Գտնում է ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանը:
«Առավոտի» հետ զրույցի սկզբում թատրոնի գեղարվեստական ղեկավարը հնչեցրեց համոզիչ այն փաստարկը, որ մարզերում թատրոնը պետք է պահեն տեղացիները: «Ինձ համար տեղի կադր պատրաստելն ավելի դյուրին է, քան Երեւանից հրավիրելը: Այսօր թատերական կյանքն աշխուժացել է: Ավանդական դարձած «Արմմոնո», «Հայֆեստ» փառատոները «մտրակում» են մեր ոլորտի մարդկանց, որ ավելի քան լուրջ, պրոֆեսիոնալ վերաբերվեն իրենց գործին»,- հայտնեց Հ. Մնացականյանը: Ասածն «արդարացնելու» նպատակով նշեց, որ 90-ականներին իրենց թատրոնում ընդամենը երկու տեղացի դերասան էր աշխատում. «Այսօր 18 դերասանից 6-ը մարզից է»: Մենք էլ հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Արտաշատի պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմը հասնում էր շուրջ 40-ի:
Պարոն Մնացականյանը ձեռքբերումների շարքում նշեց նաեւ մշակույթի նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի աջակցության փաստը, որի արդյունքում թատրոնի խաղացանկն ունի 8 ներկայացում՝ դպրոցականների ու մեծահասակների համար: Հետաքրքրվեցինք՝ մարզային թատրոնի համար շռայլություն չէ՞ (նկատի ունենք ֆինանսական սուղ միջոցները) փոքրիկ հանդիսատեսին չմոռանալը: Պարզվեց, որ մարզային թատրոնների աշխատանքը «սեզոնային» է: «Դաշտային աշխատանքների շրջանում թատրոնի հանդիսատեսը հիմնականում աշակերտներն ու ուսանողներն են: Նշեմ, որ առաջինների համար ներկայացումների տոմսերի արժեքը 250-300 դրամ է, երկրորդների համար՝ մինչեւ 700»,- տեղեկացրեց ռեժիսորը: Նա նաեւ անդրադարձավ մարզային թատրոնի ցավոտ հարցին. «Տարիներ շարունակ խոսվում է թատրոնի մասին օրենք ունենալուց, սակայն առայժմ դրանք խոսակցություններ են: Երբ մի կարգին օրենք ունենանք, որի արդյունքում թատրոններն ազատվեն հարկերից, այդ ժամանակ միգուցե կկարողանանք ազատ շնչել»: Մանրամասնելով վերջին միտքը, Հ. Մնացականյանը հայտնեց, որ թատրոնի շահութահարկը կազմում է ընդհանուր եկամտի 17%-ը, իսկ դա մեր պայմաններում մշակութային օջախի համար լուրջ թիվ է: Հարցին՝ իսկ դերասաններն ինչպե՞ս են «շնչում» թատրոնում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ստեղծագործական իմաստով՝ լավ, իսկ ֆինանսականով՝ ոչ այնքան: Վաստակավոր դերասանը ստանում է 30-32 հազար դրամ, իսկ գումարը՝ ըստ դերասանական կարգերի, իջնում է մինչեւ 18 հազար»: Դիտարկմանը, թե ձեզ մոտ է՞լ դերասանին աշխատանքի է բերում միայն էնտուզիազմը, ռեժիսորը պատասխանեց. «Էնտուզիազմը տեւում է 1-2 տարի: Օրինակ, բանակից զորացրված դերասանը պարզապես չի վերադառնում թատրոն: Կան այնպիսիներն էլ, որոնք, ֆինանսական դժվարություններից ելնելով, փոխում են մասնագիտությունը: Լավ է, որ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը ընդառաջելով մեզ, հաշվի առնելով մեր թատրոնի դերասանների գերակշռող մասի երեւանաբնակ լինելը, իր բեմը տրամադրում է փորձերի համար»:
Հայաստանի թատերական գործիչների միության նոյեմբերի 2-ին կայանալիք հերթական համագումարին մարզային թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատրաստվում է հանդես գալ վերը նշված մտահոգիչ հարցերով. «Համոզված եմ՝ չի գտնվի մարզային եւ մայրաքաղաքային թատրոնների նույնիսկ մեկ ղեկավար, որ ինձ հետ համակարծիք չլինի»:
Հ. Մնացականյանը կարեւորեց նաեւ պարապուրդի մատնված թատերագետների աշխատանքը. «Նրանք ռազվեդչիկի նման պիտի «գզեին» մեզ: Ի վերջո, մեր հարազատները թատերագետներն են, որոնք պարտավոր են եւ մեզ անհանգստացնել հազար ու մի հարցով, եւ վեր հանել մեզ հուզող խնդիրները»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ