Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր

Հոկտեմբեր 27,2005 00:00

Բարձր գնահատական, բարձր թվեր ՀՀ-ում ՁԻԱՀ-ի կանխարգելման համար հսկայական գումարներ են ծախսվում, բայց տարեցտարի վարակի դեպքերի աննախադեպ ցուցանիշներ են գրանցվում: Վերջերս «Գլոբալ հիմնադրամը» մեծ հանդիսավորությամբ Հայաստանին տրամադրեց եւս 4 մլն դոլարի դրամաշնորհ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի իրականացման համար: Թե կոնկրետ ինչպես պետք է ծախսեն այդ գումարները՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից հայտնեցին, որ կա հստակ ծրագիր, բայց այդքան էլ հեշտությամբ չեն կարող պատասխանել. «Հիմա կենտրոնի տնօրենը որոշում է ընդունել տպագիր լրատվամիջոցների միայն գրավոր հարցերին պատասխանել եւ միայն գրավոր տարբերակով, որ հետո մեր պատասխանները չաղավաղվեն»: Իսկ գրավոր հարցերին, ըստ կենտրոնի լրատվականի, կպատասխանեն մյուս շաբաթ՝ «պետք է պատասխանները հավաքենք, ամփոփենք, էդքան հեշտ չի»: Ամեն դեպքում, կենտրոնից մեզ «հանգստացրին», որ գումարն իրենց առձեռն չեն տալիս, այլ՝ միայն սարքավորումների ու դեղորայքի տեսքով: Իրականացվելիք ծրագրերի մասին կարելի էր տեղեկանալ նաեւ կանխարգելման ազգային ծրագրից, սակայն առողջապահության նախարարությունից մեզ ասացին, որ դա իրենց ձեռքի տակ չկա, պետք է դիմեք կանխարգելման կենտրոնին, կենտրոնից էլ թեեւ հավաստեցին, որ «դա բաց ինֆորմացիա է, ոչ մի գաղտնիք չկա, էլեկտրոնային փոստով կուղարկենք», սակայն այդպես էլ չուղարկեցին: Մնում էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի մասին «կռահումներ» անել «Գլոբալ հիմնադրամի» դրամաշնորհի շահառու «Վորլդ Վիժն» կազմակերպության տրամադրած տեղեկատվությունից: Նախ, հիմնադրամի կողմից անցյալ տարի արդեն տրամադրվել է 3.2 մլն դոլար, իսկ 4 մլն-ը նախատեսված է եղել ծրագրի երկրորդ փուլով: Դրամաշնորհի հանձնման արարողության ժամանակ հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մենեջեր Վալերի Չերնյավսկին առաջին փուլի աշխատանքներն «արժանացրել է բարձր գնահատականի»՝ ասելով, որ գումարները ծախսվել են ըստ նշանակության: Սակայն, ըստ «Վորլդ Վիժնի» 2004-ի տարեկան զեկույցի, կարելի է եզրակացնել, որ գումարները հիմնականում ծախսվել են հիվանդների վրա, այսինքն՝ ոչ թե կանխարգելելու, այլ հիվանդներին «դուխ տալու», բուժելու վրա: Օրինակ, բացի հետազոտական եւ խորհրդատվության կետեր ստեղծելուց, դեղորայք գնելուց, մի հսկայական գումար ծախսվել է առողջապահական ոլորտի մասնագետներ վերապատրաստելու համար, որ կարողանան ՁԻԱՀ-ով հիվանդների հետ ճիշտ հոգեբանությամբ, «հավասարը հավասարին» մեթոդով աշխատել: Իսկ ինչ վերաբերում է հիվանդության կանխարգելման աշխատանքներին՝ ընդամենը 31 հազար տեղեկատվական նյութեր են տպագրվել եւ 23 հազար պահպանակներ են բաժանվել երիտասարդության եւ, չգիտես ինչու, բանակային անձնակազմի շրջանում: Այդ տեղեկատվական նյութերի արդյունավետությանը «Առավոտն» իր նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել է, իսկ թե պահպանակները երբ եւ ինչպես են բաժանել երիտասարդներին, կենտրոնից կպատասխանեն հաջորդ շաբաթ: Մեր ունեցած տեղեկատվությամբ՝ առայժմ անվճար պահպանակներից օգտվել են միայն լրագրողներն ու օպերատորները, որովհետեւ դրանք «հրամցվել» են ասուլիսների ու նման միջոցառումների ժամանակ: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի հրապարակած վերջին տվյալներով՝ 2005-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել են ՄԻԱՎ վարակի դեպքերի ամենաբարձր ցուցանիշները: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ ռազմավարությունը սխալ է մշակված, եւ գումարները նպատակային չեն ծախսվել, սակայն կենտրոնի լրատվական ծառայության պատասխանատուի դիտարկմամբ՝ ցուցանիշներն ավելանում են, որովհետեւ մարդիկ սկսել են վստահել հետազոտական կենտրոններին ու շատ դիմել: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել