«ՆԱԽԿԻՆ» ԹՐՔՈՒՀԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ՓԱՌԱՏՈՆԻՆ «Սայաթ-Նովա» մշակութային միությունը իր տասնամյակի եւ Սայաթ-Նովայի մահվան 210-րդ տարելիցի առիթով ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հոկտեմբերի 24-26-ը առաջին անգամ կանցկացնի Աշուղական արվեստի կովկասյան միջազգային փառատոն: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց փառատոնի նախաձեռնող եւ կազմակերպիչ, աշուղական երգ-երաժշտության գիտակ ու տարածող, երգիչ Թովմաս Պողոսյանը: Տեղեկացվեց, որ փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Իրանից՝ առանց տարիքային սահմանափակման: Կազմկոմիտեում են Հասմիկ Գանձանակյանը, աշուղագետ Էլինար Շահենը, աշուղ Լեյլին, գեղանկարիչ Վարդան Սիմոնյանը, հրավիրված են նաեւ ամերիկահայ երգչուհի Հերմինե Ամիրյանը, Թեհրանից 80-ամյա աշուղ Թեւանը եւ այլք: Փառատոնը կմեկնարկի Շարլ Ազնավուրի հրապարակում, իսկ հանդիսավոր բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում: Այդ օրերին կկայանան համերգներ, գիտական նստաշրջան, վարդատոն Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ, գեղանկարչական ցուցահանդեսներ Սարյանի պուրակում: Փակումը կլինի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Առավոտի» հարցին՝ մեկ ամիս առաջ դուք եւ մշակույթի նախարարությունն անցկացրիք աշուղական արվեստի փառատոն, ինչո՞ւ այս փառատոնը դարձյալ նախարարության հետ համատեղ չեք կազմակերպել եւ ի՞նչ չափի գումար է տրամադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Թ. Պողոսյանը պատասխանեց. «Այս անգամ նախարարության հետ համագործակցություն կա, բայց ոչ պաշտոնական: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած գումարը «ստարտային» է, ասել է թե՝ ոչ բավարար: Մեզ աջակցել են նաեւ մեր հայրենակիցները»: Մեր դիտարկմանը՝ շուրջ 500 տարվա պատմություն ունեցող աշուղական արվեստը վկայում է այն մասին, որ ժողովուրդն է աշուղ կամ գուսան կոչել այս կամ այն արդեն ճանաչված վարպետին: Այսօր պատկերը փոխվել է՝ ժողարվեստում երիտասարդ ստեղծագործողը իրեն հռչակում է աշուղ, Էլինար Շահենը տվեց հետեւյալ ծավալուն ու գիտական պատասխանը. «Ժամանակին երեխան ուսանում էր վարպետի մոտ, ավելի ճիշտ՝ ծառայում էր 4-5 տարի, խորանում աշուղական արվեստի մեջ, որից հետո մասնակցելով աշուղական մրցույթի՝ հաղթելու դեպքում ստանում էր իր վարպետի ապտակը՝ այսինքն վարպետը նրան հռչակում էր գուսան: Մեր ժամանակներում Թովմաս Պողոսյանը՝ շարունակելու նպատակով ողջ աշուղա-գուսանական արվեստի «ներկապնակը», հիմնեց Ջիվանու անվան աշուղական դպրոց, որտեղ սաներին այդ արվեստի գաղտնիքները մատուցում են մասնագետները: 2003-ին կայացավ մերօրյա աշուղների առաջին ձեռնադրումը: Մի խոսքով՝ ամեն ինչ այս ասպարեզում կայանում է ակունքներին հավատարիմ մնալով»: «Առավոտին» հասած լուրը, թե փառատոնին մասնակցելու է նաեւ թուրք երգչուհի, փորձեցինք ճշտել Թովմաս Պողոսյանից: Վերջինս «դժվարությամբ» պատասխանեց. «Ստույգ ասել դեռ չեմ կարող՝ կմասնակցի՞, թե՞ ոչ: Երգչուհու անունն է Սերբիլ Քլըճ: Նա համոզված է, որ ունի հայկական արմատներ, ինչի համար վերջերս փոխել է դավանանքը՝ դարձել քրիստոնյա, ազգանվանն էլ ավելացրել «յան»-ը»: Փառատոնի կազմակերպիչները տեղեկացրին, որ հրավեր էին ուղարկել նաեւ Շարլ Ազնավուրին ու վերջինս ողջունելով նախաձեռնությունը, շնորհավորական ուղերձ է հղել, ափսոսանք հայտնելով, որ վաղօրոք պլանավորված իր աշխատանքների պատճառով չի կարող ժամանել Հայաստան: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ