Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵՋ

Հոկտեմբեր 27,2005 00:00

Գյումրիում
«Արդարության» եւ «Ազգային միաբանության» անդամները պաշտպանում էին իշխանության ներկայացուցիչներին,
ովքեր 2003-ի ընտրություններում թիմակից էին եւ պայքարում էին ընդդիմության դեմ:
Մեղմ ասած՝ խորամանկում էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,
երբ ընտրություններից առաջ հայտարարում էր, թե իրեն որեւէ քաղաքական ուժ չի սատարում,
«բայց ինձ սատարում են իմ ժողովուրդը եւ Աստված»: Իր նախընտրական շտաբ այցելած լրագրողների
առջեւ նա քաշում էր պատուհանի վարագույրը եւ հպարտանում. «Հըբե աշե, եկեղեցին կողքս
է»՝ իբրեւ ապացույց, որ Աստված աջակցում է իրեն: Սակայն ինչ վերաբերում է քաղաքական
ուժերին՝ ոչ միայն ՕԵԿ-ն ի սկզբանե պաշտպանեց Վարդան Ղուկասյանի թեկնածությունը,
այլ նաեւ նման հայտարարություն արեց «Նիգ-Ապարան» հասարակական կազմակերպությունը:
«Ժողպատգամավոր» խումբն էլ հանձնաժողովում իր տեղերը տվեց գործող քաղաքապետին: Իսկ
ամենահետաքրքիրը հետեւյալն է՝ եթե «Արդարություն» խմբակցության տեղերը հանձնաժողովներում
հանրապետական պատգամավոր Մարտին Սուքիասյանինն էին, ապա «Ազգային միաբանության» տեղերում
հայտնվել էին Վարդան Ղուկասյանի կողմնակիցները: Այս փաստի մասին մեզ հայտնեց տեղի
իշխանավորներից մեկը, որը հեգնանքով նետեց. «Երեւի Գյումրիում քիչ էին ձվերով խփել
Գեղամյանին»: Վերջինս նման պնդումները համարեց պարտվածների արդարացում ու պնդեց,
թե հանձնաժողովների տեղերը համալրել են բացառապես «Ազգային միաբանության» անդամները,
իսկ թե ինչ համակրանքներ են ունեցել նրանք՝ արդեն այլ խնդիր է: «Հանրապետության»
անդամներն էլ Մարտին Սուքիասյանի համար էին տեղամասերում կռիվ տալիս: Սակայն կուսակցության
քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մեզ հայտնեց. «Հանրապետությունը» որեւէ կերպ չի
մասնակցել ո՛չ Գյումրիի, ո՛չ էլ ընդհանրապես ՏԻՄ ընտրություններին: Մեր կուսակցությունում
կան բազմաթիվ երկրապահներ: Նրանք այս հարցում առաջնորդվել են ԵԿՄ որոշմամբ եւ պաշտպանել
Մարտին Սուքիասյանին»: Պնդում են, թե Վարդան Ղուկասյանը վայելում էր նաեւ
կրիմինալի, դատախազության եւ ոստիկանության աջակցությունը: Հենց այս հանգամանքով
եւ ոչ թե օրենքով գողերի հետ ճաշկերույթով («Ո՞ր ոստիկանապետը չի շփվում օրենքով
գողերի հետ»,- վստահեցնում էին իրազեկ անձինք) էին պայմանավորում այն, որ ընտրություններից
առաջ ազատվեց Գյումրիի ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանը, որ Մարտին Սուքիասյանի սանիկն
է: Իրավապահների աջակցությունը Վարդան Ղուկասյանին այնքան ակնհայտ էր, որ Շիրակի
մարզպետ Ռոմիկ Մանուկյանը փոքր-ինչ վերապահումով խոսեց, երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք
գործ հարուցվելո՞ւ է այն կապակցությամբ, որ քվեարկության օրը ժամը 19-ին մի քանի
հաղթանդամ երիտասարդներ ներխուժել էին Մարտին Սուքիասյանի նախընտրական շտաբ եւ բռնություն
գործել ներսում գտնվողների նկատմամբ: «Ե՛վ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ե՛ւ
քվեարկության ընթացքում, այո, արձանագրվել են միջադեպեր,- ասաց մարզպետը:- Եվ հույս
ունենք, որ իրավապահ մարմիններն ընթացք կտան այդ օրինախախտումներին»: Մինչդեռ
հույսը, թե ընթացք կտրվի ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին՝ արդեն իսկ մարեց:
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 25-ին հաստատել է Գյումրիի
ընտրություններում արձանագրված արդյունքները: Հանձնաժողովը ստացել էր Մարտին Սուքիասյանի
շտաբից դիմում-բողոք՝ ընտրությունների ընթացքում 12 ընտրատեղամասերում գրանցված բազմաթիվ
խախտումների եւ ընտրակեղծիքների վերաբերյալ, սակայն այն չի քննարկվել: Խախտումների
մասին մեր զրույցի ընթացքում վկայեց նաեւ Ռոմիկ Մանուկյանը. «Ցուցակների վերջին փոփոխությունների
հետեւանքով որոշ ընտրողներ չգտան իրենց ընտրատեղամասերը եւ չիմացան, թե որտեղ են
քվեարկելու: Սա մտահոգիչ է: Շաբաթ օրով էին նույնիսկ ցուցակ փոխել: Մարդիկ եղան,
որ նախկինում եկել, տեսել էին, որ իրենց անունը կա ցուցակում, իսկ ընտրության օրը
չգտան»: Փաստ է արձանագրված, որ մի դեպքում նույնիսկ հանձնաժողովի նախագահն է տուն
տարել ցուցակները: Անկազմակերպվածության եւս մի ապացույց. «Զանգակ» նախակրթարանում
տեղակայված ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահն ասում էր, թե հեռախոսը եւ չհրկիզվող
պահարանը բերել է իրենց տանից: Շիրակի մարզպետն այս առնչությամբ նկատեց. «Տեղամասերի
կահավորումը գույքով համայնքապետի պարտականությունն է»: Այսինքն՝ դարձյալ Գյումրիի
քաղաքապետի աշխատանքի թերացումն է՝ գուցե միտումնավո՞ր: Ռոմիկ Մանուկյանի
համար մտահոգիչ էր նաեւ քվեարկության վերջին 3 ժամվա ընթացքում ընտրողների մեծ հոսքը.
«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ժամը 17-ին հրապարակեց 27 հազար ընտրողի
մասնակցության վերաբերյալ տվյալ: Եվ հանկարծ 20:00-ին արձանագրվեց 18 հազար ընտրողի
տարբերություն: Ուրեմն՝ կա՛մ այդ պահին 27 հազարը սուտ տեղեկատվություն էր, կա՛մ
էլ հաջորդող 3 ժամերին են «աշխատել»՝ բերելով»: Շիրակի մարզպետը համարում
է, թե 3-րդ թեկնածուն՝ «Ազգային միաբանության» նախկին անդամ Մարզպետունի Մարգարյանը
Վարդան Ղուկասյանի կողմից էր ներդրված՝ ձայներ տանելու համար. «Վարդան Ղուկասյանը
հայտարարեց «Շանթ»-ով, որ եթե բողոքներ լինեն՝ ուղարկեք իմ կամ Մարզպետունի Մարգարյանի
շտաբ: Տրամաբանական է ենթադրել, թե կար համագործակցություն: Նա հատուկ դրված էր խանգարելու
համար»: Մինչդեռ ՀՅԴ-ն, ըստ նրա, այս հարցում չի վարում «կուզեկուզ ուղտի»
քաղաքականություն. «Վարդան Ղուկասյանը 3 անգամ համայնքապետ է ընտրվել, եւ որեւէ անգամ
(ես նույնիսկ իշխանության ղեկին էլ չեմ եղել) ՀՅԴ-ն չի պաշտպանել նրան: Այստեղ կապ
չունեն մարզպետ-Վարդանիկ հարաբերությունները»: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն
ընտրություններից առաջ էր հայտարարել, թե «հանրապետության երկրորդ քաղաքում պետք
է լինի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, եւ քաղաքի բարի համբավը պետք է վերականգնվի:
Մինչդեռ վերջին իրադարձությունները՝ կրակոցներ եւ այլն, բոլորովին այլ բանի մասին
են խոսում»: Մեր հարցին, թե Վարդան Ղուկասյանի վերընտրությունը նշանակո՞ւմ է, որ
Գյումրիում շարունակելու է պահպանվել անառողջ մթնոլորտը՝ Ռոմիկ Մանուկյանը պատասխանեց.
«Ամեն դեպքում՝ հույս ունեմ, որ հաշվի կառնվեն այն բացասական գնահատականները, որ
ընտրապայքարի ժամանակ հնչեցին քաղաքապետի հասցեին: Պետք է փոխի իր քաղաքականությունը
եւ իր աշխատանքով դառնա համայնքի ընդհանուր ղեկավար»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել