Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՈՉ

Հոկտեմբեր 27,2005 00:00

«ՈՉ ՄԻ ՍՐՃԱՐԱՆ ԻՄ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՉԷ» Ասում է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ մոռանալով, որ կառուցապատման վերահսկողն ինքն էր: Երեկ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը իր հայտարարությունների ենթատեքստում ասաց այն, ինչը ժամանակին հեռուստաեթերով ասել էր նոր պաշտոնանկ եղած նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը՝ ամեն ինչ ի՛ր ձեռքում չէր, այլ՝ վերեւների: «Բոլոր այն կառույցները, որոնք օպերայի շրջակայքում են, ոչ մի կապ չունեն իմ ստորագրած փաստաթղթերի հետ»,- երեկվա ասուլիսում ասաց նա: Նաեւ՝ «Օղակաձեւ զբոսայգում հողհատկացումներն արել եմ ես եւ սրճարաններով գերհագեցածությունն ընդունում եմ որպես իմ կողմից թույլ տրված սխալ, բայց դրանք կառուցապատման ժամանակ շեղվել են իմ հաստատած նախագծերից՝ թույլ վերահսկողության պատճառով»: Եթե հաշվի առնենք, որ Երեւանի նախկին ճարտարապետն ուներ շատ ավելի լայն գործառույթներ, քան ներկայինը, իսկ վերահսկելու իրավունք եւ պարտականություն՝ երկուսն էլ, հետեւաբար «թույլ վերահսկողությունը», այն էլ քաղաքի սրտում կառուցապատման ժամանակ, ոչ այլ ինչ է, քան՝ աչք փակել չափի ու ճաշակի «վառ երեւակայությամբ» օժտված կառուցապատողների թույլ տված խախտումների վրա: Մի խոսքով, ճարտարապետին նույնպես մնում է ամեն «մինուս» իր վրա չվերցնել (ինչպես սովորաբար անում է) եւ բացեիբաց խոստովանել, որ «վերեւների դեմ խաղ չկա»: Թերեւս որպես բողոքի նշան՝ Նարեկ Սարգսյանը սկզբունքորեն չի լինում այն օբյեկտներում, որոնք կառուցվել են խախտումներով: Ճարտարապետն իր այլ սխալներից էլ խոսեց, բայց բոլորն էլ համարեց ուղղելի եւ քաղաքի համար՝ «ոչ ճակատագրական»: Կանաչ գոտում ստեղծված սրճարանները, ըստ նրա, կարող են եւ ինչ որ ժամանակ չլինել, իսկ այ, ճակատագրական սխալ է հուշարձան-շենքերը «Սիլ Պլազայի» հետնամասում հավաքելը. «Թամանյանի նախագծով Գլխավոր պողոտան՝ այգիներով ու շատրվաններով, պետք է շարունակվի մինչեւ Խանջյան փողոց, իսկ այդ համալիրի պատճառով այն կարգելակվի Աբովյան փողոցում: Ժամանակին նման մի սխալ թույլ տվել են՝ Պատկերասրահը Գլխավոր պողոտայի մեջտեղում կառուցելով: Սխալը կրկնվում է, եւ ես զարմացել եմ, թե ինչպես են այդ նախագծին համաձայնություն տվել այն նույն ճարտարապետները, ովքեր 2001-ին, երբ քննարկման էր դրված նույն հարցը՝ ուղղակի զայրացան այդ գաղափարից, եւ հարցը փակվեց»: Նա խոստացավ, որ ամեն ինչ անելու է, որ կառավարությունն այդ նախագիծը չհաստատի: Այսինքն՝ միայնակ պատերազմելու է Երեւանի քաղաքաշինական խորհրդի հետ, որի նախագահը Երեւանի քաղաքապետն է: Ճարտարապետի համար զարմանալի էր, որ այգու փոխարեն «շենքերի գերեզմանոցն» են նախընտրել նաեւ խորհրդի անդամ էկոլոգիական հ/կ-ների նախագահներն այն դեպքում, երբ «քսան քառակուսի կանաչ տարածքի համար բողոքի ցույցեր էին անում»: Թերեւս Ն. Սարգսյանը բոլորից լավ գիտե, որ ցույցերի ամենաակտիվ մասնակիցներից շատերն այդ ձեւով կշիռ են ձեռք բերում, որպեսզի հարկավոր տեղում ու հարկավոր նպատակով էլ՝ լռեն: Մի բողոք էլ ուղղված էր Հյուսիսային պողոտայի ծրագիրն ըստ արժանվույն հանրությանը չներկայացնելու՝ պետության սխալ քաղաքականության դեմ: «Այդ ծրագիրը հոգեւոր արժեք էինք պատկերացնում՝ նոր Երեւան կստեղծենք, թամանյանական գաղափարով, բայց չգիտես ինչու այն վարկաբեկվեց: Ու հասարակությունն այդպես էլ չպատկերացրեց ու չընկալեց ծրագրի կարեւորությունը»,- ասաց ներկայումս Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծային խմբի ղեկավարը: Կամերային երաժշտության տան շրջակայքում կատարվող շինարարության մասին Ն. Սարգսյանը մի խոստովանություն արեց՝ «նախագիծը հաստատել է ներկայիս գլխավոր ճարտարապետը, իսկ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տվել եմ ես, բայց իմ հաստատած փաստաթղթով պետք է կառուցվեր մի փոքրիկ տաղավար, ոչ թե նախատեսվող ահռելի շինությունը»: Նարեկ Սարգսյանը կարծում է, որ Երեւանի կառուցապատման մասին հանրության պատկերացումները «խորհրդային» կողմնորոշում ունեն՝ «լավ է միայն խորհրդային տարիներին կառուցվածը»: Թեպետ նաեւ խոստովանեց, որ նորակառույցներն իրեն այնքան էլ դուր չեն գալիս եւ մենք չունենք հայ ճարտարապետության նորագույն դպրոց: Իսկ ընդհանրապես, Երեւանի կառուցապատման ժամանակ բախումներ կարող էին չլինել, եթե «քաղաքն ունենար կառավարման ճիշտ համակարգ, քաղաքաշինական փաստաթղթեր եւ մշակույթ»: Մի բացթողում էլ կա՝ «գործող օրենքը խիստ լիբերալ է՝ պատժամիջոցների առումով»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել