Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՉՊԵՍ

Հոկտեմբեր 25,2005 00:00

«ԻՆՉՊԵՍ ՅՈՒԴԻՖԸ ԴԱՎԱՃԱՆԵՑ ՕԼՈՖԵՐՆԻՆ» Արտաշես Գեղամյանի ելույթը ԱՄ համագումարում հարուստ էր պատմական զուգահեռներով Ելույթ ունենալով «Ազգային միաբանություն» (ԱՄ) կուսակցության համագումարում, Արտաշես Գեղամյանը հիմնավորեց, թե հատկապես ինչու բոլորս միասին պետք է գնանք հանրաքվեի եւ ասենք մեր «ո՛չ»-ը եւ ո՛ր դեպքում բոլորս միասին պետք է գնանք հանրաքվեի՝ այս անգամ արդեն «այո՛» ասելու: Բանն այն է, որ ԱՄ-ը իշխանություններին կոմպրոմիսային տարբերակ է առաջարկել՝ հանրաքվեին «այո՛» կասեն միայն այն դեպքում, եթե դրա հաջորդ օրն իսկ նախագահը լուծարի ԱԺ-ն, միջազգային կազմակերպությունների հսկողությամբ անցկացվեն խորհրդարանական նոր ընտրություններ, ձեւավորվի նոր կառավարություն եւ ընտրվի օրինական նախագահ: Իսկ առայժմ պարոն Գեղամյանը հակված է այս տարբերակին՝ գնալ եւ «ո՛չ» ասել այս իշխանություններին, որովհետեւ Սահմանադրությունը չէ, որ խանգարում է երկրում կարգուկանոն հաստատելուն: Եվ որպես ասածի ապացույց՝ դիմեց օրեր առաջ հայրենակցական միությունների ներկայացուցիչների առաջ ելույթ ունեցած հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը, ի դեպ, սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու հիմնավորումներից մեկն էր համարել դատական համակարգի առավել անկախությունը. «Պարո՛ն Հովսեփյան, գործող Սահմանադրության այդ ո՞ր հոդվածն է ձեզ կաշկանդում ջրի երես հանել տասնյակ միլիոնավոր դոլարների կողոպուտը»: Քանի որ Աղվան Հովսեփյանը «բյուլետենի մեջ է» (սահմանադրությունը քարոզելու նպատակով), այս հարցի պատասխանը թերեւս կտա ապաքինվելուց հետո: ԱՄ առաջնորդը, ինչպես ինքն ասաց, օրական 300-400 էջ գրականություն է կարդում եւ համոզված է, որ առաջ սլացող իր մտքերի ետեւից լրագրողների ու, առավել եւս, քաղաքական գործիչների միտքը դժվար հասնի, հետեւաբար յուրաքանչյուր փաստը հրապարակելուց հետո այն առավել պարզեցված (մատչելի) ներկայացնում էր անեկդոտով կամ պատմական ակնարկով: Հավին հարցնում են. «Ո՞րն է այս տարվա քո ամենամեծ նվաճումը»: «5 կգ-անոց ձուն»: «Իսկ ամենամեծ երազա՞նքդ որն է»: «10 կգ-անոց ձու ածելը»: Աքլորին են հարցնում. «Ո՞րն է այս տարվա քո ամենամեծ նվաճումը»: «Այն, որ հավը 5 կգ-անոց ձու է ածել»: «Իսկ ամենամեծ երազա՞նքդ որն է»: «Ջայլամի մռութը ջարդելը»: Սրանով պարոն Գեղամյանն ուզում էր ասել, որ առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական փոփոխությունների փաթեթը ոչ մի աղերս չունի երկրորդ ընթերցմամբ ընդունվածի հետ: «Այս Սահմանադրությունը կոալցիայի ծնունդը չէ: Այս կոալիցիան 5 կգ-անոց ձուն ածել է ջայլամներից: Ընդ որում՝ ջայլամները Ռոբերտն ու Սերժն են: Աքլորի դերում կոալիցիայի ղեկավարներն են, որոնք գիտեն, որ հավին բռնաբարել են եւ մուռը հանելու են ջայլամներից»: Պարոն Գեղամյանն իր ելույթում հիշատակեց նաեւ Խոսրով Հարությունյանի ոչ բարի համբավն ու քծնանքով հագեցած անցյալը եւ նրան սպառնաց չհամարձակվե՛լ քննադատել իր գործընկերներին, հատկապես Վիկտոր Դալլաքյանին: Հակառակ դեպքում՝ «կպատժե՛նք»: Ամենեւին չանհանգստանալով, թե իր բերած պատմական օրինակների ճշմարտացիությունն ինչ-որ մեկը կարող է կասկածի տակ առնել՝ ԱՄ առաջնորդը վկայակոչեց Աուստեռլիցի ճակատամարտին հետեւող Ժոզեֆ Ֆուշեի եւ Թալեյրանի երկխոսությունը (որը պատմական վկայություններով տեղի է ունեցել Ֆրանսիայում ժիրոնդիստների եւ յակոբինյանների միջեւ տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի, այլ ոչ թե Աուստեռլիցի ճակատամարտի ժամանակ եւ ամենեւին էլ ոչ Ֆուշեի եւ Թալեյրանի, այլ Թալեյրանի եւ իր պալատականների միջեւ, այն է՝ Թալեյրանը սուրճ ըմպելով իր պալատի պատուհանից հետեւում էր քաղաքացիական պատերազմին, եւ երբ նրան հարցնում են, թե ինչո՞ւ չի անհանգստանում կռվի ելքով եւ իր կարծիքով՝ ո՞վ կհաղթի, պատասխանում է. «Կհաղթեն մերոնք»: «Իսկ ովքե՞ր են մերոնք»: «Պարզ կդառնա առավոտյան»): Պարոն Գեղամյանը նկատեց, որ քանի որ մեր իշխանությունները ո՛չ Թալեյրանի մեմուարներն են կարդացել եւ ոչ էլ գաղափար ունեն Ֆուշեի մասին: «Ինչպես Յուդիֆը դավաճանեց Օլոֆերնին եւ գլխատեց նրան՝ փրկելու Հրեաստանը, ինչպես Բրուտոսը դավաճանաբար սպանեց Կեսարին՝ իբր փրկելու Հռոմի հանրապետական կարգերը, լա՛վ, որ մեր իշխանություններին էլ հասկանալի լինի, ինչպես Նատաշա Կորոլյովան դավաճանեց Իգոր Նիկոլաեւին», այդպես էլ այսօր շատ գործիչներ են դավաճանում իրենց գաղափարներին՝ իբր սահմանադրական բարեփոխումներն անցկացնելու եւ երկիրը փրկելու մղումով: Ի դեպ, պարոն Գեղամյանին բավական զայրացրել էր «կեղծ ընդդիմություն» ՀՀՇ-ի անդամ Դավիթ Շահնազարյանի հարցազրույցը պետական հեռուստատեսությամբ, որի ժամանակ վերջինս իր հասցեին անհարգալից արտահայտություններ էր թույլ տվել. «Սիրտս ցավում է կիրովաբադցիների՜ համար, որ Դավիթն իրե՛նց պատիվն ա խայտառակում»,- հառաչեց ԱՄ ղեկավարը՝ նկատելով, սակայն, որ կիրովաբադցիների մեջ եւս կան լավ մարդիկ: Եվ, վերջապես, համագումարին կուսակցության ղեկավար եւ առաջնորդ միաձայն վերընտրվեց Արտաշես Գեղամյանը՝ «մեր սիրելի Արտյուշան», ինչպես քնքշորեն արտահայտվեց համագումարի տարեց մասնակիցներից մեկը: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել