Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԱԿԸ

Հոկտեմբեր 27,2005 00:00

ՀՄԱՅԱԿԸ ՉՍՊԱՆԵՑ, ԲԱՅՑ ԻՐԵՆ ԹՎՈՒՄ Է, ԹԵ ՍՊԱՆԵՑ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը նախորդ օրը խոստացել էր, որ պատրաստվում է «սպանություն» իրականացնել, սակայն երեկ ամբողջ օրվա ընթացքում պարոն Հովհաննիսյանն իր խոսքի տերը չեղավ, մինչդեռ իրեն թվում է, որ ինքը սպանությունը կատարել է, եւ անունն էլ դրեց՝ գաղափարական սպանություն: Պարոն Հովհաննիսյանը նաեւ դժգոհ էր կառավարությանն ուղղված ավանդների վերադարձի մասին իր հարցի պատասխանից. «Իհարկե դժգոհ եմ, ինչպե՞ս կարելի է գոհ լինել, եթե շատ հստակ հարց ես տալիս, որ պարտավոր է կառավարությունը եւ ԱԺ ղեկավարությունը բյուջեի օրինագիծը ներկայացնել ամբողջությամբ, մինչդեռ մենք չունենք մեր ձեռքին օրինագիծ, որտեղ արտահայտված է ավանդների վերադարձի հարցը, եւ հետեւաբար, այս բոլոր խոսակցությունները որեւէ մեկին պարտավորեցնող խոսակցություններ չեն: Նկատի ունենալով կոալիցիայի քաղաքական ձեռագիրը՝ շատ պարզ է, որ նախապատրաստվում է ժողովրդի հերթական խաբեությունը: Մենք ամեն տարի հանրաքվե չենք անցկացնելու, որ կարողանանք պարտադրել կառավարությանը շարունակել թեկուզ միայն նպաստառու ավանդատուների ավանդների վերադարձը: Ուստի խոսքը գնում է միանվագ վերադարձի մասին, միմիայն բյուջեի ծախսային մասի զրո ամբողջ երկու տասնորդական տոկոսի չափով, այսինքն՝ մեկ միլիարդ դրամի մասին է խոսքը: Իսկ սա այնքան ծիծաղելի գումար է ավանդների ընդհանուր գումարի համեմատ, որը, ինչպես հայտարարեց ֆինանսների նախարարը, ավելի է 10 միլիարդ ռուբլուց, ապա շատ հեշտ է հասկանալ, որ միմիայն հազար տարվա ընթացքում է հնարավոր վերականգնել ավանդները: Մինչդեռ «Աղքատության հաղթահարման ծրագիրը» ավարտվում է 2015 թվականին: Ստացվում է, որ մինչեւ այդ ժամկետը ավանդատուների մեկ տոկոսն էլ չի ստանա իր ավանդները հինգին՝ մեկ փոխհարաբերությամբ»: Պարոն Հովհաննիսյանը հակադարձեց ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի այն մտքին, որ իսկապես խոսքն այն մասին է, որ պետք է տարբեր ձեւերով ռուսի ասած՝ «կռայիտ» անեն՝ այդ մեկ միլիարդ դրամը հատկացնելու համար: Հմայակ Հովհաննիսյանը մաթեմատիկական իր հաշվարկներով պարզել է, որ «կռայիտ» անելու կարիք չկա: «Կարելի է գործուղումների համար բյուջեով հատկացված երկու միլիարդ դրամը կրճատել եւ տրամադրել ավանդներին, ինչո՞ւ են վերջին րոպեին բերում, գումարն էլ մի գումար չի, եւ ես չեմ, որ Ղարաբաղը շահարկում եմ. այո, Ղարաբաղը Սամվել Բաբայանի դե-ֆակտո իշխանության տերը լինելու օրոք որոշում է ընդունել եւ բյուջեի ծախսային մասից յուրաքանչյուր տարի նախատեսում է մեկ տոկոս, հինգ անգամ ավելի, քան՝ մեզանում, չնայած այնտեղ ավանդատուների թիվը շատ ավելի փոքր է»: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ Հմայակ Հովհաննիսյանը չկատարեց իր խոստումը՝ «սպանելու եմ»-ը: Պարզվեց, որ «սպանությունը» կատարվել է, բայց շոուի ակնկալիքով պատգամավորին հետեւող լրագրողները նման բան չտեսան, թեպետ իրեն՝ պատգամավորին թվում է, թե ինքը «սպանությունը» կատարել է. «Ես նկատի ունեի, որ գաղափարներով, փաստարկներով, այո, պետք է ոչնչացնեմ այն ուժին, որը անձնատուր է եղել կոալիցիայի ճարտարապետի՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծրագրին: Տեսեք, թե կոալիցիոն կուսակցությունները ինչպիսի մոլագարությամբ են միմյանց դեմ պայքարում ցանկացած, նույնիսկ ամենափոքր պաշտոնի համար՝ լինի գյուղապետ կամ քաղաքապետ. ՏԻՄ ընտրությունները դա հստակ ցույց տվեցին: Ուրեմն ինչպե՞ս եղավ, որ սահմանադրական հանրաքվեին «այո» ասելու շտաբի ղեկավարի համար այդ պայքարը չծավալվեց»: Պատգամավորը կարծում է, որ այս դեպքում գործելու է հետեւյալ սցենարը՝ մինչեւ հանրաքվեն թմբկահարել ավանդների վերադարձի հարցը եւ հետո այն թաղել: Պատգամավորին զայրացնում է կառավարության պահվածքը. «Այն, որ բյուջեի նախագծում չեն բերել ավանդներին վերաբերող մասը, ցույց է տալիս, որ կոալիցիան կազմակերպված ձեւով այս անգամ էլ է փորձում նույնիսկ բյուջեի քննարկման շրջանակներում վիժեցնել ավանդների հարցի քննարկումը. պատահական չէ, որ ֆինանսների նախարարը նյարդայնացած պատասխանելով իմ հարցին՝ ասաց. «Մենք ավանդների հարցը չենք քննարկում, մենք բյուջեի հարցն ենք քննարկում. ուրեմն ընդունեց, որ ավանդների հարցի քննարկման համար պետք է քննարկման դնել օրինագիծը, որը կա քառօրյայի օրակարգում»: Ըստ մեր զրուցակցի, այսօր խոսքը ոչ թե ավանդների վերադարձի մասին է, այլ՝ «Շնից մազ պոկելու մասին, իհարկե, դա էլ է բարի գործ, բայց, այնուամենայնիվ, խոսքը մարդկանց վաստակի մասին է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել