Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ

Հոկտեմբեր 26,2005 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահը նախ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրեց օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք վերաբերում էին 2005 թվականի «Համերաշխության վճարի» բաշխմանը, բարձրագույն խմբի առաջնության խաղերի հեռուստահեռարձակման իրավունքները ՀՖՖ-ին փոխանցելուն, մրցավարության բարելավմանը կոչված կանոնակարգային փաստաթղթերի քննարկմանը: Ներկայացնելով 2005 թվականի «Համերաշխության վճարի» բաշխմանը վերաբերող հարցը, ՀՖՖ նախագահը նշեց, որ «Համերաշխության վճարը» լուրջ խթան է հայկական ֆուտբոլային տնտեսության, հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման գործում, եւ որ ՀՖՖ-ն լուրջ վերահսկողություն է իրականացրել եւ իրականացնելու, որպեսզի «Համերաշխության վճարը» ծառայի միմիայն նշված նպատակների համար: Այդ առումով ՀՖՖ նախագահը բավարար համարեց իրավիճակը բարձրագույն խումբը ներկայացնող ակումբներում՝ նշելով, որ որոշակի խնդիրներ կան դեռեւս առաջին խումբը ներկայացնող ակումբների հարցում, քանզի զգալով ֆինանսական միջոցների պակաս, երբեմն առաջին խումբը ներկայացնող ակումբները ցանկություն են ունենում դրանք լրացնել «Համերաշխության վճարի» հաշվին, ինչը թույլատրելի չէ: ՀՖՖ գործադիր կոմիտեն, մտքերի փոխանակումից հետո, որոշեց բարձրագույն խմբի ակումբներին հատկացնել 22000-ական, իսկ առաջին խմբի ակումբներին՝ 12000-ական շվեյցարական ֆրանկ, կրկին հաստատելով, որ գումարները ակումբների հաշվին կփոխանցվեն միմիայն ծրագրային բոլոր փաստաթղթերը ակումբների կողմից պատշաճ ներկայացնելու դեպքում: Օրակարգի երկրորդ հարցը կրկին ներկայացրեց ՀՖՖ նախագահը: Անդրադառնալով ինչպես եվրոպական, այնպես էլ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող ակումբների փորձին՝ ՀՖՖ նախագահը նշեց, որ ընդունված է հեռուստահեռարձակման իրավունքների փոխանցումը պրոֆեսիոնալ լիգաներին կամ ազգային ֆեդերացիաներին, քանզի այդ պարագայում ավելի մեծանում է կենտրոնացված մարքեթինգային աշխատանքների հնարավորությունը: Ինչպես նշեց ՀՖՖ նախագահը, Հայաստանի համար այս քայլը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քանզի այսօր մեր ոչ բոլոր ակումբներն ունեն հնարավորություն՝ վաճառելու բարձրագույն խմբի առաջնության հեռուստահեռարձակման իրենց իրավունքները եւ ոչ բոլոր ակումբներն ունեն հնարավորություն եւ միջոցներ՝ կատարելու մարքեթինգային հետազոտություններ, գովազդային շուկաների ուսումնասիրություններ: ՀՖՖ նախագահը նշեց, որ եթե ազգային ֆեդերացիան կարողանա գտնել լուրջ գործընկերներ, որի նախադրյալները կան եւ մեծ են, այդ պարագայում բոլոր ակումբները կկարողանան օգտվել ստացված ֆինանսական միջոցներից, որն էլ իր հերթին լրացուցիչ խթան կհանդիսանա ինչպես ակումբային ֆուտբոլի, այնպես էլ ֆուտբոլային տնտեսության զարգացման համար: Գործադիր կոմիտեի անդամները կարծիքներ հայտնեցին պայմանագրերի կնքման ընթացակարգերի, բարձրագույն խմբի հեռուստահեռարձակման իրավունքների տրամադրման պայմանագրային առանձնահատկությունների մասին, ինչը, բնականաբար, կքննարկվի հանգամանորեն: Քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն հավանություն տվեց բարձրագույն խմբի առաջնության խաղերի հեռուստահեռարձակման իրավունքները ՀՖՖ-ին փոխանցելուն: Օրակարգային երրորդ հարցը ներկայացրեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Անդրադառնալով մրցավարական համակարգի բարելավմանն ուղղված ՀՖՖ-ի հայեցակարգային մոտեցումներին՝ նա գործադիր կոմիտեին տեղեկացրեց, որ մասնագետների, փորձագետների մեծ խմբի երկարատեւ աշխատանքի արդյունքում այսօր արդեն ստեղծվել են ՀՖՖ-ի «Մրցավարական կոմիտեի կանոնադրություն», «Կանոնակարգ ֆուտբոլի մրցավարական կարգերի եւ կոչումների շնորհման», «Կանոնակարգ մրցավարական բաժանմունքի աշխատանքների կազմակերպման», «Կանոնակարգ մրցավարների պատասխանատվության մասին» փաստաթղթերը եւ համառոտ անդրադարձավ դրանց բովանդակությանը: Անդրադառնալով այդ կարեւորագույն խնդրին, ՀՖՖ նախագահը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետեւողականորեն քայլեր է ձեռնարկել եւ շարունակում է ձեռնարկել հայկական ֆուտբոլում մրցավարությունը առավել բարելավելու, մրցավարական համակարգը եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու ուղղությամբ եւ առաջարկեց ՀՖՖ գործադիր կոմիտեին՝ լրջորեն ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը՝ դրանք առաջիկա գործադիր կոմիտեի նիստում հանգամանորեն քննարկելու եւ ընդունելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել