Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՍԻԽՈՊԱՏԸ»

Հոկտեմբեր 25,2005 00:00

«ՊՍԻԽՈՊԱՏԸ» ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գյումրիում քվեարկությունը ՏԻՄ ընտրությունների համար աննախադեպ էր՝ ե՛ւ ամբողջ օրն առկա լարվածությամբ, ե՛ւ ցուցակային անճշտությունների քանակով, ե՛ւ բաժանվող ընտրակաշառքի բացահայտ բնույթով: Մարտին Սուքիասյանի շտաբի մոտ, որ տեղակայված էր հացի գործարանին կից, շուրթերը սեղմած մի կին, չիմանալով, որ խոսում է լրագրողների հետ՝ կիրակի օրը դժգոհում էր. «Ձենի ցուցակ եմ բերել: 150 հոգու: Պատասխան չկա»: Քիչ անց պարզ դարձավ, թե ինչ նկատի ուներ պատասխան ասելով՝ 5 հազար դրամ ամեն ձայնի համար: «Փողը չեն տալիս,- զայրանում էր կինը:- Հեսա էդ մարդկանց բերելու եմ ստեղ՝ սաղին պատովն եմ տալու»: Սրանք դեռ քվեարկության օրվանից առաջ խոստացված ձայներ էին: Հոկտեմբերի 23-ին Գյումրիում ձայների գինը հասել էր արդեն 15-20 հազար դրամի: Վարդան Ղուկասյանի շտաբում, որ տեղակայված էր «Հոկտեմբեր» կինոթատրոնում, նույն պատկերն էր: Դեռ քվեարկության օրվանից առաջ էին այստեղ այցելել վճարովի համակարգում սովորող ուսանողներ, հաշմանդամներ, սոցիալապես անապահովներ, որոնք լրագրողներին անկեղծորեն ասում էին, թե քաղաքապետն իրենց փայտի հարցով է օգնել, ֆինանսապես… Սակայն կիրակի էլ դարձյալ անձնագրերը ձեռքերին մարդիկ էին կանգնած շտաբի մուտքի առջեւ: Միջանկյալ նկատենք, որ այս ընտրությունները բավական թանկ արժեցան Գյումրիի քաղաքապետին՝ միայն քաղաքում իր դիմապատկերով եւ «հույս, հավատ, սեր» մակագրությամբ լուսային գովազդներն, ասում են, արժեցել էին շուրջ 200 հազար դոլար: Թեեւ ակնհայտ էր՝ ինչ էին ակնկալում շտաբի դիմաց հավաքված այդ մարդիկ (նրանցից մեկը՝ մի կին, հետո փողոցում գումար խնդրեց անգամ մեզնից), այսուհանդերձ Վարդան Ղուկասյանի քարոզչության պատասխանատու, Գյումրիի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը մեր հարցին, թե ինչի են հավաքվել այստեղ՝ պատասխանեց. «Մեր շտաբում ձեւավորված է համակարգչային կենտրոն: Մարդիկ, ովքեր դուրս են մնացել ընտրացուցակներից, գալիս են, անձնագրերով նայում ենք: Մարդիկ նաեւ չգիտեն, թե որտեղ են քվեարկելու: Մենք արագ հստակեցնում ենք, ցույց տալիս տեղը: Մարդիկ էլ կան, որոնց ընտրական իրավունքն է խախտված՝ անմիջապես օգնում, տեղեկանքներ ենք տալիս, որ ընտրական իրավունքը վերականգնելու համար այս մարդուն հաշվառեք՝ 1 օրվա կյանք ունեցող տեղեկանք է»: Թվարկված գործառույթները վերաբերում էին առնվազն 1-ին ատյանի դատարաններին, սակայն ոչ թեկնածուներից մեկին: Այստեղ դատարանների միջոցով ընտրական իրավունքը վերականգնեցին շուրջ 700 հոգի: Եվ հենց ընտրացուցակներն են այն հիմնական փաստարկը, որոնք շեշտադրելով՝ իր մրցակցից շուրջ 6 հազար ձայնով ետ մնացած Մարտին Սուքիասյանը վիճարկում է ընտրության արդյունքները: Վերջինիս շտաբի ներկայացուցիչները պնդում են, թե ոստիկանության աշխատակիցների կողմից քվեարկության նախորդ երեկո փոփոխված ընտրացուցակներին իրենք ծանոթացել են քվեարկության մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ արդեն ընտրությունների ընթացքում գրանցել են, որ դրանք էականորեն տարբերվում են իրենց կողմից ճշգրտված ցուցակներից։ Քաղաքացիների մեծ մասն իր անունն այդպես էլ չի գտել նոր ցուցակներում եւ ուղղակի չի կարողացել մասնակցել ընտրությանը: Ունեն նաեւ տեղամասային հանձնաժողովների նախագահների զեկուցագրեր, որտեղ բողոքել են, որ տարբեր թաղամասերից իրենց տեղամաս մարդիկ են եկել ընտրությունների: Այս ամենի համեմատ՝ մանրուք են համարում այն, որ քվեարկության գրեթե ավարտին, ժամը 19-ի սահմաններում Մարտին Սուքիասյանի շտաբ էին ներխուժել 4 հաղթանդամ տղամարդ եւ բռնություն գործել այնտեղ գտնվող մի քանի ընտրողների նկատմամբ, որոնք, բնականաբար, այնտեղ են գտնվել բացառապես այն պատճառով, որ ցանկացել էին իմանալ, թե ինչպես կարող են վերականգնել իրենց ընտրական իրավունքը: Նշենք նաեւ, որ Հայաստանում հաստատված ավանդույթի համաձայն՝ ընտրողների առավել բարձր ակտիվությունը նկատվեց վերջին 3 ժամում. այդ ընթացքում քվեարկեց շուրջ 18 հազար ընտրող: Իսկ խախտումների մասին ահազանգերը ստացվում էին ամբողջ օրը՝ կուտակումներ տեղամասերում, քաշքշոց… Մարտին Սուքիասյանի նախընտրական շտաբի պետ Միքայել Վարդանյանը, որ Շիրակի փոխմարզպետն է եւ Գյումրիի նախկին քաղաքապետը, պատմեց, որ առավոտյան անգամ դանակահարության մասին տեղեկություն էին ստացել, որը բարեբախտաբար չէր հաստատվել: Միջադեպերից մեկն արձանագրվել էր «Զանգակ» նախակրթարանում, որի վրա, ինչպես եւ «Սուրբ Մարիամ» նախակրթարանում, անգամ ցուցանակներ չկային, թե դրանք նաեւ ընտրատեղամասեր էին: Վարդան Ղուկասյանի նախընտրական շտաբում մեզ ասացին, թե 34/35 հանձնաժողովի նախագահ Սուսաննա Մխիթարյանը, որ Մարտին Սուքիասյանի կողմնակիցն է, ծեծի է ենթարկել Ղուկասյանի կողմնակցին՝ հանձնաժողովի քարտուղար Քրիստինա Հակոբյանին. «հա՛մ խփել է, հա՛մ էլ ինքը զանգել ոստիկանություն»: Մենք գնացինք այդ տեղամաս, ուր տեղի ունեցածով արդեն զբաղվում էր ազգային անվտանգության ծառայությունը: Քրիստինա Հակոբյանը ծեծի մասին ոչինչ չասաց, միայն նշեց. «Մեր նախագահի կողմից ենթարկվել եմ անձնական վիրավորանքի, եւ իրավունքներս ոտնահարել են՝ թույլ չտալով, որ մատյանի մեջ գրանցում անեմ: Ես էլ պաշտպանելով իմ իրավունքները՝ մատյանը վերցրել եմ նրա ձեռքից»: Սուսաննա Մխիթարյանն էլ պնդում էր, թե իրեն են վիրավորել եւ ինքն է ցանկացել խախտումի մասին գրել. «Քարտուղարը մատյանն առավ-փախավ ու չէր տալիս»: Նույն խախտման մասին է խոսքը, որի համար երկու կողմերն էլ հավասարապես մեղադրում էին միմյանց: Վարդան Ղուկասյանի կողմնակիցը պնդում էր, թե մի կույր կին է եկել, որը ցանկացել է ընտրել իր պաշտպանյալին: Իսկ Սուսաննա Մխիթարյանն էլ ասում էր, թե նա ցանկացել է ընտրել հենց Մարտին Սուքիասյանին: Եվ հանձնաժողովի 2 մասի բաժանված ներկայացուցիչները միմյանց էին մեղադրում այդ կնոջն իր կամքին հակառակ ուղղորդելու մեջ: Իմիջիայլոց, նաեւ 34/40 տեղամասում էին ավելացել տեսողության խնդիրներ ունեցող ընտրողները, որոնք խնդրում էին, որ հանձնաժողովի որեւէ անդամ ուղեկցի իրենց… Ճիշտ էր կանխատեսում ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, թե օրենքում այս «նորամուծությունը» հնարավորություն է ընձեռելու ուղղորդման: … Նշենք, որ բոլոր նման խախտումների մասին օպերատիվորեն հաղորդում էր տեղական «Ցայգ» հեռուստաընկերությունը: Եվ ազնվորեն էլ նշում էր, թե ՏԻՄ ընտրությունների լուսաբանման հովանավորներից մեկը «Օազիս» ռեստորանն է: Այն պատկանում է քաղաքապետի եղբորը, եւ հենց այստեղ էր կրակել Վարդան Ղուկասյանը: Թեեւ գյումրեցիները հանդուրժողաբար էին վերաբերում կատարվածին. «Եթե մարդուն բան չըսեն՝ մարդ ինչի՞ կկրակի»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել