Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՅԱՎԱՌԸ ՏՎԵՑԻՆ ՄԱԿ-ԻՆ

Հոկտեմբեր 25,2005 00:00

Նոր քաղաքապետը նաեւ գծատեր է Կիրակի
օրը ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցան Գեղարքունիքի մարզում. մարզի երեք քաղաքներում
եւ գյուղերում ընտրվեցին քաղաքապետեր եւ գյուղապետեր: Գավառ քաղաքում քաղաքապետի
պաշտոնի համար պայքարում էին գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գրիշա Հովեյանը, նրա տեղակալ,
ՄԱԿ-ի անդամ Գուրգեն Մարտիրոսյանը, անկուսակցական գործարար Արմեն Խանդանյանը, անկուսակցական
դասախոս Հրաչյա Զաքոյանը եւ ՕԵԿ-ը ներկայացնող Միշա Գեւորգյանը: Պայքարը սուր էր
առաջին հերթին նրանով, որ թեկնածուները տիրապետում էին լուրջ ֆինանսական կարողությունների
եւ քաղաքապետ էին ձգտում դառնալ ոչ թե դատարկ ձեռքերով, այլ բավականին կապիտալ կուտակած:
Ընդ որում, հիմնական թեկնածուներին սատարում էին նույնպես կապիտալի տեր անձինք եւ
ուժեր, ապացույցը՝ ընտրությունների ամբողջ օրը եւ դրան նախորդող օրերին Գավառ քաղաքում
սուրացող «Ջիպ»-երը «Մերսեդես»-ները, «ԲՄՎ»-ներն ու նույնիսկ «Լեկսուս»-ներն էին:
Գավառցիներից մեկի դիտարկմամբ. «Մե՞նք հո չենք ընտրում, էս ավտոներն են ընտրում»:
Գավառի քաղաքապետի ընտրությունն ավելի էր բարդանում նրանով, որ թեկնածուներից
երեքի կամ հայրը, կամ հորեղբայրը, կամ եղբայրը իրավական աշխարհի ներկայացուցիչ էր,
այսինքն՝ մեկը դատախազ էր եղել Գավառում, մյուսները դատավորներ են Երեւանում: Քյավառցիները
հույս ունեին, որ այս հանգամանքը մի փոքր կզսպի թեկնածուների շտաբներին եւ սատարողներին
եւ քաղաքում անկարգություններ չեն լինի: Թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ,
ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Ալբերտ Աղեկյանի վկայությամբ՝ իրոք, անկարգություններ
եւ արտակարգ պատահարներ այս տարածքում չգրանցվեցին. «Թեպետ ինձ տխրեցնում է, որ մեր
թեկնածուն՝ Գրիշա Հովեյանը չանցավ, բայց ուրախ եմ, որ քյավառցիները այս ընտրություններից
պատվով դուրս եկան»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Աղեկյանը: Արդեն նախկին քաղաքապետ,
ՀՀԿ անդամ Գրիշա Հովեյանը թեպետ զգուշացնում էր. «Մեծամեծ խոստումները չարժեն անգամ
փոքր գործեր», սակայն, փաստորեն, չկարողացավ համոզել իր համաքաղաքացիներին: Հանձնաժողովի
նախագահն ասաց նաեւ, որ ընտրություններից հետո ոչ մի տեղամասից բողոք չի եղել: Գավառցիներն
էլ մեզ հետ զրույցներում ասում էին, որ բոլոր հինգ թեկնածուներից «խելքով եւ մակարդակով
բարձր են Հրաչյա Զաքոյանը եւ Միշա Գեւորգյանը, բայց թափով՝ Գուրգենն է ուժեղ»: Եվ
հաղթեց «թափը»՝ Գավառի քաղաքապետ ընտրվեց ՄԱԿ-ի անդամ, քաղաքապետի տեղակալ, 29-ամյա
Գուրգեն Մարտիրոսյանը: Հենց այս թեկնածուի մեծ ցուցապաստառն է Գավառ մտնողներին դիմավորում
քաղաքի մուտքի մոտ, ընդհանրապես՝ սա միակ թեկնածուն էր, որ լուրջ ուշադրություն էր
դարձրել ցուցադրական քարոզչությանը՝ ցուցապաստառներ, պլակատներ, իրեն եւ ՄԱԿ-ը գովերգող
ու փառաբանող քարոզչության այլ միջոցներ: Թեպետ նաեւ միակ թեկնածուն էր, որ նախընտրական
շրջանում չէր մասնակցել Գավառի հեռուստաընկերությամբ ցուցադրված թեկնածուների բանավեճին:
Գավառի նորաթուխ քաղաքապետին են պատկանում Երեւան-Գավառ երթուղային գիծը եւ
տաքսու ծառայությունը: Մարդիկ այս մասին բարձրաձայն խոսում էին նույնիսկ Երեւանի
հյուսիսային ավտոկայանում, որտեղից երթուղային տաքսիները յուրաքանչյուր ժամը մեկ
ուղեւորվում են Գավառ: Սակայն ընտրությունների օրը բավականին հագեցած էր, դեպի Գավառ
էին ձգտում հասնել նաեւ երեւանաբնակ քյավառցի ընտրողներ: Մարդիկ ասում էին, որ իրենց
հենց Գուրգեն Մարտիրոսյանի կողմնակիցներն են համոզել անպայման հասնել Գավառ եւ մասնակցել
ընտրություններին: Ընդ որում, «Գազել»-ների պակաս էր զգացվում, քանի որ, ըստ ուղեւորների,
բոլոր մեքենաները ընտրությունների համար էին օգտագործվում, այսինքն՝ ընտրողներին
հասցնում էին ընտրատեղամասեր: Այն մեքենան, որով Գավառ հասա, եկավ ուշացումով, հետո
էլ ով հասցրեց՝ նստեց, մյուսները, նույնիսկ արդեն տոմս գնածները մնացին ճանապարհին:
Վարորդն էլ իր հերթին հայտարարեց, որ 800 դրամ արժողությամբ տոմսից բացի իրեն պետք
է վճարենք եւս 200 դրամ, իսկ տոմս չունեցողները՝ 1000 դրամ: Վճարեցինք, մի կին ուղեւոր
էլ դժգոհեց. «Էլ ըստուց դենը իրան ո՞վ կընտրա, որ էսենց ա կազմակերպել»: Երբ հետաքրքրվեցինք,
թե հատկապես ո՞ր թեկնածուի մասին է խոսքը, պատասխանեցին՝ «Գծի տիրոջ՝ Գուրգենի»:
Այնպես որ, Գավառի նորընտիր քաղաքապետը նաեւ գծատեր է: Մեր հրապարակումն ամբողջական
չէր լինի, եթե հատուկ տողով չընդգծեինք, որ Գավառի բոլոր այն ընտրատեղամասերից, որտեղ
մենք եղանք, օղու հոտն անպակաս էր, մարդիկ «քեֆները լավացած» էին գալիս ընտրությունների:
Իսկ չխմողներին ասում էին. «Մեր դարդը քիչ ա, դու էլ չես խմում, խմա»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել