Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սափրագլուխները

Հոկտեմբեր 22,2005 00:00

Սափրագլուխները դեկորատիվ են «Հաստ վիզն ու սափրած գլուխը ամենեւին էլ ուժի նշան չէ»,- ասում է «Թիկնապահ» քոլեջի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը: Այսօր Հայաստանում, ոչ առանց հիմքի, թիկնապահ հասկացությունը զուգորդվում է ինչի հետ ասես, միայն ոչ՝ թիկունքը պահելու միջոցով անվտանգությունն ապահովելու հետ: Մարդկանց պատկերացմամբ՝ թիկնապահը ավելի շուտ նա է, ով հանրահավաք է ցրում, լրագրող է ծեծում եւ տեսախցիկ է ջարդուփշուր անում, «օբյեկտներին» տանիք է կանգնում եւ մասնակցում զինված «ռազբորկաների»: Մեզանում յուրահատուկ են նաեւ թիկնապահի արտաքինի մասին պատկերացումները: Հասարակական գիտակցության մեջ թիկնապահի կերպարը հետեւյալն է՝ հաստ վիզ, նույնքան հաստ ոսկե շղթա, դաժան հայացք եւ սափրած գլուխ: Ուստի՝ թիկնապահ տեսնելիս մարդկանց մեջ ինքնաբերաբար առաջացող վախը շատ բնական է եւ միանգամայն բացատրելի: Ինչո՞վ են պայմանավորված «հայ թիկնապահի» այդ բացասական որակները, եւ որն է իսկական թիկնապահի բուն առաքելությունը: «Գիտակ» համալսարանի «Թիկնապահ» քոլեջի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանի կարծիքով՝ «թիկնապահը պետք է վնասազերծի, ոչ թե ծեծի: Այդ մեր ժողովրդի մեջ է սխալ տպավորվել, որ եթե ինչ-որ մեկը սափրագլուխ է՝ ուրեմն թիկնապահ է: Հաստ վիզն ու սափրած գլուխը ոչ մի նշանակություն չունեն: Դրանք դեռ ուժի ցուցանիշ չեն: Մեր սաներից եւ ոչ մեկին այստեղ դաժանություն ու գլուխ «թրաշել» չենք սովորեցնում: Թիկնապահներին սովորեցնում ենք ճիշտ գնահատել իրավիճակը, հարցին հոգեբանորեն մոտենալ եւ հարց լուծելու ուժային տարբերակը կիրառել ամենավերջում, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Թիկնապահի մասնագիտություն ստացողների թիվը շատ է, բայց ոչ բոլորը կարող են սովորել: Լավ թիկնապահը պետք է լինի առողջ, տրամաբանող, հավասարակշռված եւ աշխատի աննկատ»,- ասաց տնօրենն ու ավելացրեց. «Կան մեղմ կոչվող թիկնապահներ, որոնք կարող են շրջել մարդկանց մեջ եւ իրենց գործն անել աննկատ՝ դրանք պրոֆեսիոնալներն են»: Իսկ հավակնոտ արտաքինով սափրագլուխներն ու հաստավզերը, ըստ Վ. Հարությունյանի՝ ընդամենը հասարակության մեջ տպավորություն ստեղծելու համար են: Պատանիների համար «բարձրակարգ» այդ պաշտոնն ոչ միշտ է եկամտաբեր, երբեմն այն կախված է «տիրոջ» բարի կամքից: Թիկնապահի միջին աշխատավարձը ամսական 200-ից 500 դոլար է: Սա շատ քիչ է, եթե հաշվի առնենք, որ ողջ օրվա ընթացքում նա պետք է իր տիրոջ նազուտուզը տանի: Քոլեջի տնօրենի ասելով՝ թիկնապահի մեծ պահանջարկ կա սննդի օբյեկտներում՝ ռեստորաններ, սրճարաններ եւ այլն, քանի որ հենց այնտեղ, ավանդույթի համաձայն, հայերի ուտուշխմուշն ավարտվում է տուրուդմփոցով: Սննդի օբյեկտների տերերը թիկնապահի հարցում շատ պահանջկոտ են: Նրանք ցանկանում են ունենալ կիրթ, բարձրագույն կրթությամբ, անգլերենի եւ համակարգչի իմացությամբ թիկնապահներ: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել