Համաշխարհային լուսանկարները՝ Հայաստանում Հոկտեմբերի 21-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց World press photo կազմակերպության 50-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցադրվեցին World press photo 2005-ի լավագույն լուսանկարները: Ամստերդամում յուրաքանչյուր տարի «World press photo»-ն կազմակերպում է լուսանկարների մրցույթ, որին մասնակցում են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ ամբողջ աշխարհից: Մրցույթի ժյուրին կազմված է տարբեր երկրներից ժամանած մասնագետներից. «Թափանցիկությունն ապահովելու համար ժյուրին աշխատանքներին ծանոթանալիս տեղյակ չի լինում, թե որ երկրին է այն պատկանում»: Այս տարվա մրցույթին ներկայացվել է շուրջ 70 հազար աշխատանք, որից ընտրված լավագույնները երեկ ներկայացվեցին «Մոսկվա» կինոթատրոնում: Մրցույթին մասնակցել են նաեւ հայաստանցիներ, սակայն նրանց աշխատանքները չեն հաղթել: Այս օրերին նույն ցուցադրությունը, բացի Հայաստանից, ներկայացվում է եւս 13 երկրներում: Նկարներում արտացոլված են տարբեր թեմաներով աշխատանքներ՝ քաղաքականություն, սոցիալական ոլորտ, մշակույթ, սպորտ եւ այլն: «Ցուցահանդեսի նպատակն է բացել մարդկանց աչքերը եւ ներկայացնել, թե ինչ է կատարվում Իրաքում, Բեսլանում եւ այլուր: Օրինակ՝ ԱՄՆ-ում ապրող մարդիկ քաջատեղյակ են Իրաքում կատարվող տեռորիստական ակտերին, սակայն չգիտեն, թե ինչ է կատարվում Բեսլանում: Բայց այս ամենի կողքին նաեւ ուրախ, գեղեցիկ բաներ են ներկայացվում»,- ասաց «World press photo»-ի հայաստանյան ներկայացուցիչ Կլաուդիա Հիմտերսիրը: «Ֆոտոժուռնալիստիկան եւս մարդկանց հաղորդակցման լեզու է: Օրինակ՝ այստեղ ցուցադրվող նկարները կարող են լուռ արտահայտել, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում: Մեկ նկարը կարող է արտացոլել մի ամբողջ պատմություն եւ առանց մեկնաբանությունների շատ ավելի լավ ներկայացնել այն»,- նշեց Կլաուդիան: «Հայաստանում ֆոտոլրագրությունը այդքան էլ զարգացած չէ: Սակայն այն արդեն կայանում է: Մինչ այժմ Հայաստանում հնարավորություն չկար այս արվեստը սովորելու: Մեր կազմակերպության աշխատակիցների այստեղ գալու նպատակն է նաեւ նպաստել ձեր երկրում ֆոտոլրագրության զարգացմանը: Անցյալ տարվանից Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում անցկացնում ենք 9-ամսյա դասընթացներ, որոնց մասնակցած ուսանողներն այժմ բավական լավ արդյունքների են հասել»,- շարունակեց նա: Անցյալ տարվա ուսանողներից մեկը ներկայումս աշխատում է Լոնդոնի շատ հայտնի կազմակերպություններից մեկում, մյուսը ԱՄՆ-ում է ուսումը շարունակում, 1-2-ը հայկական ԶԼՄ-ներում են աշխատում: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ