Լրահոս
Օրվա լրահոսը

Ասա՝ ով է մարզպետդ…

Հոկտեմբեր 25,2005 00:00

Եվ կասեմ, թե որ կուսակցության ներկայացուցիչներն
են մեծ մասամբ գլխավորելու այդ մարզի համայնքները: Տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրություններում արձանագրված օրինաչափությունն էր,
թե մեծ մասամբ հանրապետականներն էին ղեկավարում համայնքները: Այս կանոնից փոքր-ինչ
շեղում արձանագրվեց Շիրակի մարզում, որի 93 համայնքները կիրակի ընտրեցին իրենց ղեկավարներին:
31 համայնքներում առաջադրված էին միայն մեկ թեկնածուներ: Պետք է նշել, որ
եթե, ասենք, Արմավիրի մարզում գյուղապետերի մեծամասնությունն անկուսակցականներ էին,
Շիրակում համայնքապետերի հավակնորդների գերակշիռ մեծամասնության «կուսակցական պատկանելությունը»
բաժնում անպայման կար որեւէ նշում: Եվ նրանցից 16 դաշնակցականներ համայնքներ ղեկավարելու
ցուցանիշի առումով հայտնվեցին առաջին տեղում՝ փոքր-ինչ ետ թողնելով հանրապետականներին,
որոնք այս մարզում ղեկավարելու են 12 համայնքներ: Դաշնակցական մարզպետի կողմից ղեկավարվող
այս մարզի միակ առանձնահատկությունը չէ սա: ՕԵԿ-ն այս մարզում համեմատաբար քիչ վայրերում
հաղթանակեց՝ ընդամենը 7: Փոխարենը 2 համայնքների ղեկավարները ՄԱԿ-ի ներկայացուցիչ
են (Արեւշատում այս կուսակցության ներկայացուցիչը հաղթել է հանրապետականին, իսկ Հոռոմ
գյուղում՝ գործող գյուղապետին): 2 գյուղերում վերընտրվել են «Ժողովրդավարական Հայրենիք»
կուսակցության անդամ գործող գյուղապետերը. մի դեպքում դա հենց այդ կուսակցության
ղեկավարի՝ Պետրոս Մակեյանի եղբայր Վարդանն է, որը վերընտրվել է Փանիկի գյուղապետ,
մյուս դեպքում՝ Արա Սուքիասյանը, որն անմրցակից վերընտրվել է օրաթերթերից մեկի կողմից
այդքա՜ն սիրված Նոր Կյանք գյուղի գյուղապետ: Իսկ մեկական համայնքներ ղեկավարելու
են ՀՀՇ-ն (Բենիամին գյուղ) եւ «Հզոր Հայրենիքը» (Բերդաշեն գյուղ): Խորհրդարանական
ընդդիմության պաշտոնական թեկնածուներն այս մարզում նույնպես որեւէ մասնակցություն
չեն ունեցել ընտրություններին: Եվ կոալիցիան էլի «մենամարտել է» ինքն իր հետ: Աղվորիկ,
Գյուլլիբուլաղ, Ախուրյան եւ Գուսանգյուղ համայնքներում ՀՅԴ ներկայացուցիչները հաղթել
են ՀՀԿ անդամներին: Քեթի գյուղում արդեն հանրապետականն է հաղթել դաշնակցականին: Սարագյուղ
եւ Ղարիբջանյան համայնքներում իրար հետ մրցակցել են ՕԵԿ-ի եւ ՀՅԴ ներկայացուցիչները.
հաղթել են վերջիններս: Մեծ Սեպասարում հանրապետականը հաղթել է «Օրինաց երկրի» ներկայացուցչին:
ՕԵԿ ներկայացուցիչները ՀՅԴ անդամ հավակնորդներին հաղթել են Մուսայելյան, Սպանդարյան
եւ Տուֆաշեն համայնքներում: Իսահակյան գյուղում ՕԵԿ ներկայացուցիչը չի կարողացել
գրավել գործող գյուղապետ հանրապետականի պաշտոնը: Թորոս գյուղում միմյանց հետ
մրցակցել են 2 հանրապետականներ, Մարմարաշենում՝ 2 դաշնակցականներ: Բնութագրելով
այս ընտրությունները՝ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանն ասաց. «Շատ կազմակերպված անցան:
Իրոք չունեցանք լուրջ խնդիրներ որեւէ համայնքում: Որեւէ դժգոհություն էլ չունեցանք:
Փոքր խնդիրներ եղան, որոնք լուծվում էին տեղում»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել