Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՏՆՕՐԵՆԻ

Հոկտեմբեր 26,2005 00:00

Աշխատանքից ազատում՝ կամավոր-պարտադիր սկզբունքով

Հոկտեմբերի 24-ին Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում պետք է լսվեր Ավան համայնքի թիվ 171 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ նույն դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանի: Վերջինիս միջնորդությամբ դատը հետաձգվեց՝ մինչեւ փաստաբան գտնելը: Ա. Հովհաննիսյանը դատարանից պահանջում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները:

Ըստ ուսուցչուհու՝ տնօրենը պահանջել է ինքնակամ ազատվել աշխատանքից ուսումնական տարվա ընթացքում՝ նոյեմբերի 11-ին, ուսուցչուհու ծննդյան օրը, երբ լրանալու էր նրա 60 տարին: «Նպատակ դնելով ինձ հեռացնել ինքնակամ, արդեն 8 տարի խաղալով քրեական եւ աշխատանքային օրենսդրության հոդվածների վրա, ենթարկում է տեռորի՝ ստեղծելով իմ շուրջ ոչ աշխատանքային պայմաններ»,- ասում է ուսուցչուհին: Նա ավելացրեց, որ տնօրենը դասղեկների, ուսմասվարների, ծնողների միջոցով շանտաժի է ենթարկում իրեն եւ արդեն քանի տարի՝ չի ապահովում մեկ դրույքը:

Տնօրեն Արամ Սաֆարյանը նշեց, որ նույնիսկ չգիտի, թե ինչի մասին է հայցադիմումը եւ ինչ է պահանջում. «Ես՝ գրագետ, կիրթ մարդս, 25 տարվա մանկավարժական ստաժ ունեցող, չգիտեմ ինչի համար է այս ամենը: Եթե հայց են ներկայացնում՝ պետք է մի առիթ լինի, օրինակ՝ աշխատանքից ազատել կամ այլ բարդություններ, իսկ այսօր նման բարդություններ չկան, տիկին Հովհաննիսյանը աշխատանքից ազատված չէ: Նա հանգիստ կարող է շարունակել իր աշխատանքը՝ քանի դեռ թոշակի չի անցել, իսկ թոշակի անցնելու է նոյեմբերի 11-ից»:

Ա. Հովհաննիսյանը պատմեց, որ վերջերս դասարանից դուրս է հանել դասի ժամին հաց ուտող մի աշակերտի, որի ծնողը, հաջորդ օրը դպրոց գալով, բազմաթիվ սպառնալիքներ է թափել իր գլխին. «Ես այդ ծնողին ասել եմ, որ չեմ ուզում իր հետ խոսել: Տնօրենն ինձ առաջարկեց գնալ եւ հարցերը պարզել ծնողի հետ: Ես չհամաձայնվեցի, որովհետեւ գիտեի՝ ինձ ինֆարկտի է հասցնելու: Դրանից հետո տնօրենը հարձակվել է ինձ վրա, ձեռք է բարձրացրել, որ խփի, ասել է մի խոսք, որ նշանակում է՝ «անպատիվ կին»: Ա. Հովհաննիսյանը նաեւ պատմեց, որ 8 տարի առաջ տնօրենը ծնողներից մեկի հետ «ոչ օրինավոր» խոսակցություն է ունեցել գնահատականներ նշանակելու մասին, եւ երբ ինքը չի համաձայնել մասնակցել գործարքին, ծնողը իրեն ծեծել է: Արդյունքում՝ ուսուցչուհին 4 ամիս հիվանդանոց է պառկել: «Այդ 8 տարուց մինչեւ օրս հալածանքները շարունակվում են»:

Դատավարությանը ներկայացել էր եւս 3 ուսուցիչ, որ իրենց դիմումի համաձայն ազատվել էին աշխատանքից: Այս մասին տնօրենն ասաց. «Որ դուք գաք դպրոց՝ 3-ի դիմումը ձեզ ցույց կտամ, որտեղ նրանք խնդրում են ազատել իրենց աշխատանքից: Նրանք դպրոցի համար ոչ մի պիտանելիություն չունեն որպես մանկավարժներ»: Սակայն, ըստ Ա. Հովհաննիսյանի, նրանք նույնպես տնօրենի շանտաժների զոհն են դարձել: Այս միտքը հաստատեցին նաեւ ազատված ուսուցիչները: Նրանք դատարան բերած դիմում-բողոքում նշել էին. «Ա. Սաֆարյանը պարծենում է, որ կրթության վարչությունն էլ է իրենը, նախարարությունն էլ, որ ինքը դպրոցի թագավորն ու Աստվածն է եւ իր համար ոչինչ է իր չուզած ուսուցիչներին կամավոր-պարտադիր սկզբունքով աշխատանքից ազատվելու դիմում գրել տալը, հակառակ դեպքում այնպիսի իրավիճակի մեջ կգցի, այնպիսի բնութագիր կտա, որ ընդմիշտ զրկվեն մանկավարժ աշխատելու իրավունքից»:

Ուսուցիչներից Թերեզա Պապոյանը «Առավոտին» ներկայացրեց իր «ՀԽՍՀ ժողովրդական կրթության գերազանցիկի» կրծքանշանը, այս դպրոցում ոչ մի ուսուցիչ նման կրծքանշան չունի. «Ունեմ 27 տարվա մանկավարժական ստաժ, որից 14 տարին աշխատել եմ 171 դպրոցում: Այս ընթացքում ոչ մի անգամ չեմ ուշացել, նկատողություն չունեմ, անգամ հիվանդանալու դեպքում չեմ բացակայել»:

Տնօրենը նշեց, որ, ըստ իր ունեցած փաստաթղթերի, Ա. Հովհաննիսյանը երբեւէ իրավունք չի ունեցել դպրոցում աշխատելու, «առավել եւս հիմա, երբ նրա մոտ շեղումներ են նկատվում»:

Ուսուցչի եւ տնօրենի դատը կկայանա նոյեմբերի 4-ին:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Հ. Գ. Անահիտ Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ ունի համապատասխան ձայնագրություններ, որոնք ապացույց են՝ դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել