Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Է ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

Հոկտեմբեր 26,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Է ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին շատ դուր եկավ «Հանրապետություն» կուսակցության փորձը, որն իր 5-րդ արտահերթ համագումարն անցկացրեց բացօթյա: Մատենադարանից երեկ դուրս եկող տո ւրիստական խմբերն իբրեւ էկզոտիկա տեսանկարահանում էին «Հանրապետության» այս աննախադեպ համագումարը, որին, ըստ ներկայացվածի՝ մասնակցում էին կուսակցության 523 պատվիրակներ ու բազմաթիվ հյուրեր: Ներկա էր անգամ երգիչ Արթուր Իսպիրյանը, որը մեզ հայտնեց, թե իրեն ուղղակի հետաքրքիր է՝ ինչ է կատարվում: «Որեւէ կուսակցության համագումարը բացօթյա անցկացնելը Հայաստանի քաղաքական դաշտում արտառոց երեւույթ է»,- հայտարարեց «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը եւ հույս հայտնեց, որ սա կլինի նման վերջին դեպքը: Մինչդեռ համագումարը ողջունելու եկած «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը չհամաձայնելով՝ նկատեց, որ նույնիսկ հաճելի է նման պայմաններում աշխատելը: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, թե Հայաստանում չկան դահլիճներ, որտեղ 2-3 հազար մարդ կարողանան տեղավորվել, եւ կատակեց. «Ավանդույթը պետք է շարունակել: Երեւի նոյեմբերի 28-ին էլ բոլորս բացօթյա համագումարներ անենք տարբեր տեղերում»: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նկատեց. «Իշխանության մեջ էլ մարդիկ կան, որ ասում են. հերի՛ք է՝ դահլի՜ճ, գնացեք փողոց, գործն արեք վերջացրեք, մե՜նք էլ պրծնենք, դո՜ւք էլ պրծնեք»: Սակայն դառնանք համագումարի գլխավոր ելույթին: Արամ Սարգսյանը հայտարարեց, թե ներկա իշխանությունները փորձում են բռնապետություն հաստատել Հայաստանում, իսկ «բռնապետին անհնարին է հանդուրժել: Բռնապետի հետ չի կարելի, անբարոյական է որեւէ պայմանավորվածություն ձեռք բերելը: Բռնապետի դեմ հնարավոր է միայն եւ միայն պայքարել»: Անդրադառնալով միջազգային կառույցների դիրքորոշմանը սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ՝ «Հանրապետության» ղեկավարն ասաց. «Նրանք իրենց գործը լավ կազմված հավասարում լուծելու պես անում են, բայց մեր խնդիրը մենք ինքներս պիտի լուծենք: Որովհետեւ միջազգային կառույցները լավ են հասկանում՝ ինչ է նշանակում բռնապետական իշխանություն ունենալը, եւ շնորհակալություն նրանց՝ հանրաքվեի այս առիթը ստեղծելու համար»: Վերստին շեշտեց, թե այս իշխանությունը «ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական իրավունք չունի» զբաղվելու երկրի համար ամենակենսական այդ հարցի լուծմամբ. «Սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի համար՝ ոնց Ավետարանը հավատացյալի համար. կեղտոտ ձեռքերով Սուրբ գիրքը չեն թերթում»: Արամ Սարգսյանը սին որակեց այն կարծիքները, թե ընդդիմությունն այս հարցում համախմբված չէ՝ մի մասը «ոչ» է ասում, մի մասը՝ բոյկոտ. «Հանրապետությունը» հստակ հայտարարում է՝ բոլոր նրանք, ովքեր բոյկոտելու են ընտրատեղամասեր չներկայանալով կամ ընտրաթերթիկը բարի ցանկությունների նամակի վերածելով, ովքեր ակտիվ «ոչ» են քվեարկելու՝ մեր բարեկամներն են ու համախոհները»: Նա կոչ արեց մարդկանց գնալ տեղամաս եւ քվեաթերթիկի վրա նամակ գրել իրենց սիրած մարդուն, վարչապետին, նախագահին. «Թող կարդան, իմանան՝ ժողովուրդն ինչ է մտածում իրենց մասին»: Պնդելով, թե ընդդիմության մեջ սկզբունքային հարցերում տարաձայնություններ չկան՝ Արամ Սարգսյանը հայտարարեց. «Եվ թող դարդ չանեն իշխանություններն ընդդիմության որոշ դեպքերում տարանջատ քարոզչության համար. վերջին ակորդը միանշանա՛կ միասնական է լինելու»: Ազդարարեց, թե այս արտահերթ համագումարով սկսում են համագործակցված քարոզարշավը, որի նպատակն է ժողովրդին իրազեկել, թե ինչ պետք է արվի նոյեմբերի 27-ին. «Որովհետեւ մեր ժողովրդին «ոչ» քարոզելու կարիքը չկա: «Այո» քարոզողների կերպարը եւ վարքը բավարար են, որ ժողովուրդը մերժի նրանց»: Մանրամասնեց, թե նրանց կենցաղը, «Համմեր»-ները եւ մտածելակերպն ակնհայտորեն հայցում են ժողովրդի «ոչ»-ը. «Ու այս հարցում՝ շնորհակալություն իրենց. օգնել են մեզ»: Արամ Սարգսյանն այս անգամ ընդդիմության գործը չի համարում կեղծիքներին դիմակայելը. «Դա իշխանությունների գործն է. իրենք են պատասխանատուն արդար ընտրությունների համար»: Ըստ նրա՝ ընդդիմությունը կարող է կեղծիքները մատնանշել եւ Երեւանում է հաստատելու հանրաքվեի արդյունքները: Նաեւ ակնհայտ համարեց, որ իշխանություններն արդեն սկսել են կեղծիքները: Համագումարը Հայաստանի քաղաքացիներին դիմեց ուղերձով, որում մասնավորապես նշվում է. «2003-ի խայտառակ ընտրությունները, 2004թ.-ի ապրիլի 12-ի իրադարձությունները, վերջերս կայացած ՏԻՄ ընտրությունները եւ հանրապետությունում ձեւավորված կիսաքրեածին օլիգարխիկ համակարգի առկայությունը թույլ են տալիս վստահաբար պնդել, որ գործող վարչախումբը օրինական հանրաքվե անցկացնելու ո՛չ ցանկություն ունի եւ ո՛չ էլ՝ հնարավորություն»: «Հանրապետությունը» վերահաստատում է, որ օգտագործելու է հանրաքվեի առիթը «Հայաստանում սահմանադրական կարգն ու օրինական իշխանությունը վերականգնելու համար»: Բացի այդ, համագումարը հաստատեց կուսակցության սպիտակա-նարնջագույն դրոշը: Պատվիրակներին բաժանված բացատրագրում նշված է, որ գույների ընտրությունը պատահական չէ. սպիտակը խորհրդանշում է կյանքն ու վերածնունդը, իսկ նարնջագույնը՝ լույսը, սերն ու բարությունը: Համագումարի ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Արամ Սարգսյանը նշեց, որ նոյեմբերի 27-ին իր կուսակիցները կկրեն նաեւ նարնջագույն վերնաշապիկներ, կունենան նարնջագույն վրաններ, ինչպես նաեւ լույսը խորհրդանշող մոմեր: Ուկրաինայի եւ Ղրղըզստանի հեղափոխությունների խորհրդանիշ նարնջագույնը նորաձեւ է դառնում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ընդդիմության համար: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել