Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 26,2005 00:00

Մեր ու ադրբեջանցիների մենթալիտետն էլ է նույնը

ԵԽ խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեում Ադրբեջանի հարցով համազեկուցող, էստոնացի պատգամավոր Անդրես Հերկելն անհանգստացած է նախընտրական Ադրբեջանում ստեղծված իրավիճակով: «Նախընտրական իրավիճակը Ադրբեջանում ինձ չի բավարարում»,- ադրբեջանական ANS հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Հերկելը՝ միաժամանակ հավելելով, թե՝ «չնայած վերջին այցի ժամանակ մեր տված հանձնարարականներին, ընդդիմության համար չի ապահովվում հավաքներ անցկացնելու ազատության իրավունքը»:

Որ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելու հավանականությունը, ինչպես ակնկալում են միջազգային կառույցները, մեծապես հարցականի տակ է՝ երեկ մեր զրույցի ժամանակ փաստեց նաեւ Հելսինկյան միջազգային քաղաքացիական ասամբլեայի համանախագահ եւ այդ կազմակերպության Ադրբեջանի կառույցի նախագահ, իրավապաշտպան Արզու Աբդուլլաեւան: Ըստ նրա, նախընտրական այն իրավիճակում, որում գտնվում է Ադրբեջանը, չեն կարող նորմալ ընտրություններ անցկացվել: Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արդեն ահազանգել են Բաքվում վերջին շրջանում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքները ցրելու եւ հանրահավաքի մասնակիցների դեմ բռնություններ կիրառելու անթույլատրելիության մասին: Բայց գոնե վերջին այդպիսի հանրահավաքը, տիկին Աբդուլլաեւայի գնահատմամբ, նախկինների համեմատ ավելի «հանգիստ» պայմաններում է անցել. «Ոստիկանները շատ հանգիստ էին մոտենում հանրահավաքի մասնակիցներին, թեւանցուկ էին անում, նստեցնում ավտոմեքենա ու տանում ոստիկանության բաժիններ, հարցաքննում ու բաց էին թողնում: Այն դեպքերում, երբ բերման ենթարկվածներին ոստիկանությունում երկար էին պահում, միջամտում էին իրավապաշտպանները, իսկ իրավապահները «նրբանկատություն» էին ցուցաբերում ու բաց թողնում: Տվյալ պահին ձերբակալվածներ չկան, բայց մինչ այդ ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը, ըստ որոշ տվյալների՝ 500, այլ աղբյուրների ասելով՝ մոտ 1000 հոգի է եղել»:

Այդուհանդերձ, Ա. Աբդուլլաեւայի կարծիքով՝ «իշխանությունները բերման ենթարկվածներին ձերբակալելու կամ երկար պահելու նպատակ չեն ունեցել, որովհետեւ ոստիկանական բաժիններն ու ժամանակավոր պահման մեկուսարաններն այդքան մարդ տեղավորելու հնարավորություն չունեն էլ: Նրանց խնդիրն ավելի շատ վախեցնելն ու կանխարգելիչ գործողություններն են եղել»,- նկատեց իրավապաշտպանը:

Վերջին օրերին Ադրբեջանում ձերբակալում են ոչ միայն ընդդիմադիր գործիչներին, այլեւ պետական առանձին պաշտոնյաների: Նրանց, Ա. Աբդուլլաեւայի ասելով, ձերբակալում են ոչ միայն կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու, այլեւ հեղաշրջում անելու մեղադրանքով. «Կա նաեւ այդպիսի վարկած: Այս օրերին ադրբեջանական ԶԼՄ-ներով ավելի շատ խոսվում է ոչ թե ձերբակալված պաշտոնյաների, օրինակ՝ տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարխադ Ալիեւի, Ալի Ինսանովի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կառավարիչ Ակիֆ Մուրադվերդիեւի, չարաշահումների, կոռումպացված լինելու ու անասելի հարստություն կուտակելու վերաբերյալ, որքան նրանց՝ ընդդիմության հետ կապեր ունենալու եւ հեղաշրջում իրականացնելու մասին»:

Միաժամանակ Ա. Աբդուլլաեւայի դիտարկմամբ, այս ընտրություններում առաջին անգամ «թանաք» է օգտագործվելու, ինչը, գուցե, մասնակիորեն դյուրին դարձնի ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացումը: Բայց ընտրակեղծիքների բոլոր հնարավոր տեխնոլոգիաները միայն այս կերպ շրջանցել, թերեւս, անհնարին լինի: Պարզվում է՝ ադրբեջանցիները այդ իմաստով նաեւ հայերից սովորելու բան են ունեցել: «Ընտրակեղծիքի մեխանիզմներից մեկը, այսպես կոչված, «հայկական կարուսելն» է, ինչն օգտագործվել է հայկական ընտրությունների ժամանակ: Ընտրակեղծիքի մյուս տարբերակը, որի մասին հիմա շատ է խոսվում Ադրբեջանում, ինձ պատմել էին Ղարաբաղի իմ գործընկերները: Նրանց ասելով՝ իրենց ընտրությունների ժամանակ ընտրողներին հեռախոսային ֆոտոխցիկներ էին տրվել, որոնցով ընտրողները պետք է նկարեին իրենց քվեարկությունն ու ներկայացնեին համապատասխան թեկնածուներին: Նման տեխնոլոգիաների կիրառման մասին այսօր Ադրբեջանում էլ են խոսում, եւ թեկնածուները արդեն այդ ուղղությամբ «ինստրուկտաժ» են անում իրենց վստահված անձանց: Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա դրանք հասցեներ չեն պարունակում, ինչը թույլ չի տալիս մոնիտորինգ անցկացնել եւ ճշտել, թե ընտրողն արդյոք իրականում գրանցվա՞ծ է այս կամ այն տեղամասում, որտեղ գնալու է քվեարկելու»,- ասաց ադրբեջանցի իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա «Ադրբեջանում էլ պատգամավորների թեկնածուները սկսել են իրենց ընտրատարածքների փողոցների ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել, բայց բացահայտորեն փող բաժանելու փաստեր առայժմ չկան»,- հավաստիացրեց Ա. Աբդուլլաեւան:

Ի՞նչ են անելու Ադրբեջանի հասարակության ու ընդդիմության ներկայացուցիչները, եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները կեղծվեն: «Ցանկացած դեպքում պետք է դիմել դատական ատյաններին՝ ընտրակեղծիքներին եւ ընտրախախտումներին վերաբերող բողոքները Եվրոպական դատարան հասցնելու համար»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել