Ադրբեջանի քաղաքական գործիչները մեկնաբանում
են Ռ. Քոչարյանի հարցազրույցը Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»
գործակալությունը, Ադրբեջանի ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության նախագահ
Ասիմ Մոլլազադեն հայտարարել է, որ «Հայաստանն անում է ամեն հնարավորը կարգավորման
գործընթացին խոչընդոտելու համար, եւ նրա ողջ քաղաքականությունն ուղղված է միջազգային
հանրության ջանքերին խանգարելուն»: Ասիմ Մոլլազադեն ասել է այս մասին՝ մեկնաբանելով
Հայաստանի նախագահի հարցազրույցը Euronews հեռուստաալիքին, որում Ռոբերտ Քոչարյանը
խոսել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդին միջազգային հանրության մեջ ներգրավելու հնարավորություն
ընձեռելու անհրաժեշտության մասին եւ այն վտանգի մասին, որը ներկայացնում է Ադրբեջանի
ռազմական ծախսերի ավելացումը: Մոլլազադեի խոսքերով՝ «Քոչարյանի բոլոր արտահայտությունները
տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված նրա քաղաքականության դրսեւորումներ
են»: «Եթե միջազգային հանրությունն օբյեկտիվ դիրքորոշում որդեգրեր ղարաբաղյան հակամարտության
հարցում, ապա օկուպանտ Հայաստանի նախագահը նման հայտարարություններ չէր անի»,- հայտարարել
է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) նախագահ Աքիֆ Նաղին: Մեկնաբանելով Ռոբերտ
Քոչարյանի հայտարարությունն Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացման մասին, ՂԱԿ նախագահը
նշել է, որ «եթե Ադրբեջանը զինվում է, ապա դա արվում է ընդդեմ օկուպացիայի»: Իր հերթին,
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն
հրաժարվել է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «խաղաղ բանակցությունների
փխրուն, չնայած եւ դրականորեն զարգացող գործընթացում անհավասարակշռություն չմտցնելու
համար»: «Ներքաղաքական փառը, որով պատված են հայկական կողմի հայտարարությունները
եւ ելույթները, արժանի չեն մեկնաբանությունների»,- ասել է Թաղիզադեն: