ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ «Հանրապետություն» կուսակցությունն այսօր Մատենադարանին հարող տարածքում կանցկացնի իր արտահերթ համագումարը, քանի որ մերժվել է կառավարության նիստերի դահլիճում այն անցկացնելու խնդրանքը: «Իշխանությունները նման քայլերով մեր արտահերթ համագումարը վերածեցին արտակարգ համագումարի. պետք է ասեմ, որ պալատներից հեղաշրջումներ են տեղի ունենում, հեղափոխությունները տեղի են ունենում հրապարակներից»,- երեկ ասուլիսում ասաց «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Նա միտում չի տեսնում, թե ինչու են հատկապես իրեն մերժել, իսկ Գեղամյանին կամ Բազեյանին՝ ոչ: Արամ Սարգսյանին մի հարց է հուզում. ինչպե՞ս կարողացան իրեն մերժել. «Իմ եղբայրն էլ է վարչապետ եղել, ես էլ: Ես կառավարության շենքում աշխատել եմ՝ առաջին հարկի պահակից սկսած, 4-րդ հարկի հավաքարարով վերջացրած՝ անուններով գիտեմ»: Արամ Սարգսյանի համոզմամբ, այդ քայլով իշխանությունները փորձում են իրենց ենթարկել սադրանքի. «60-ական թվականների Կա-Գե-Բե-ին բնորոշ սադրանք է: Իշխանությունները համոզված են, որ մեզ կդրդեն սադրանքների, ու այսօրվա պահին մենք պատրաստ չենք, ու իրենք պատրաստ են… Մենք միամիտ չենք ու սադրանքների չենք գնալու: Մենք գիտենք՝ երբ ենք պատրաստ, եւ երբ է դա լինելու»: Արամ Սարգսյանը վստահ է, որ իշխանությունը երկրորդ սխալը չի անի եւ չի խոչընդոտի բացօթյա համագումարը: Թեեւ նույնիսկ այդ դեպքում իրենք գիտեն անելիքը՝ կա՛մ քայլող համագումար կկազմակերպեն, կա՛մ «քաղաքական վերնիսաժ» Սարյանի արձանի մատույցներում: Պատասխանելով հարցին, թե Գեղամյանին իր կուսակցությունը համարեց ընդդիմության միասնական թեկնածու, ի՞նչ կարծիքի է Արամ Սարգսյանը՝ «Հանրապետության» ղեկավարն ասաց. «Բոլոր կուսակցություններն էլ ձգտում են, որ իրենց առաջնորդը դառնա ընդդիմության միասնական թեկնածուն: Ես էլ հավակնություն ունեմ դառնալ ընդդիմության միասնական թեկնածուն, ցույց տվեք մեկին, որ չունի նման հավակնություն»: Սեփ. լր.