Երկու
«աջերից» ընտրվեց ավելի «ձախը» «Լեհ-չեխ-սլովակյան համերաշխություն»
հիմնադրամի հրավերով «Անկախ լրատվամիջոցներ 6» ծրագրի շրջանակներում այս օրերին Լեհաստանում
գտնվող հայ լրագրողներս բարդ ընտրության առջեւ էինք կանգնած: Լեհաստանի նախագահական
ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող երկու թեկնածուների հետընտրական ընդունելությանը
մասնակցելու հրավեր ունենալով՝ դժվար էր որոշել՝ որին տալ առավելությունը: Բնականաբար,
մեծ էր Լեհաստանի նորընտիր նախագահի հետ հանդիպելու գայթակղությունը, բայց դեմոկրատական
ավանդույթներ ունեցող լեհ էլիտան դժվարանում էր կանխորոշել ընտրությունների արդյունքները:
Ընտրություններին նախորդող բոլոր անկախ սոցիոլոգիական հարցումների տվյալներով առաջատարը
Դոնալդ Տուսկն էր: Վերջին օրերին, սակայն, Լեխ Կաչինսկու վարկանիշը կտրուկ սկսեց
աճել: Հակառակորդին նա ընդամենը երկու տոկոսով էր զիջում: Երկու թեկնածուներն էլ
աջ ճամբարն են ներկայացնում: Դոնալդ Տուսկը հայտնի է իբրեւ ավելի արմատական աջ կողմնորոշում
ունեցող: Ընտրություններն այստեղ էականորեն տարբերվում են հայաստանյան ընտրություններից:
Ամեն ինչ անցնում է հանգիստ, առանց միջադեպերի: Տեղամասերը 20:00-ի փոխարեն փակվեցին
20:20-ին: Բանն այն է, որ մի տեղամասում պահակի ուշանալու պատճառով 20 րոպե ուշ էին
սկսվել ընտրությունները: ԿԸՀ-ն որոշեց, որ բոլոր տեղամասերը պետք է փակվեն 20 րոպե
ուշ: Սակայն Լեհաստանի ժամանակով 20:30-ին արդեն հրապարակվեցին նախնական արդյունքները՝
առաջատարը Լեխ Կաչինսկին էր: Երեկ, Լեհաստանի ժամանակով 9-ի դրությամբ, նա ձայների
մոտ 10% առավելություն ուներ մրցակցի նկատմամբ՝ 54,5%: Այստեղ ընտրություններին
արտասահմանյան դիտորդներ չեն մասնակցում. գտնում են, որ իրենց ներկայության կարիքը
չկա: Լինում են այցելուներ՝ հյուրի կարգավիճակով, որպես կանոն՝ առավել սակավ ժողովրդական
ավանդույթներ ունեցող երկրներից: Տեղեկացնենք նաեւ, որ ընտրապայքարի ժամանակ թեկնածուներն
իրավունք ունեն ծախսել առավելագույնը 12 մլն զլոտի (4 մլն դոլար): Իսկ նախագահի աշխատավարձը
կազմում է ամիսը 16.000 զլոտի, բնակարան, մեքենա, թիկնազոր եւ այլն: Ինչ վերաբերում
է ընտրապայքարին, ԿԸՀ նախագահ Ֆ. Ռիմաշի բնութագրմամբ, այս տարի դրանք լավագույնս
էին կազմակերպված՝ թե նախագահական ընտրությունների առաջին, թե երկրորդ փուլերը: «Արտաքին
քաղաքականության ոլորտում մենք ցանկանում ենք սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի
հետ: Լեհաստանը Եվրոպայի կենտրոնում է, ուստի ներքին քաղաքականությունում պետք է
նկատի ունենալ այդ հանգամանքը, իսկ Եվրոպան ունի իր քաղաքական մշակույթը, ավանդույթները,
որոնք ավելի սոցիալիստական են, քան ԱՄՆ-ի քաղաքականությունը: Մեր պետությունը պետք
է սոցիալական ուղղվածություն ունենա»,- լրագրողներին ասաց Լեխ Կաչինսկու նախընտրական
շտաբի խորհրդատու, խորհրդարանի պատգամավոր Պավել Կովալը։ Պատգամավորը չի ընդունում
տեսակետը, որ ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերությունները կարող են վնասել Արեւմուտքի
հետ Լեհաստանի հարաբերություններին. «Մենք լավ հարաբերություններ ունենք մեր հարեւանների՝
Ուկրաինայի եւ Բելառուսի հետ: Կցանկանայինք նմանատիպ հարաբերություններ ունենալ նաեւ
ՌԴ-ի հետ. դա մեր ծրագրի մի մասն է: Խնդիրը մեկն է՝ ՌԴ-Լեհաստան հարաբերությունները
պետք է լինեն բացառապես գործընկերային»: Պարոնն անգամ բելառուսներին հեղափոխության
կոչ արեց՝ «Ո՛չ Լուկաշենկոյի ռեժիմին. մեկ անգամ դա պետք է ասել»: Ինչ վերաբերում
է Լեհաստանի դիրքորոշմանը՝ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելուն. «Բարդ խնդիր է: Լեհ-թուրքական
հարաբերությունները մեծ ավանդույթ ունեն: Մեզ համար ավելի կարեւոր է, որ Ուկրաինան
անմիջապես անդամակցի ԵՄ-ին: Իսկ Թուրքիայի թեմայով հավանաբար շատ քննարկումներ կլինեն:
Դեռ վաղ է վերջնական կարծիք արտահայտել»: Կովկասյան տարածաշրջանում Լեհաստանին մասամբ
հետաքրքրում է Ադրբեջանն՝ իր նավթով, Իրանից արտահանվելիք հնարավոր գազով, եւ Վրաստանը՝
ժողովրդավարական քայլերով: Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող լեհական
ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերումն Իրաքից, պարոն Կովալի կարծիքով, կախված է ԱՄՆ-ի
եւ Լեհաստանի նոր իշխանությունների բանակցություններից: Հիշեցնենք, որ հայկական ԶՈՒ
ստորաբաժանումներն Իրաքում են լեհական ԶՈՒ ստորաբաժանումների կազմում: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ Վարշավա