Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր գնահատական, բարձր թվեր

Հոկտեմբեր 27,2005 00:00

ՀՀ-ում ՁԻԱՀ-ի կանխարգելման համար հսկայական
գումարներ են ծախսվում, բայց տարեցտարի վարակի դեպքերի աննախադեպ ցուցանիշներ են
գրանցվում: Վերջերս «Գլոբալ հիմնադրամը» մեծ հանդիսավորությամբ
Հայաստանին տրամադրեց եւս 4 մլն դոլարի դրամաշնորհ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային
ծրագրի իրականացման համար: Թե կոնկրետ ինչպես պետք է ծախսեն այդ գումարները՝ ՁԻԱՀ-ի
կանխարգելման հանրապետական կենտրոնից հայտնեցին, որ կա հստակ ծրագիր, բայց այդքան
էլ հեշտությամբ չեն կարող պատասխանել. «Հիմա կենտրոնի տնօրենը որոշում է ընդունել
տպագիր լրատվամիջոցների միայն գրավոր հարցերին պատասխանել եւ միայն գրավոր տարբերակով,
որ հետո մեր պատասխանները չաղավաղվեն»: Իսկ գրավոր հարցերին, ըստ կենտրոնի լրատվականի,
կպատասխանեն մյուս շաբաթ՝ «պետք է պատասխանները հավաքենք, ամփոփենք, էդքան հեշտ չի»:
Ամեն դեպքում, կենտրոնից մեզ «հանգստացրին», որ գումարն իրենց առձեռն չեն տալիս,
այլ՝ միայն սարքավորումների ու դեղորայքի տեսքով: Իրականացվելիք ծրագրերի մասին կարելի
էր տեղեկանալ նաեւ կանխարգելման ազգային ծրագրից, սակայն առողջապահության նախարարությունից
մեզ ասացին, որ դա իրենց ձեռքի տակ չկա, պետք է դիմեք կանխարգելման կենտրոնին, կենտրոնից
էլ թեեւ հավաստեցին, որ «դա բաց ինֆորմացիա է, ոչ մի գաղտնիք չկա, էլեկտրոնային փոստով
կուղարկենք», սակայն այդպես էլ չուղարկեցին: Մնում էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի մասին «կռահումներ»
անել «Գլոբալ հիմնադրամի» դրամաշնորհի շահառու «Վորլդ Վիժն» կազմակերպության տրամադրած
տեղեկատվությունից: Նախ, հիմնադրամի կողմից անցյալ տարի արդեն տրամադրվել է 3.2 մլն
դոլար, իսկ 4 մլն-ը նախատեսված է եղել ծրագրի երկրորդ փուլով: Դրամաշնորհի հանձնման
արարողության ժամանակ հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի
մենեջեր Վալերի Չերնյավսկին առաջին փուլի աշխատանքներն «արժանացրել է բարձր գնահատականի»՝
ասելով, որ գումարները ծախսվել են ըստ նշանակության: Սակայն, ըստ «Վորլդ Վիժնի» 2004-ի
տարեկան զեկույցի, կարելի է եզրակացնել, որ գումարները հիմնականում ծախսվել են հիվանդների
վրա, այսինքն՝ ոչ թե կանխարգելելու, այլ հիվանդներին «դուխ տալու», բուժելու վրա:
Օրինակ, բացի հետազոտական եւ խորհրդատվության կետեր ստեղծելուց, դեղորայք գնելուց,
մի հսկայական գումար ծախսվել է առողջապահական ոլորտի մասնագետներ վերապատրաստելու
համար, որ կարողանան ՁԻԱՀ-ով հիվանդների հետ ճիշտ հոգեբանությամբ, «հավասարը հավասարին»
մեթոդով աշխատել: Իսկ ինչ վերաբերում է հիվանդության կանխարգելման աշխատանքներին՝
ընդամենը 31 հազար տեղեկատվական նյութեր են տպագրվել եւ 23 հազար պահպանակներ են
բաժանվել երիտասարդության եւ, չգիտես ինչու, բանակային անձնակազմի շրջանում: Այդ
տեղեկատվական նյութերի արդյունավետությանը «Առավոտն» իր նախորդ համարներից մեկում
արդեն անդրադարձել է, իսկ թե պահպանակները երբ եւ ինչպես են բաժանել երիտասարդներին,
կենտրոնից կպատասխանեն հաջորդ շաբաթ: Մեր ունեցած տեղեկատվությամբ՝ առայժմ անվճար
պահպանակներից օգտվել են միայն լրագրողներն ու օպերատորները, որովհետեւ դրանք «հրամցվել»
են ասուլիսների ու նման միջոցառումների ժամանակ: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի
հրապարակած վերջին տվյալներով՝ 2005-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել
են ՄԻԱՎ վարակի դեպքերի ամենաբարձր ցուցանիշները: Սա արդեն իսկ խոսում է այն մասին,
որ ռազմավարությունը սխալ է մշակված, եւ գումարները նպատակային չեն ծախսվել, սակայն
կենտրոնի լրատվական ծառայության պատասխանատուի դիտարկմամբ՝ ցուցանիշներն ավելանում
են, որովհետեւ մարդիկ սկսել են վստահել հետազոտական կենտրոններին ու շատ դիմել: Հ.
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել