Նախկին
ոստիկանը դատապարտվեց մարդկանց վաճառքի հոդվածով Երեւանի Կենտրոն
եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ոստիկանության նախկին աշխատակից
Ալիկ Գասպարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրօրի 132 հոդվածով (մարդկանց առեւտուր) եւ
դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով: Հոկտեմբերի 12-ի դատական
նիստին ամբաստանյալը հրաժարվեց նախաքննության ընթացքում տված իր բոլոր 3 ցուցմունքներից,
որտեղ նա իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, եւ ներկայացրեց մեկ այլ պատմություն: Ըստ
Ա. Գասպարյանի՝ ոչ թե ինքն է խաբել գործով տուժող Անահիտին (տուժողի ազգանունը հասկանալի
պատճառով չենք հրապարակում), այլ վերջինս՝ իրեն: Ամբաստանյալն ասում էր, թե Անահիտի
հետ ծանոթությունից հետո վերջինս անընդհատ հետապնդում էր իրեն ու հանդիպումներ պահանջում.
«Իսկ ես փող չունեի նրա հետ հանդիպելու համար: Անահիտն իր ոսկեղենը բերեց, միասին
գնացինք ոսկու շուկա: Ոսկեղենը գնահատեցին 90 դոլար: Իսկ ինքը խաբում, ասում է 400
դոլարի ոսկեղենս»: 90 դոլարը Ալիկը հանձնել է Անահիտին, որից հետո վերջինս իրենց
հանդիպումը կազմակերպելու համար 30 դոլար է տվել Ալիկին: «Էդ 30 դոլարով գնացինք
օբյեկտ: Մի քանի բաժակ խմելուց հետո նա լացելով պատմեց, որ աղջկան մի ոստիկան է բռնաբարել:
Ես առաջարկեցի էդ հարցերը լուծել, բայց Անահիտը ասաց, որ ինքը կզբաղվի այդ խնդրով»,-
դատարանում պատմությունը շարունակեց Ա. Գասպարյանը: Մի քանի օր անց Անահիտը նորից
արտասվելով պատմում է Ալիկին, որ աղջկան խաբեությամբ Դուբայ են տարել, եւ հիմա նա
պետք է դստերը վերադարձնի: Ալիկն էլ Դուբայում ժամանակավորապես բնակվող իր վաղեմի
ընկերուհուն՝ Լուսիկ Քոչարյանին, խնդրում է մուտքի վիզա պատրաստել Անահիտի համար:
Անահիտը մեկնում է Դուբայ: Մեկ ամիս անց մեկնում է նաեւ Ալիկը: Դուբայում գտնվելու
4-րդ օրը Ալիկն «անակնկալի է գալիս. Անահիտը Դուբայ է եկել ոչ թե աղջկան փրկելու,
այլ աշխատելու համար»: Իսկ դատարանում հնչած այն հարցին, թե ինչու է ամբաստանյալը
նախաքննական բոլոր ցուցմունքների ժամանակ իրեն լիովին մեղավոր ճանաչել, Ա. Գասպարյանը
տվեց հետեւյալ անտրամաբանական բացատրությունը. «Դատախազությունում ցուցմունք տալու
ժամանակ քննիչն ասաց, որ լավ կլինի ինձ մեղավոր ճանաչեմ, քանի որ այդ դեպքում ինձ
քրեակատարողական հիմնարկում չեն պահի, ես կգնամ տուն, իսկ դատի ժամանակ կգամ: Ես
չէի ուզում, որ ընտանիքս ինչ-որ բան իմանա: Դրա համար էլ ինձ մեղավոր եմ ճանաչել»:
Նախկին ոստիկանը շատ հանգիստ էր զգում իրեն դատական նիստերի ժամանակ, նա չէր ցանկացել
անգամ պաշտպան ունենալ՝ պատճառաբանելով, թե «օրենքի» մարդ է: Նշենք, որ ամբաստանյալը
նախկինում էլ մեկ անգամ արդեն հայտնվել է մեղադրյալի աթոռին. 1996թ. դատապարտվել
է ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ «Գույքի հափշտակում
գողության միջոցով»: Մեղադրողը դատարանից պահանջեց 6 տարի ազատազրկում սահմանել
Ալիկ Գասպարյանի համար, իսկ Անահիտի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ պահանջեց ամբաստանյալից
բռնագանձել ոսկեղենի դիմաց ստացած 400 ԱՄՆ դոլարը: Դատարանը Ալիկ Գասպարյանին
դատապարտեց 5 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Անահիտի՝ 400 ԱՄՆ դոլարի բռնագանձման
հայցը մերժեց: Ներկայացնենք նաեւ կատարվածի մեկ այլ վարկած, որը հիմնված է
տուժողի պատմածի վրա: Ա. Գասպարյանը 2003թ. հունվարից վարձով ապրում էր Երեւանի Չարենցի
փողոցում բնակվող Ջուլիետա Ավետիսյանի բնակարանում: Թե ինչ մասնագիտություն ունի
ու ինչով է զբաղվում, Գասպարյանը չէր պատմել Ջուլիետային, միայն զրույցներից մեկի
ժամանակ իմիջիայլոց ասել էր, որ բիզնեսմեն է, Դուբայում շքեղ ռեստորան ունի ու բարետես
մատուցողուհիներ է փնտրում: Ջուլիետան էլ հիշել է իր ընկերուհի Անահիտին, որի հետ
2002թ. Մարտունիում աշխատել է մի ռեստորանում: Ջուլիետան զանգում է Անահիտին, հայտնում,
որ նրա համար բարձր աշխատավարձով աշխատանք է գտել: Ալիկը Անահիտի հետ ծանոթանում
է նրա եղբոր տանը: Հետո Անահիտը գրեթե ամեն օր գնում է Ջուլիետայի բնակարան՝ Ալիկի
հետ աշխատանքի պայմանները քննարկելու: Զրույցներից մեկի ժամանակ Ալիկը Ջուլիետային
ասում է, որ նա էլ կարող է մեկնել Դուբայ՝ իր ռեստորանում որպես ափսե լվացող աշխատելու:
Ջուլիետան մեծ ուրախությամբ համաձայնվում է: Ալիկը վերցնում է երկու ընկերուհիների
անձնագրերը, զանգում Դուբայում գտնվող իր «գործընկերոջը»՝ Լուսինե Քոչարյանին ու
խնդրում մուտքի վիզաներով զբաղվել: «Ես երբեք Հայաստանի սահմաններից դուրս
չեմ գնացել, դրա համար էլ չէի կարող առանց Ալիկի մեկնել: Ոչ տեղ գիտեմ, ոչ՝ լեզու,
գնայի՝ ի՞նչ անեի»,- ասում է Ջ. Ավետիսյանը: Մի քանի ամիս անց Ջուլիետային է զանգում
Անահիտը եւ արտասվելով պատմում, որ Ալիկն ու Լուսինեն իրեն խաբել են ու ստիպում են
մարմնավաճառությամբ զբաղվել: Նա ընկերուհուն զգուշացնում է, որ հանկարծ Դուբայ չգա:
Երկու ամիս հետո Անահիտը զանգում է Երեւան՝ ընկերուհիներից մեկին: Նրան հայտնում
են, որ Անուշ անունով մեկը, որին «Մամա Ռոզա» են անվանում, ոմն բանգլադեշցի Նելլիի
միջոցով Անահիտի ավագ դստերը՝ այն ժամանակ անչափահաս, 17-ամյա Մ.-ին, Դուբայ է բերում,
եւ նրանք արդեն Մոսկվայում են: Սարսափահար Անահիտը զանգում է Անուշին ու խնդրում
աղջկան Դուբայ չբերել: 9 ամիս հետո Անահիտը ընկերուհիներից մեկի հետ փախչում է: Ծանոթանում
է մի արաբի հետ, որի օգնությամբ էլ ոստիկանների միջոցով վերցնում է անձնագիրը: Անձնագրի
մի էջը պատռված է լինում, իսկ նկարը՝ նորից սոսնձված: Հուլիսին Դուբայի ոստիկանությունը
Անահիտին ձերբակալում է ու արտաքսում Հայաստան: Անահիտն իր երեխաներին դեռ չի տեսել,
նրանք սկեսրոջ հետ են ապրում՝ Լաչինում: «Այս ամբողջը երբ ավարտվի, անպայման նրանց
մոտ կգնամ: Վստահ եմ, որ Մ.-ն ոչինչ չի ասել նրանց: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ ամեն
ինչ ավարտված է»: ՎԱՐԴՈՒՀԻ ԶԱՔԱՐՅԱՆ www.hetq.am