Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻ

Հոկտեմբեր 22,2005 00:00

ՄԻ ԿՏՈՐ ՆԵՐՍԻ ԿՅԱՆՔ Գիշերային ռեպորտաժ ազատազրկման վայրից 777 խորհրդանշական թվով կալանավորներ եւ դատապարտյալներ կան արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրանց օրը բաժանված էր երկու հատվածի. ցերեկային եւ գիշերային: Ըստ այդմ էլ՝ երկու մասի էր բաժանված նրանց հսկողների, սպասարկողների աշխատանքը: Ցերեկային աշխատանքի մեջ էր մտնում անազատներին ընդունելը, դատարաններ ճանապարհելը, մինչեւ ժամը 18-ը տեսակցությունների կազմակերպումը, այնուհետեւ խցի դուռը բացելն ու կալանավորին տեղավորելը: Ցերեկային ժամերին են ստացվում եւ բաժանվում հանձնուքները, իսկ քննիչներն ու փաստաբանները իրենց «կլիենտների» հետ հանդիպում են գլխավորապես ցերեկային ժամերին: ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի՝ Արամ Սարգսյանի հետ հանդիպում եմ ժամը 18-ից հետո, երբ մութն արդեն տեսանելի էր եւ սկսվել էր մեկուսարանային կյանքի երկրորդ հատվածը: «Հաճա՞խ եք ուշ ժամերին լինում մեկուսարանում» հարցիս նա դրական պատասխան է տալիս: Որքան թանձրանում էր մութը, այնքան մեծանում էր հսկողությունը ինչպես հիմնարկի ներսում, այնպես էլ դրսում: Փետրվարի 7-ից ՔԿՀ-ի պատասխանատվությունը ստանձնած Ա. Սարգսյանը իբրեւ դիտարկում ներկայացրեց, որ անազատները փախուստի ժամ են համարում գիշերվա ժամը 4-6-ը: Ա. Սարգսյանի տեղեկացմամբ, խցի պատուհանը օրվա մեջ վերջին անգամ բացվում է ժամը 19-20-ի սահմաններում՝ ընթրիքի համար: Անշուշտ, լինում են նաեւ բացառություններ եւ դա կապված է ազատազրկվածին բուժօգնություն ցույց տալու, ինչպես նաեւ «ներխցային սուր իրավիճակների» դեպքերում, երբ հսկիչները ստիպված են խցի պատուհանից բացի՝ դուռն էլ բացել: Գիշերվա ժամը 11-ից մինչեւ 8-ը քնի ժամն էր, եւ կալանավորները քնելատեղում էին, սակայն չի պարտադրվում, որ նրանք լինեն քնած: Բոլոր հարկերում ուժեղացված հսկողություն է եւ հսկիչների հետ շրջելով մեկուսարանում, կարող ես տեղեկություն իմանալ, թե ինչով են զբաղված ազատազրկվածները: Պատուհանից նկատելի է, որ նրանք նստած զրուցում են, հեռուստացույց դիտում, ռադիո լսում: Ի տարբերություն ցերեկային հերթափոխի աշխատակիցների, գիշերայինները 4 օրը մեկ են գալիս աշխատանքի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հսկիչը ուշ է վերականգնվում: «Որեւէ մեկը թող փորձի հարկերում մնալ ուշ ժամերին: Պատասխանատվությունը մեծ է, էլ չեմ ասում, որ մութը, դատապարտյալների առկայությունը անդրադառնում են յուրաքանչյուրի հոգեբանության վրա»,- շարունակում է ուղեկիցս՝ պետը: Ըստ նրա, այս տարի եղել են «զգոնության թուլացումներ», որոնք դրսեւորվել են աշխատակիցների քնով եւ անփութությամբ: Գիշերային ժամին հերթապահ բժիշկները երկուսն էին: Կին բժիշկների կողքին աշխատում է նաեւ երկու կին (հոգեբանական-իրավական բաժնի) աշխատակից: Կրտսեր մասնագետները գիշերային հերթափոխում աշխատելու ժամանակ ստանում են 45 հազար դրամ աշխատավարձ, նույնքան՝ որքան «ցերեկասերները» իրենց ամենօրյա աշխատանքի համար: Իտալիայում, որի բանտային համակարգի փորձն ուսումնասիրել էր պրն Սարգսյանը, համակարգ ընդունում են ընտրովիության սկզբունքով, արժանապատիվ աշխատավարձով, մարզված, կրթված անձանց: Գիշերային կյանքը հավանաբար կաշխուժանա, քանի որ «Նուբարաշենի» ուսումնական նորաբաց կենտրոնում դատապարտյալները սովորելու են անգլերեն եւ ռուսերեն: «Առավոտի» տեղեկություններով, անգլերենի «դասախոսը» կլինի «Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին: Այնպես որ, մի քանի օր հետո մեր խցերից էլ կլսվեն, հայրենական «բարի գըշերից» հետո «գուդ նայթ, բայ» կանչերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել