Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ

Հոկտեմբեր 25,2005 00:00

ԵՎ ՖՈՒՏԲՈԼ, ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Գերմանիայի վերամիավորման 15-ամյա տարելիցը Հայաստանում նշվեց Գերմանիայի դեսպանատան ֆուտբոլի թիմի նախաձեռնությամբ Էրեբունի համայնքի դաշտում կազմակերպված բարեգործական չորրորդ մրցաշարով: Մասնակցում էին Հայաստանում գործող դեսպանատների, դիվանագիտական եւ միջազգային այլ կազմակերպությունների թիմերը: Ֆուտբոլային միջոցառման նախաձեռնող ու գլխավոր կազմակերպիչ, Գերմանիայի դեսպանատան աշխատակից Գագիկ Թումասյանին այս անգամ էլ հաջողվել էր միավորել ավանդական հովանավորներին՝ «Ավանգարդ Մոթորսին», «Սիմենսին», «Ավերս Վեստին», «Եվրովագենին», «Վյուրտին», «Վիսմանին», «Քրոնիմետին», «Վելլային», «Շվարցկոպֆին» «Լայքոսին», որի եւ մասնակից թիմերի մուտքավճարներից գոյացած գումարներն ինչպես միշտ տրամադրվելու են Երեւանի մանկատներից որեւէ մեկին: Յոթ թիմերը նախնական փուլում բաժանվել էին երկու խմբի, որտեղ առաջին երկու տեղերն զբաղեցնողները որոշելու էին մրցանակային եռյակին: Երրորդ տեղի համար պայքարում հանդիպեցին Գերմանիայի դեսպանատան եւ Հայկական էլեկտրացանցերի թիմերը: Այստեղ հաջողությունն ուղեկցեց ՀԷՑ-ի ֆուտբոլիստներին, որոնք էլ նվաճեցին բրոնզե մեդալները: Դիտարժան ստացվեց Իտալիայի դեսպանատուն-Հայաստանի արտգործնախարարություն գլխավոր հանդիպումը: Սկզբում նախաձեռնությունը իտալացիների կողմն էր, որոնք մրցակցին երկու անգամ ստիպեցին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Սակայն ԱԳՆ-ն, համառ ջանքերի գնով, հիմնական ժամանակում հավասարեցրեց հաշիվը: Նշանակվեց 11 մետրանոցների հարվածաշար, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին արտգործնախարարցիները՝ 5:4: Փոխանցիկ գավաթը, հաղթողի եւ մրցանակակիր դարձած թիմերի մեդալները հանձնեց Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Հայկե Փայչը: Նա ֆուտբոլի գնդակներ ու աշխարհի 2006 թվականի առաջնության խորհրդանիշով մարզաշապիկներ նվիրեց նաեւ «Էրեբունի» համայնքի ֆուտբոլի դպրոցի սաներին՝ հույս հայտնելով, որ հայ պատանի ֆուտբոլիստներն ապագայում մարզական մեծ հաջողությունների կհասնեն: Մրցաշարի ավարտից հետո Գ. Թումասյանը մեզ հետ զրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան բարեգործական նախաձեռնությանը, ՀՖՖ-ին, որ ամեն անգամ աջակցում է՝ մրցավարներ ապահովելով, հատկապես տիկին Հայկե Փայչին, որ սիրով ընդառաջում է նմանատիպ գաղափարներին: Իսկ դրանք քիչ չեն: Օրինակ, այս ամռանը դեսպանատան միջոցներով աշխատակիցները, թիմի անդամները Գյումրիի քաղաքային ստադիոնում $ 8 հազարի աշխատանք են կատարել՝ ամրացրել են տրիբունաներից մեկը, նորոգել հանդերձարանները, հասարակական սանհանգույցը, Գյումրիի ֆուտբոլի դպրոցի համար ձեռք բերել գնդակներ, իսկ վերջում ընկերական խաղ անցկացրել «Շիրակի» վետերանների հետ, որն ավարտվել է 2:2: Հիմա ծրագիր կա հնարավորության սահմաններում աջակցել ֆուտբոլային այլ մանկապատանեկան դպրոցների, որոնց ցուցակը դեռ ճշգրտման փուլում է: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել