Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊՆ-Ն

Հոկտեմբեր 22,2005 00:00

ՊՆ-Ն ՕԳՆԵՑ 30 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԱՆՈՑ ԻՆՍՈՒԼԻՆՈՎ 11 տարվա ընթացքում այդպիսի օգնություն է ցուցաբերվել զոհված ազատամարտիկ Արմեն Քուրդյանի ընտանիքին: Քուրդյանների յոթ հոգանոց ընտանիքը այսօր մի կերպ է իր գոյությունը պահպանում Հարավ-արեւմտյան թաղամասի Անդրանիկի 48 շենքի կիսանկուղային հարկում: Թոշակառու ամուսինները՝ երկու չափահաս երեխաների եւ երեք անչափահաս թոռների հետ միասին ստիպված են ամռանը դիմագրավել խոնավությանը, իսկ ձմռանը՝ ցրտաշունչ եղանակին: Ընտանիքի ապրելու հույսը զինկոմիսարիատից եւ սոցապից տրվող 23 հազար դրամ թոշակն է, ինչը չի բավականացնում նույնիսկ ամսվա հացին: Արմենը զոհվել է 1994 թվականին, 19 տարեկան հասակում եւ անցած 11 տարիների ընթացքում ՊՆ սոցվարչությունն ընդամենը մեկ անգամ է հարկ համարել բավարարել զոհվածի մոր՝ Խանում Աղաջանյանի դիմումը. տրվել է 30.000 դրամ՝ ինսուլին գնելու համար: Դրանից բացի, զոհվածի ընտանիքը խնդիր ունի նաեւ զբաղեցրած բնակտարածքի սեփականաշնորհման հետ կապված: Անշարժ գույքի կադաստրի աշխատակից Մնացական Ներսիսյանը հրաժարվում է այն օրինականացնել, պատճառաբանելով, որ դրսի՝ ընդամենը 50 սմ հաստության պատը խիստ հակաօրինական է: Հարցը չի լուծվում արդեն երեք տարի, թեեւ ընտրությունների ժամանակ ներկայիս թաղապետ Աղվան Գրիգորյանը տրամադրել էր սեփականացման ծախսերի համար օրենքով նախատեսված 85 հազար դրամը: Ընտանիքի հայրը՝ Սերյոժա Քուրդյանը, թրոմբի վիրահատությունից հետո մի քանի շաբաթ առաջ է դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցային ծախսերն էլ համալրել են տուժած ընտանիքի՝ առանց այն էլ ծանրաբեռնված պարտքացուցակը: Մեր այն հարցին՝ օգնության հարցով դիմե՞լ են զոհվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որեւէ հասարակական, բարեգործական կազմակերպության՝ Խանում Աղաջանյանն ասաց. «Մեր ընտանիքը «Կարոտի կանչ» հ/կ-ի շահառուներից է: Ես հարսիս միջոցով տեղեկացրի կազմակերպության հիմնադիրներից մեկին, որ վիճակներս այսպես է, ինչո՞վ կարող եք մեզ օգնել: Պարզվեց՝ ոչնչով: Հիվանդին մաղթեցին առողջություն: Դա էլ «Կարոտի կանչի» օգնությունն էր: Եթե մի բան էլ ավելի ենք խոսում, կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանն ասում է՝ կարող եք գալ, ձեր տղաների նկարներն ու թղթերը վերցնել ու գնալ»: Սակայն այդքանով զոհվածի մոր ասելիքը չի եզրափակվում: «Լավ կլիներ, որ մեր կարգավիճակի ընտանիքների զեղչերն ու արտոնությունները վերականգնեին, որ սեւազգեստ կանայք ձեռքերը չպարզեին մուրացկանության: Դա իմ զոհված որդուն պատիվ չի բերում: Էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի զեղչերը վերացրին՝ մեր իրավունքները հավասարեցնելով գողի, թմրամոլի իրավունքներին: Մենք պետության կողմից պաշտպանված չենք: Այդ դեպքում ինչո՞ւ խաբեցին-տարան մեր որդիներին»,- մտահոգությունն է կիսում Խ. Աղաջանյանը: Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել