«Վիրավորելուց հետո ներողություն պետք չէ» Լրատվամիջոցներին տեղեկացնում է առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը «Զանգվածային լրատվամիջոցներ եւ առողջություն» թեման 4-րդ անգամ է դառնում առողջապահության նախարարության քննարկման առարկան: Այս անգամ այն կարելի է համարել չքննարկված՝ երեկ դրան չէին ներկայացել լրատվության բոլոր միջոցներն ու բժիշկները, ում համար հատկապես կազմակերպված էր քննարկումը: Ավելի ստույգ՝ ներկայացել էին ընդամենը մի քանի լրագրողներ, որոնք վաղօրոք տեղեկացված էին նախարարից շնորհակալագրեր ստանալու մասին, եւ 1-2 բժիշկ, այն էլ՝ կեսից հեռացան: Փոխարենը առողջապահության ազգային ինստիտուտի հսկա դահլիճը լցրել էին ուսանող բժիշկ-բուժքույրերը՝ նրանք էլ չգիտեին, թե ինչ միջոցառման են մասնակցելու: Նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանը լրատվամիջոցներին մի քանի անհասցե դիտողություն անելուց հետո, այնուամենայնիվ, նշեց, որ «արդեն կազմակերպվել է ոլորտից լավ տեղյակ լրագրողների մի բանակ, որոնք կարող են համակարգի պատասխանատուներ աշխատել»: «Այն, ինչ գրվում է գրիչով, ոչնչով չես ջնջի, առողջապահության խնդիրների մասին գրելիս պետք է շատ զգույշ լինել, որ ավելորդ խուճապ չստեղծվի»,- խորհուրդ տվեց փոխնախարար Հակոբյանը, մասնավորապես նկատի ունենալով թռչնագրիպի մասին հրապարակումները, ինչի հետեւանքով «թռչնաբուծական ինդուստրիան» ծանր կորուստ է կրում. ոչ մեկը վախից թռչնային ոչինչ չի գնում, նույնիսկ՝ տեղականը: Այնինչ, «մենք որսորդների եւ գյուղնախարարության տեսչության աշխատակիցների հետ շուրջօրյա հսկողություն ենք սահմանել, որ սատկած թռչնի որեւէ դեպք՝ ընտանի, թե վայրի, առանց ուսումնասիրության չմնա»: Քանի որ լրագրողները հակված չէին անդրադառնալ քննարկվող թեմային, այն վերածվեց ասուլիսի: Փոխնախարարն էլ իր հերթին օգտվեց նրանց ներկայությունից եւ խնդրեց տեղեկացնել, որ հանրապետությունում ընթանում է վիճակագրական ուսումնասիրություններ՝ առողջության մասին. «Թող որեւէ մեկը չզարմանա, երբ բժիշկներ կգան տուն եւ կչափեն մեծերի ճնշումը կամ փոքրերի մատից արյուն կվերցնեն»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ