառողջ եմ: Մի խոսքով՝ գտնում էին հազար ու մի պատճառ, որ չմեկնեմ համերգային ուղեւորության: Իսկ ես՝ նվաստս, չափչփել եմ ողջ ԽՍՀՄ-ը: Հատկապես Ուկրաինայում կային շրջաններ, որտեղ ես ու հանդիսատեսը արդեն հոգնել էինք իրարից»: Ըստ ջութակահարի, Խորհրդային Միությունում ուսումը, միանշանակ, բարձրակարգ էր: Հարցին՝ ի՞նչ է, այսօր նախկին միութենական հանրապետություններում, կոնկրետ՝ Հայաստանում, կասկածո՞ւմ եք ուսման որակին, Ժ. Տեր-Մերգերյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ես չգիտեմ վաղը ինչ կլինի, համենայնդեպս ուսման հարցում կուզեի, որ պահպանվեր խորհրդային տարիների մակարդակը: Ապացույցը՝ վերջերս Եվրոպայում եւ աշխարհում հայկական ջութակի դպրոցի ներկայացուցիչ Սերգեյ Խաչատրյանի օրինակը: Չեք պատկերացնում, աշխարհի ցանկացած մասում ինչպես են հետաքրքրվում երիտասարդ ջութակահարով, մասնավորապես նրա անցած դպրոցով: Ես էլ հպարտությամբ փաստում եմ, առաջինը՝ նա հայ է, երկրորդ՝ սկզբնական քայլերը կատարել է Երեւանում, Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում: Այնպես որ, վստահ եմ, որ Հայաստանում եղել է ու կա դասական գործիքների բարձրակարգ դպրոց՝ շնորհիվ բարձրորակ մասնագետների»: Հետաքրքրությանը՝ լինելով հայրենիքին նվիրված անձնավորություն, չե՞ք պատրաստվում վերջնականապես հիմնավորվել Հայաստանում, ջութակահարը պատասխանեց. «Հարցուփորձ անելով ընկերներիս, հարազատներիս, եկել եմ այն եզրակացության, որ այստեղ բնակելիի հարցը լուրջ է, շիտակ ասեմ՝ թանկ արժե: Դա ժամանակի հարց է, բայց եթե լինի կոնսերվատորիայից կամ երաժշտական այլ հաստատությունից հրավեր, չկասկածեք, պատրաստ եմ ամիսներով բնակվել այստեղ եւ բարձրագույն դասընթացներ վարել»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ