Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցանկալի

Հոկտեմբեր 22,2005 00:00

Ցանկալի են հավելյալ մանրամասներ New York Life-ը առաջարկում է Ցեղասպանության զոհերի ժառանգներին նոր փաստաթղթեր ներկայացնել Հայաստանում եւ արտերկրում բնակվող հայերին եւս մեկ հնարավորություն է տրվում ապացուցելու, որ իրենք Հայոց ցեղասպանության տարիներին իրենց կյանքն ապահովագրած հայազգի անձանց ժառանգներն են: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմումներ են ուղարկել հանձնաժողովին, ստացել են պատասխան նամակներ: Հայաստանից ԱՄՆ է ուղարկվել 1300 դիմում: Պատասխանի հետ դիմումատու քաղաքացիները նաեւ նույնատիպ հարցաթերթիկներ են ստացել: «Հանձնաժողովը քաղաքացուն հնարավորություն է տալիս դիմում ուղարկելուց հետո ի հայտ եկած նոր փաստաթղթեր ու ապացույցներ կցել եւ ուղարկել, այսինքն՝ հարստացնել ապացուցման բազան: Այս նոր ձեւի հարցաթերթիկը պարզապես հանձնաժողովին լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու դեր է կատարում: Այն կցվելու է ուղարկված հիմնական գործին»,- տեղեկացրեց «Նյու Յորք. Կյանքի ապահովագրություն» աշխատանքային խմբի պատասխանատու Նորա Սարգսյանը: Նախկինում քաղաքացիները լրացրել էին հայցադիմում, որի ձեւը տրված էր հանձնաժողովի կողմից: Սակայն նոր ստացված հարցաթերթիկն ավելի մեծ ինֆորմացիա է պահանջում դիմողից: Եթե նախկինում պարզապես պահանջվում էր դիմողի անուն-ազգանունը, հասցեն, ապահովագրվածի տվյալները, ապահովագրման պոլիսի համարը, ապա այս նոր հարցաթերթիկում այլ տվյալներ էլ են պահանջվում: Օրինակ՝ Աստվածաշնչի մեջ գրառումներ կամ տոհմածառ, որն ուրվագծում է կապը ապահովագրվածի հետ: Դիմողը պետք է նաեւ բացատրի, թե ինչու է համոզված, որ ապահովագրվածի իրավական ժառանգն է կամ հասառուն: «Նախկինում հին աստվածաշնչերում արել են գրառումներ՝ ծննդյան, մահվան, ամուսնության ակտեր: Հանձնաժողովի գործունեության ընթացքում մենք եւս ունեցանք մի գործ, որտեղ քաղաքացին ներկայացրեց Աստվածաշունչ, որի վերջին պոկռտված էջերում պահպանվել էին մահվան, ծննդյան գրառումներ: Դրանց մեջ գրված էր նաեւ ապահովագրվածի որդու անունը»,- ասաց Նորա Սարգսյանը: Նրա խոսքերով՝ այս կետը հաճախ քաղաքացիների մեջ խառնաշփոթ է առաջացնում: Հանձնաժողովը հնարավորություն է տվել քաղաքացիներին ներկայացնել նման ապացույց, թեեւ իրավական տեսանկյունից դրա ընդունելության հարցը կարող է վիճելի լինել: Ն. Սարգսյանը կարծում է, որ կեղծիքներ չեն եղել, քանի որ արդարադատության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը փորձում է ինչ-որ կերպ զտել, չուղարկել անհիմն դիմումներ: Սակայն եղել են վիճելի դեպքեր. օրինակ՝ երբ իրարից անկախ քաղաքացիներ հայցադիմում են ներկայացրել միեւնույն անձի վերաբերյալ: Գործընթացի ընթացքում աշխատանքային խումբը բազմաթիվ հետաքրքիր պատմությունների է հանդիպել, հավաքել է պատմական արժեք ունեցող տեղեկություններ: «Ամենահետաքրքիրն այն էր, որ մարդկանց մոտ դեռեւս պահպանված էին 1915 թվականին գրված պոլիսներ: 11 թե 12 քաղաքացի ներկայացրեց դրանք: Կային նաեւ ֆրանսիական, անգլիական, ամերիկյան ընկերությունների կողմից թողարկված վկայագրեր: Բերում էին նաեւ մի քաղաքացու կողմից մյուսին տրված մուրհակները՝ գումարի տրամադրման հետ կապված: Հետաքրքիր էր տեսնել նախկինում նման փաստաթղթերի ոճը»,- փաստեց Նորա Սարգսյանը: «Ամեն ինչ բացատրված է քաղաքացիներին ուղարկված նամակներում: Հանձնաժողովին գուցե լրացուցիչ ժամանակ անհրաժեշտ լինի: Նամակում նշված է վեց ամիս: Հնարավոր է՝ այդ ժամանակահատվածը մի քիչ երկարի, քանի որ հայցադիմումների քանակը մեծ է»,- տեղեկացրեց Նորա Սարգսյանը: Քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ հանձնաժողովի ինտերնետային էջից՝ www.armenianinsurancesettlement.com հասցեով: Կարող են զանգահարել (213) 327-0740 կամ դիմել հանձնաժողովին ֆաքսով՝ (213) 327-0745: Տեղեկացնենք, որ լրացված հարցաթերթիկները փոստային ծառայության կողմից պետք է դրոշմակնքված լինեն ոչ ուշ, քան 2005թ. նոյեմբերի 7-ին: Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել