Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԳՈՂԱՆԱՐ»

Հոկտեմբեր 26,2005 00:00

ՄԻ ԳՈՂԱՆԱՐ» Կառավարությանը հիշեցնում է Վիկտոր Դալլաքյանը Խորհրդարանում երեկ քննարկվում էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Միակ ակտիվը «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր, որն էլ խորհուրդ տվեց կառավարությանը, հիշել Աստվածաշնչյան 10 պատվիրաններից մեկը՝ «Մի գողանար», եւ եթե կառավարությունը դա կարողանա անել, կաշառակերության ծավալները կնվազեն եւ չի լինի այն, ինչ կա այսօր Հայաստանում, իսկ Հայաստանում, ըստ Վիկտոր Դալլաքյանի, այսօր կա հետեւյալը. «Ժողովրդից իշխանությունները գողանում են եւ նրան կոպեկներ են տալիս»: «Ժողովրդին մուրացկան մի դարձրեք»,- պահանջում է պարոն Դալլաքյանը: «Նվազագույն ամսական աշխատավարձի» մասին օրենքում կատարվող փոփոխություններին կից կառավարության հիմնավորման մեջ անգամ ընդունվում է, որ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը խիստ ցածր է աշխարհում ընդունված չափերից, որ դա նույնիսկ երկու անգամ ցածր է ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կենսապահովման նվազագույն բյուջեի չափից: 2004-ից հաստատված 13 հազար դրամ նվազագույն աշխատավարձը, ըստ առաջարկվող փոփոխությունների, չնչին ավելացում կունենա: Եվ այս իմաստով ավելի քան զվարճալի է դառնում կառավարության հետեւյալ հիմնավորումը. «2004-ի հունվարին նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 13 հազար դրամ, որը գործում է մինչեւ օրս եւ այժմ մոտ 2 անգամ ցածր է ՀՀ առողջապահության նախարարության սահմանած կենսապահովման նվազագույն բյուջեի չափից: Գործող նվազագույն աշխատավարձը այլեւս չի հանդիսանում պետության եկամտային քաղաքականության գործիք եւ, փաստորեն, կորցրել է իր գործառույթները»: Եվ ընդամենը մոտ երկու հազար դրամով ավելացումը, ըստ իշխանությունների, կնպաստի աղքատության հաղթահարմանը, կվերականգնի նվազագույն աշխատավարձի դերը պետության եկամտային քաղաքականության իրականացման ոլորտում: Ո՞վ է սեփականացնում «Հանրապետականի» ծառը Թերեւս չարժեր սրանից մեծ աղմուկ սարքել, սակայն կոալիցիայի անդամ երեք քաղաքական ուժերն առանձին-առանձին փորձում են այս «հաղթանակը» իրենց վերագրել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին սա ամենեւին դուր չի գալիս: Նա այսօրվա քաղաքական կյանքի որոշ ներկայացուցիչների, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմության, այլեւ՝ իշխանությունը ներկայացնող, համեմատում է «ընկեր փանջունիների» հետ, որոնք փորձում են ուրիշի արածն իրենց վերագրել. «Այս օրերին էլ, եթե տեսնում եք, սոցիալականին վերաբերող օրենսդրության քննարկումների ընթացքում քաղաքական թիմերը փորձում են անընդհատ խաղալ դրա վրա, մի տեսակ առաջացել է Փանջունու թիկնոց հագած պատգամավորների, քաղաքական գործիչների շարք, որ մտածում են ինչքան կարող են ձեռքբերումներն իրենց վրա վերցնել, նկատի ունեմ ոչ միայն ընդդիմությանը, այլեւ՝ դիմությանը: Կարծում եմ, եթե նման ճանապարհով գնա «Հանրապետականը», միանշանակ կարող է ասել, որ մեկնարկը վերցրել է 72 միլիարդ պարտքով եւ այդ պայմաններում ե՛ւ պարտքն է փակվել, ե՛ւ տնտեսական զարգացումներ կան: Բայց մենք ասում ենք հետեւյալը. այս ամենի մեջ դերակատարություն ունի ոչ միայն «Հանրապետականը», այլեւ՝ բոլորը: Կառավարությունը բերում է սոցիալականին նպաստող օրինագծեր եւ այս կամ այն կուսակցության կողմից փորձ է արվում սեփականաշնորհել այդ ամբողջ գործընթացը եւ ժողովրդի առջեւ այդպես հանդես գալ: Եթե քաղաքական դաշտը շարունակի գնալ այս ճանապարհով, մոտ երկու ամիս հետո արդեն խոսք կգնա մեծապատիվ մուրացկանների մասին, որոնք իրենց վերագրումներն են կատարում: Մեկ անգամ ասել եմ, որտեղ «Հանրապետականը» դրոշ է խփում կամ ծառ է տնկում, մնացածները հավաքվում են եւ ասում են՝ «Այս ծառն իմն է, այս սարն իմն է»: Հետաքրքրվեցինք, արդյո՞ք պարոն Սահակյանը նկատի ունի նաեւ կոալիցիոն գործընկերներին, պարզվեց՝ այո. «Ինչո՞ւ չէ, նաեւ մեր ներսում»: Նա վստահ է, որ եթե սահմանադրական հանրաքվեի արդյունքում. «լավ բերքահավաք ստացվի, նորից Փանջունու թիկնոց հագած, նորից մեծապատիվ մուրացկանները կսկսեն իրենց վրա վերագրումներ անել: Մենք պատրաստ ենք ավելի լուրջ գործընթացների, քան այսօրվա խնդիրները ոտքի վրա լուծելն է»,- իր կոալիցիոն գործընկերների ժողովրդահաճո ելույթներին եւ պահվածքին անդրադառնալով՝ ասաց նժդեհականը: Ամենասոցիալականը Դաշնակցությունն է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը հիշեցնում է, որ դաշնակցության նախընտրական ծրագրում երկու խնդիր էր դրված՝ սպառողական նվազագույն զամբյուղի հաստատումը, որը կառավարությունը արդեն երկու տարի շարունակ չի ներկայացնում խորհրդարանին, եւ բյուջեի քննարկումների ժամանակ դաշնակցությունը պատրաստվում է այդ հարցը բարձրացնել: Հաջորդը հենց նվազագույն աշխատավարձի խնդիրն է, որը ՀՅԴ-ն ձգտելու է մինչեւ 2006-2007 թթ. նվազագույն աշխատավարձի շեմը մոտեցնել առնվազն 20 հազարի. «Եթե այս երկու խնդիրները կատարվեն, այսինքն, եթե հաստատվի սպառողական զամբյուղը եւ դրանով հաշվարկվի աշխատավարձը, իսկ օրենքն այդպես է դրված, ապա մենք կունենանք որակական տեղաշարժ եւ կոալիցիոն այն ծրագիրը, որի համար դաշնակցությունը նաեւ ոլորտային պատասխանատվություն է ստանձնել, ըստ էության կիրականանա»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել