Նոր
պատերա՞զմ Մինչ ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունները
սպասում են Իրաքում 2000-երորդ ամերիկացու զոհվելու լուրին (նախօրեին այդ թիվը 1999
էր. ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2000-երորդ զոհն, այնուամենայնիվ, գրանցվել է)՝
իբրեւ բողոքի միասնական եւ «աննախադեպ» գործողությունների դիմելու ազդանշան, մերձավորարեւելյան
տարածաշրջանում արագորեն հասունանում է բավականաչափ վտանգավոր առճակատման մի նոր
սպառնալիք: Այս անգամ ամերիկյան անբարեհաճության թիրախում է հայտնվել Սիրիան, որը
ՄԱԿ-ի հետաքննական հանձնախմբի կողմից «կասկածվում» է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ
Հարիրիի սպանությանը մեղսակցելու մեջ: Այս պարագայում,
սակայն, իրադրությունը յուրահատուկ է նրանով, որ պաշտոնական Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ
գործադրելու խնդրում ԱՄՆ-ին եռանդուն կերպով զորակցում են նաեւ նրա երբեմնի եվրոպական
ընդդիմախոսներն ու, մասնավորաբար, Ֆրանսիան: Ավելին, հենց վերջինիս հեղինակությամբ
է ստեղծվել սիրիական թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացված
բանաձեւի նախագիծը, որն արդեն իսկ որոշ քաղաքագետների կողմից հասցրել է որակվել իբրեւ
«վիշապային»: Ի՞նչ է այն ներկայացնում. նախագիծը նախ եւ առաջ ենթադրում է
Հարիրիի սպանության գործին առնչվող բոլոր անձանց բանկային հաշիվների սառեցում: Ապա՝
սիրիական իշխանությունների առջեւ անվերապահ պահանջ է դրվում որեւէ կերպ չխոչընդոտել
երկրի սահմաններից դուրս գտնվող Սիրիայի ցանկացած քաղաքացու հարցաքննությանը, ինչը,
ի դեպ, կարող է անցկացվել առանց պաշտոնական Դամասկոսի ներկայացուցչի մասնակցության:
Փաստաթղթի ընդունման դեպքում Դամասկոսը պարտավորված կլինի «առանց որեւէ նախապայմանի»
միջազգային հետաքննիչներին հանձնել պահանջված բոլոր կասկածյալներին: Նախագծում Սիրիայի
իշխանություններին նաեւ կոչ է արվում հրաժարվել ահաբեկչության աջակցման բոլոր ձեւերից
եւ կոնկրետ օրինակներով ապացուցել ահաբեկչության մերժման գաղափարին իրենց նվիրվածությունը:
Եվ, վերջապես, ամենաէականը. վերը նշված պահանջներից որեւէ մեկի չկատարման դեպքում
ԱԽ-ն Սիրիայի նկատմամբ կգործադրի ճնշման «հետագա միջոցներ», այդ թվում՝ տնտեսական
պատժամիջոցներ: Եվ երկու շատ կարեւոր հանգամանք, որոնք առավել տեսանելի են
դարձնում վերջին շրջանում Սիրիայի շուրջ ստեղծված իրադրության ողջ լրջությունը: Մի
կողմից, սպասվելիք հասարակական հզոր ճնշման պարագայում անգամ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը
չի բացառում Սիրիայի դեմ զինված արշավ սկսելու հնարավորությունը, մյուս կողմից՝ Սիրիայի
խիստ անհանգստացած ղեկավար Բաշար Ասադը փութով զանգահարում է Մոսկվա՝ հայցելով ՄԱԿ-ի
ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող Կրեմլի աջակցությունը: Եվ որ էական է՝ առայժմ, գոնե
բանավոր, ստանում է այն: Սպասենք դեպքերի զարգացմանը: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ