Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ

Հոկտեմբեր 27,2005 00:00

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵՋ Գյումրիում «Արդարության» եւ «Ազգային միաբանության» անդամները պաշտպանում էին իշխանության ներկայացուցիչներին, ովքեր 2003-ի ընտրություններում թիմակից էին եւ պայքարում էին ընդդիմության դեմ: Մեղմ ասած՝ խորամանկում էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երբ ընտրություններից առաջ հայտարարում էր, թե իրեն որեւէ քաղաքական ուժ չի սատարում, «բայց ինձ սատարում են իմ ժողովուրդը եւ Աստված»: Իր նախընտրական շտաբ այցելած լրագրողների առջեւ նա քաշում էր պատուհանի վարագույրը եւ հպարտանում. «Հըբե աշե, եկեղեցին կողքս է»՝ իբրեւ ապացույց, որ Աստված աջակցում է իրեն: Սակայն ինչ վերաբերում է քաղաքական ուժերին՝ ոչ միայն ՕԵԿ-ն ի սկզբանե պաշտպանեց Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, այլ նաեւ նման հայտարարություն արեց «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպությունը: «Ժողպատգամավոր» խումբն էլ հանձնաժողովում իր տեղերը տվեց գործող քաղաքապետին: Իսկ ամենահետաքրքիրը հետեւյալն է՝ եթե «Արդարություն» խմբակցության տեղերը հանձնաժողովներում հանրապետական պատգամավոր Մարտին Սուքիասյանինն էին, ապա «Ազգային միաբանության» տեղերում հայտնվել էին Վարդան Ղուկասյանի կողմնակիցները: Այս փաստի մասին մեզ հայտնեց տեղի իշխանավորներից մեկը, որը հեգնանքով նետեց. «Երեւի Գյումրիում քիչ էին ձվերով խփել Գեղամյանին»: Վերջինս նման պնդումները համարեց պարտվածների արդարացում ու պնդեց, թե հանձնաժողովների տեղերը համալրել են բացառապես «Ազգային միաբանության» անդամները, իսկ թե ինչ համակրանքներ են ունեցել նրանք՝ արդեն այլ խնդիր է: «Հանրապետության» անդամներն էլ Մարտին Սուքիասյանի համար էին տեղամասերում կռիվ տալիս: Սակայն կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մեզ հայտնեց. «Հանրապետությունը» որեւէ կերպ չի մասնակցել ո՛չ Գյումրիի, ո՛չ էլ ընդհանրապես ՏԻՄ ընտրություններին: Մեր կուսակցությունում կան բազմաթիվ երկրապահներ: Նրանք այս հարցում առաջնորդվել են ԵԿՄ որոշմամբ եւ պաշտպանել Մարտին Սուքիասյանին»: Պնդում են, թե Վարդան Ղուկասյանը վայելում էր նաեւ կրիմինալի, դատախազության եւ ոստիկանության աջակցությունը: Հենց այս հանգամանքով եւ ոչ թե օրենքով գողերի հետ ճաշկերույթով («Ո՞ր ոստիկանապետը չի շփվում օրենքով գողերի հետ»,- վստահեցնում էին իրազեկ անձինք) էին պայմանավորում այն, որ ընտրություններից առաջ ազատվեց Գյումրիի ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանը, որ Մարտին Սուքիասյանի սանիկն է: Իրավապահների աջակցությունը Վարդան Ղուկասյանին այնքան ակնհայտ էր, որ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը փոքր-ինչ վերապահումով խոսեց, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք գործ հարուցվելո՞ւ է այն կապակցությամբ, որ քվեարկության օրը ժամը 19-ին մի քանի հաղթանդամ երիտասարդներ ներխուժել էին Մարտին Սուքիասյանի նախընտրական շտաբ եւ բռնություն գործել ներսում գտնվողների նկատմամբ: «Ե՛վ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ե՛ւ քվեարկության ընթացքում, այո, արձանագրվել են միջադեպեր,- ասաց մարզպետը:- Եվ հույս ունենք, որ իրավապահ մարմիններն ընթացք կտան այդ օրինախախտումներին»: Մինչդեռ հույսը, թե ընթացք կտրվի ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին՝ արդեն իսկ մարեց: Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 25-ին հաստատել է Գյումրիի ընտրություններում արձանագրված արդյունքները: Հանձնաժողովը ստացել էր Մարտին Սուքիասյանի շտաբից դիմում-բողոք՝ ընտրությունների ընթացքում 12 ընտրատեղամասերում գրանցված բազմաթիվ խախտումների եւ ընտրակեղծիքների վերաբերյալ, սակայն այն չի քննարկվել: Խախտումների մասին մեր զրույցի ընթացքում վկայեց նաեւ Ռոմիկ Մանուկյանը. «Ցուցակների վերջին փոփոխությունների հետեւանքով որոշ ընտրողներ չգտան իրենց ընտրատեղամասերը եւ չիմացան, թե որտեղ են քվեարկելու: Սա մտահոգիչ է: Շաբաթ օրով էին նույնիսկ ցուցակ փոխել: Մարդիկ եղան, որ նախկինում եկել, տեսել էին, որ իրենց անունը կա ցուցակում, իսկ ընտրության օրը չգտան»: Փաստ է արձանագրված, որ մի դեպքում նույնիսկ հանձնաժողովի նախագահն է տուն տարել ցուցակները: Անկազմակերպվածության եւս մի ապացույց. «Զանգակ» նախակրթարանում տեղակայված ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահն ասում էր, թե հեռախոսը եւ չհրկիզվող պահարանը բերել է իրենց տանից: Շիրակի մարզպետն այս առնչությամբ նկատեց. «Տեղամասերի կահավորումը գույքով համայնքապետի պարտականությունն է»: Այսինքն՝ դարձյալ Գյումրիի քաղաքապետի աշխատանքի թերացումն է՝ գուցե միտումնավո՞ր: Ռոմիկ Մանուկյանի համար մտահոգիչ էր նաեւ քվեարկության վերջին 3 ժամվա ընթացքում ընտրողների մեծ հոսքը. «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ժամը 17-ին հրապարակեց 27 հազար ընտրողի մասնակցության վերաբերյալ տվյալ: Եվ հանկարծ 20:00-ին արձանագրվեց 18 հազար ընտրողի տարբերություն: Ուրեմն՝ կա՛մ այդ պահին 27 հազարը սուտ տեղեկատվություն էր, կա՛մ էլ հաջորդող 3 ժամերին են «աշխատել»՝ բերելով»: Շիրակի մարզպետը համարում է, թե 3-րդ թեկնածուն՝ «Ազգային միաբանության» նախկին անդամ Մարզպետունի Մարգարյանը Վարդան Ղուկասյանի կողմից էր ներդրված՝ ձայներ տանելու համար. «Վարդան Ղուկասյանը հայտարարեց «Շանթ»-ով, որ եթե բողոքներ լինեն՝ ուղարկեք իմ կամ Մարզպետունի Մարգարյանի շտաբ: Տրամաբանական է ենթադրել, թե կար համագործակցություն: Նա հատուկ դրված էր խանգարելու համար»: Մինչդեռ ՀՅԴ-ն, ըստ նրա, այս հարցում չի վարում «կուզեկուզ ուղտի» քաղաքականություն. «Վարդան Ղուկասյանը 3 անգամ համայնքապետ է ընտրվել, եւ որեւէ անգամ (ես նույնիսկ իշխանության ղեկին էլ չեմ եղել) ՀՅԴ-ն չի պաշտպանել նրան: Այստեղ կապ չունեն մարզպետ-Վարդանիկ հարաբերությունները»: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ընտրություններից առաջ էր հայտարարել, թե «հանրապետության երկրորդ քաղաքում պետք է լինի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, եւ քաղաքի բարի համբավը պետք է վերականգնվի: Մինչդեռ վերջին իրադարձությունները՝ կրակոցներ եւ այլն, բոլորովին այլ բանի մասին են խոսում»: Մեր հարցին, թե Վարդան Ղուկասյանի վերընտրությունը նշանակո՞ւմ է, որ Գյումրիում շարունակելու է պահպանվել անառողջ մթնոլորտը՝ Ռոմիկ Մանուկյանը պատասխանեց. «Ամեն դեպքում՝ հույս ունեմ, որ հաշվի կառնվեն այն բացասական գնահատականները, որ ընտրապայքարի ժամանակ հնչեցին քաղաքապետի հասցեին: Պետք է փոխի իր քաղաքականությունը եւ իր աշխատանքով դառնա համայնքի ընդհանուր ղեկավար»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել