Վերլուծությո՞ւն, թե՞ ադրբեջանական սադրանք
Հենց որ Ադրբեջանի ռազմական եւ տնտեսական ներուժը կրկնակի գերազանցի Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի ռազմական եւ տնտեսական ներուժը, նա նույն օրը պատերազմ կսկսի Ղարաբաղի դեմ: Այդ մասին «Ուտրա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի բանակի ռազմական փորձագետներից մեկը՝ Իգոր Մինասովը (անունը եւ ազգանունը փոփոխված են): Վերջինիս վստահությունը հիմնված է «նեղ շրջանակներից» դուրս եկած տեղեկատվության վրա, որտեղ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Պատասխանել այն հարցին, թե կարելի՞ է արդյոք համադրել հակամարտության կողմերի ներկայիս ռազմական ներուժը՝ Ի. Մինասովը նշել է. «Ես չգիտեմ, թե ինչպիսին է հիմա Ադրբեջանի ռազմական ներուժը: Այն, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը կայացել են՝ փաստ է»: Միաժամանակ մեկնաբանելով փորձագետների հայտնած այն կարծիքը, թե Լեռնային Ղարաբաղի բանակը ամենահզորն է Անդրկովկասում՝ Ի. Մինասովը նշել է, որ չէր ցանկանա հաստատել այդքան կտրուկ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ունի նավթ եւ գազ: Բաքուն ավելի շատ ֆինանսներ ունի, նշանակում է՝ բանակում ներդրումների ավելի շատ հնարավորություններ: «Անցած տարի Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական բյուջեն: Վաշտի եւ գումարտակի սպաները, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի հետ սահմանում, ստանում են $600 աշխատավարձ: Իսկ դա ավելի է, քան ռուսական բանակում, որտեղ զորամասի հրամանատարը, օրինակ՝ մշտապես Չեչնիայում գտնվող բրիգադայի հրամանատարը ստանում է 12 հազար ռուբլի: Այո, ամեն ինչ չէ, որ չափվում է փողով: Սակայն մարտական ոգուց բացի, բանակի հզորությունը եւ հնարավորությունները հաշվարկվում են հրետանային համակարգերի եւ ռազմամթերքի քանակությամբ եւ այլն»,- նշել է փորձագետը:
Միաժամանակ նա հաղորդել է, որ ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները ներկայումս ինտենսիվ նախապատրաստություն են անցնում Թուրքիայում: «Այնպես որ, չպետք է մտածել, որ հակառակորդը կազմալուծված է եւ չի պատրաստվում պատերազմի: Կարծում եմ, որ ադրբեջանցիները զգալիորեն ամրապնդում են իրենց զինված ուժերը»,- նշել է Ի. Մինասովը: «Վաղ թե ուշ ադրբեջանցիները, միեւնույն է, կփորձեն լուծել այդ հարցը: Խնդիրն այն է, որ խաղաղ ճանապարհով վեճն անլուծելի է»,- գտնում է փորձագետը: Նրա խոսքով՝ հնարավոր է սկզբում կաշառելու փորձ կատարվի: Սակայն «եթե նույնիսկ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ընտրախավի ներկայացուցիչների մոտ նախադրյալներ լինեին՝ իրենց եսամոլ հարցերը որեւէ հարմար պատրվակով տարածքները հանձնելու հաշվին լուծելու համար, նրանք կզգուշանան անել դա», գտնում է Ի. Մինասովը:
ԱՐՄԻՆՖՈ