Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ դոկտորը հրաժարվեց վարչապետի գովասանագրից

Հոկտեմբեր 26,2005 00:00

Ինչո՞ւ դոկտորը հրաժարվեց վարչապետի գովասանագրից Եվ ինչո՞ւ ԲՈՀ-ը դոկտորի հետ «չունի» Մեր թերթի հոկտեմբերի 13-ի համարում հրապարակված «Մանկավարժականում դիսերտացիաներ են «թխվում» հրապարակման առնչությամբ իր մեկնաբանությունները անելու ցանկություն հայտնեց բուհի մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոկտոր Արամ Վերդիի Աբրահամյանը: Վերջինս, բացի խմբագրություն այցելելը, նախապես նամակ էր ուղարկել խմբագրություն, որտեղ հոդվածի հեղինակի մասին դոկտորին անվայել որակումներ էր տվել, որոնց մենք, բնականաբար, չենք անդրադառնում: Պրն Աբրահամյանը մեզ հետ զրույցում հատկապես դժգոհում էր հոդվածում արտահայտված այն մտքից, որ ինքը ռեկտորի մտերիմն է, ու ռեկտորն էլ, առանց իր հետ համաձայնեցնելու, ոչ մի հարց չի լուծում: «Բացարձակ սուտ է՝ այդ բառի բացարձակ իմաստով: Համալսարանի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը լսում է բոլորին, բայց ունի լսելու, դատելու եւ ինքնուրույն որոշումներ ընդունելու որակներ»,- ասում է Ա. Աբրահամյանը եւ փորձում ապացուցել, որ ռեկտորի հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ: «Եթե ռեկտորն ինձ հետ լավ լիներ, համալսարանի 80-ամյակին, երբ իմ 70-ամյակն էր ու մանկավարժական գործունեությանս 50-ամյակը, ինձ էլ մեդալ կամ շքանշան կտար»: Բանն այն է, որ ռեկտորը նշյալ առիթով շքանշանների, մեդալների եւ զանազան այլ պարգեւների է ներկայացրել որոշ դասախոսների, իսկ պրն Աբրահամյանին միայն բաժին է հասել վարչապետի գովասանագիրը: Վերջինս էլ է, բնականաբար, ռեկտորի առաջարկով տրվել, սակայն դա պրն Աբրահամյանը ընկալեց իբրեւ լուրջ վիրավորանք, եւ ավելացրեց, որ ինքը հրաժարվել է այդ գովասանագրից: Ինչ վերաբերում է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) վրա ազդելու լծակներ ունենալուն, ինչի օգնությամբ Արամ Աբրահամյանը կարող էր դոկտորի աստիճան «շնորհել» որեւէ մեկին, ապա «եթե ես նման լծակներ ունենայի՝ վաղուց, դոկտորի աստիճանից հետո պրոֆեսորի կոչում էլ կստանայի»: Մեր հրապարակման մեջ, սակայն, խոսքը գիտխորհրդի՝ տվյալ աստիճանը շնորհելու առաջարկի եւ այդ հարցում պրն Աբրահամյանի մեծ դերակատարության մասին էր: Իսկ առաջարկն ի վերջո հաստատում կամ մերժում է ԲՈՀ-ը: «Իմ վերաբերմունքը ԲՈՀ-ի նկատմամբ վատ չէ, իսկ ԲՈՀ-ի վերաբերմունքն իմ նկատմամբ՝ վատ»,- առանց մանրամասնելու ասաց պրն Աբրահամյանը: Այլ աղբյուրներից մեզ հաջողվեց պարզել, թե ինչու է ԲՈՀ-ը Ա. Աբրահամյանի հետ վատ: Հանձնաժողովից մեզ տեղեկացրին, որ երբ 2002 թ. բուհի գիտխորհուրդը միջնորդություն է ներկայացրել Արամ Աբրահամյանին պրոֆեսորի կոչում շնորհելու վերաբերյալ, ԲՈՀ-ը չի հաստատել այն, որովհետեւ միջնորդությունը չի համապատասխանել կոչման համար կարգով սահմանված չափանիշներին: Մասնավորապես՝ պրն Աբրահամյանը միջազգային գիտական ամսագրում համապատասխան հոդված չի ունեցել, որը պարտադիր պայման է դոկտորի ատենախոսության համար: Մեր հարցին, թե, ի վերջո, մանկավարժականում գիտխորհրդի որոշումները որեւէ մեկին որեւէ կոչման առաջադրելու կամ դիսերտացիաներ գրելու հարցում ազնիվ եւ արդար ճանապարհներո՞վ են լինում, պրն Աբրահամյանը պատասխանեց. «Ինչպես ժխտել, այնպես էլ հաստատել չեմ կարող»: Ա. Աբրահամյանը նաեւ հերքում է լուրերն այն մասին, թե ինքը որեւէ մեկի ատենախոսությունը գրել է: Մեր ձեռքի տակ կան որոշակի փաստաթղթեր, որոնք վկայում են, որ բուհում ատենախոսություններն իսկապես «թխվում» են: Ապացույցները կարող ենք ներկայացնել դատարանում, եթե բուհը վերջնականապես որոշի մեզ դատի տալ: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել