Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԴԱՆԱԾԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԵՆՔ

Հոկտեմբեր 25,2005 00:00

Քանի
դեռ անասնաբուժական տեսուչները նորմալ չեն աշխատում ՀՀ գլխավոր
դատախազությունը ստուգումներ է անցկացրել գյուղնախարարության Անասնաբուժական պետական
տեսչության եւ վերջինիս կազմում գործող «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային
եւ ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում (ՊՈԱԿ): Պարզվել
է, որ խախտումների ողջ «տեսականին» բավականին երկար է: Նախ՝ երկու կազմակերպությունն
էլ ղեկավարվում են մեծամասամբ վաղուց իրենց իրավաբանական ուժը կորցրած, խորհրդային
տարիներին հաստատված նորմատիվ ակտերով: Վարչական իրավախախտման արձանագրություններ
կազմելու եւ վարույթ հարուցելու գործընթացներն ուղեկցվել են թերություններով. չեն
նշվել խախտման բնույթը, պատճառված վնասի չափը, իսկ իրավախախտներից ընդհանրապես բացատրություն
չի վերցվել։ Դա նպատակ ունի. նման որոշումները դատական կարգով վիճարկվելու դեպքում՝
անվավեր են ճանաչվում։ Տեսուչները վարչական վարույթ հարուցելու փոխարեն բավարարվել
են իրավախախտներին նախազգուշացնելով: Մասնավորապես նախազգուշացվել է 375 իրավախախտ:
Իսկ երբ դատախազությունը զգուշացրել է անասնաբուժական պետական տեսուչներին՝ վերջիններս
վերականգնել են հիշյալ իրավախախտումների համար նախատեսված վարչական տույժերի նվազագույն
չափին հավասար գումար։ Այլ խախտումներ՝ ՊՈԱԿ-ի փորձաքննությունների լաբորատորիան
դեռեւս հավատարմագրված չէ, չունի նաեւ լիցենզիա։ Փաստորեն, տարիներ շարունակ կազմակերպությունը
փորձաքննություններ է կատարել ու ներկայումս էլ շարունակում է կատարել առանց լիցենզիայի
առկայության։ ՊՈԱԿ՟ի կանոնադրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման համար
2004թ. ապրիլի 1-ից սահմանվել են սակագներ, որոնք, սակայն, մինչ օրս չեն հաստատվել
ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Խախտելով կառավարության
որոշումը՝ լաբորատորիան ապրանքի խմբաքանակներից իր ընտրությամբ նմուշառում չի կատարել,
նմուշառման ակտեր չի կազմել եւ սահմանափակվել է պատվիրատուի ներկայացրած նմուշներով։
Այսպես, 2004թ. հոկտեմբերի 11-ին «ԱՌՄ» ԱՊԸ-ի կողմից Ֆրանսիայից ներկրվելիք 25002
կգ հավի մսից վերցվել է ընդամենը 10 նմուշ՝ առանց նշելու խմբաքանակի չափը։ Ուսումնասիրվող
ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կողմից 38 փորձաքննությունների դիմաց չի գանձվել 57.000
դրամ պետական տուրք։ Անբավարար է հատկապես փորձաքննության արդյունքների իրացման
գործընթացը։ 2003թ. ընթացքում ՊՈԱԿ-ի կողմից անցկացված փորձաքննությունների արդյունքներով
հայտնաբերվել է խոշոր եղջերավոր անասունների տարբեր հիվանդություններով վարակման
47, մանր եղջերավոր անասունների վարակման 7 դեպք, 2004թ.՝ համապատասխանաբար 65 եւ
13 դեպք, իսկ այս տարվա 1-ին եռամսյակի ընթացքում՝ 49 եւ 3 դեպք։ Ընդ որում, հայտնաբերվել
են նաեւ սիբիրախտով, բրուցելոզով վարակման դեպքեր, իսկ հետազոտված մսի մեջ՝ դիակային
ցուպիկներ եւ ախտածին մանրէներ։ Սակայն ՊՈԱԿ-ը փորձաքննության արդյունքների մասին
ոչ միշտ է իրազեկել անասնաբուժական տեսչությանը՝ հայտնաբերված եւ խոտանման ենթակա
միսը կամ անասունները ոչնչացնելու, դրանց վաճառքը բացառելու նպատակով: Փորձաքննության
արդյունքների մասին լաբորատորիան ընդամենը իրազեկել է անասունի կամ մսի սեփականատիրոջը,
տնտեսավարող սույեկտներին եւ այն անասնաբույժ՟տեսուչին, որի միջոցով ստացվել են փորձաքննության
նմուշները։ Սակայն ինչպես ՊՈԱԿ-ը, այնպես էլ տեսչությունը առանձին դեպքերում
չեն պարզել, թե խոտանման ենթակա անասունը կամ միսը ոչնչացվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ նրանց
պնդումները, թե դրանք ոչնչացվել են՝ հավաստի չեն, քանզի բացակայում է գործընթացին
առնչվող որեւէ փաստաթուղթ։ Բնակիչների բողոքների ընթացքն էլ «մի լավ օրի»
չէ. անցյալ տարի Երեւանի բնակիչ Վ. Ռոստոմյանը լաբորատորիա փորձաքննության է ներկայացրել
տավարի լյարդ եւ հայտնել, որ այն գնել է Խորենացի 54 հասցեում գործող թիվ 2 շուկայի
տարածքում գտնվող խանութից եւ կասկածում է տուբերկուլյոզով վարակված լինելու մեջ։
Փորձաքննությամբ, իրոք, հայտնաբերվել են մեծ քանակությամբ տուբերկուլյոզի օջախներ,
էխինակոկի բշտեր։ Վ. Ռոստոմյանը դիմել է դատախազություն՝ խնդրելով պատժել մեղավորներին։
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մսամթերքը Վ. Ռոստոմյանր գնել է հիշյալ հասցեում
գտնվող Ամար Հաջյանի խանութից, որը մսամթերքն ընդունում է գյուղացիներից, հիմնականում
երեկոյան ժամերին՝ առանց անասնաբույժի կողմից մսամթերքը ստուգելու։ Նախապատրաստված
նյութերը համայնքների դատախազության կողմից ուղարկվել են ոստիկանության Էրեբունու
բաժին՝ հետագա ընթացք տալու համար։ Արդյունքում՝ Ա. Հաջյանի նկատմամբ կազմվել է ընդամենը
վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ տարածքի անասնաբուժական տեսուչը
ենթարկվել է 250 դրամ տուգանքի։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել