Նոր պատերա՞զմ Մինչ ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունները սպասում են Իրաքում 2000-երորդ ամերիկացու զոհվելու լուրին (նախօրեին այդ թիվը 1999 էր. ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2000-երորդ զոհն, այնուամենայնիվ, գրանցվել է)՝ իբրեւ բողոքի միասնական եւ «աննախադեպ» գործողությունների դիմելու ազդանշան, մերձավորարեւելյան տարածաշրջանում արագորեն հասունանում է բավականաչափ վտանգավոր առճակատման մի նոր սպառնալիք: Այս անգամ ամերիկյան անբարեհաճության թիրախում է հայտնվել Սիրիան, որը ՄԱԿ-ի հետաքննական հանձնախմբի կողմից «կասկածվում» է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը մեղսակցելու մեջ: Այս պարագայում, սակայն, իրադրությունը յուրահատուկ է նրանով, որ պաշտոնական Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ գործադրելու խնդրում ԱՄՆ-ին եռանդուն կերպով զորակցում են նաեւ նրա երբեմնի եվրոպական ընդդիմախոսներն ու, մասնավորաբար, Ֆրանսիան: Ավելին, հենց վերջինիս հեղինակությամբ է ստեղծվել սիրիական թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացված բանաձեւի նախագիծը, որն արդեն իսկ որոշ քաղաքագետների կողմից հասցրել է որակվել իբրեւ «վիշապային»: Ի՞նչ է այն ներկայացնում. նախագիծը նախ եւ առաջ ենթադրում է Հարիրիի սպանության գործին առնչվող բոլոր անձանց բանկային հաշիվների սառեցում: Ապա՝ սիրիական իշխանությունների առջեւ անվերապահ պահանջ է դրվում որեւէ կերպ չխոչընդոտել երկրի սահմաններից դուրս գտնվող Սիրիայի ցանկացած քաղաքացու հարցաքննությանը, ինչը, ի դեպ, կարող է անցկացվել առանց պաշտոնական Դամասկոսի ներկայացուցչի մասնակցության: Փաստաթղթի ընդունման դեպքում Դամասկոսը պարտավորված կլինի «առանց որեւէ նախապայմանի» միջազգային հետաքննիչներին հանձնել պահանջված բոլոր կասկածյալներին: Նախագծում Սիրիայի իշխանություններին նաեւ կոչ է արվում հրաժարվել ահաբեկչության աջակցման բոլոր ձեւերից եւ կոնկրետ օրինակներով ապացուցել ահաբեկչության մերժման գաղափարին իրենց նվիրվածությունը: Եվ, վերջապես, ամենաէականը. վերը նշված պահանջներից որեւէ մեկի չկատարման դեպքում ԱԽ-ն Սիրիայի նկատմամբ կգործադրի ճնշման «հետագա միջոցներ», այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցներ: Եվ երկու շատ կարեւոր հանգամանք, որոնք առավել տեսանելի են դարձնում վերջին շրջանում Սիրիայի շուրջ ստեղծված իրադրության ողջ լրջությունը: Մի կողմից, սպասվելիք հասարակական հզոր ճնշման պարագայում անգամ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը չի բացառում Սիրիայի դեմ զինված արշավ սկսելու հնարավորությունը, մյուս կողմից՝ Սիրիայի խիստ անհանգստացած ղեկավար Բաշար Ասադը փութով զանգահարում է Մոսկվա՝ հայցելով ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող Կրեմլի աջակցությունը: Եվ որ էական է՝ առայժմ, գոնե բանավոր, ստանում է այն: Սպասենք դեպքերի զարգացմանը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ