Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ

Հոկտեմբեր 22,2005 00:00

ՀԻՄԱ ՂՐՂԶՆԵՐԻՑ ՀԵ՞Տ ԵՆՔ, ԹԵ՞ ԱՌԱՋ Հայաստանի տնտեսության մասին համաշխարհային կազմակերպությունների պատկերացումները խիստ հակասական են ու տարբեր: Դա ակնհայտ է դառնում հատկապես այն ժամանակ, երբ իրար կողքի ենք դնում նման հեղինակավոր կազմակերպությունների՝ վերջերս մոդայիկ դարձած տարեկան զեկույցները: Մի դեպքում Հայաստանը միեւնույն ցուցանիշով աշխարհի 169 երկրների շարքում «գրավում» է 80-րդ, մեկ այլ դեպքում՝ 167-րդ տեղը: Ընդ որում, մեր համեմատած բոլոր զեկույցներում մասնակից պետությունների թիվը, ինչպես նաեւ ցանկը համարյա նույնն է: Օրինակ, ըստ Համաշխարհային մրցունակության 2005-2006թթ. զեկույցի՝ Հայաստանը տնտեսական մի շարք ցուցանիշներով վերջից առաջին տեղերն է գրավում՝ գրեթե բոլոր ինդեքսներով ետ մնալով անգամ Ադրբեջանից: Սա չափազանց վատ ցուցանիշ է, որը, այսպես ասած, «քուանշ» է տալիս այլ միջազգային զեկույցների, ըստ որոնց՝ ՀՀ-ն ապահովել է ցնցող տնտեսական աճ ու առջեւում է թողել միայն Ֆինլանդիայի, Գերմանիայի, Դանիայի պես գերզարգացած մի 20-25 պետությունների: Վերջերս «OPIC» մասնավոր ներդրումների ամերիկյան հեղինակավոր կազմակերպության մոսկովյան ներկայացուցիչ Միշել Սմիթը Երեւանում կայացած «Ընդհանուր ապագա» տարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ «Հայաստանը նախավերջին տեղն է զբաղեցնում մասնավոր ներդրումների կորպորացիայի պորտֆելում, ինչը պայմանավորված է կոռուպցիայի բարձր մակարդակով»: Սակայն «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի մասնագետները Համաշխարհային մրցունակության զեկույցը ներկայացնելիս նշեցին, որ մեր ամենալավ ցուցանիշը կոռուպցիայի բացակայության շնորհիվ է գրանցվել: Հայաստանում կոռուպցիայի մասին այլ տեսակետ ունի նաեւ «Transparency international» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը, որի «Կոռուպցիայի ընկալման գործակիցը» տարեկան հաշվետվության համաձայն, Հայաստանը աշխարհի 159 երկրների շարքում զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը, մինչդեռ անցյալ տարի այս ցուցակում զբաղեցրել է 78-րդ տեղը: Այսինքն՝ ըստ հաշվետվության, Հայաստանում կոռուպցիայի չափերն անշեղորեն աճում են: Միջազգային կազմակերպության մասնագետների հաշվարկներով՝ ՀՀ-ն կոռումպացվածության մակարդակով հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Բոսնիան եւ Հերցեգովինան, Գաբոնը, Հնդկաստանը, Մալին եւ Տանզանիանը: Ստացվում է, որ մեզ անգամ չփրկեց կառավարության կողմից արդեն մի քանի տարի իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը: Մինչդեռ այլ զեկույցների համաձայն, մենք այս ցուցանիշով ոտք ենք գցում նույնիսկ Շվեդիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի ու Ավստրալիայի հետ: Հայաստանի տնտեսական ցուցանիշների մասին տարբեր կարծիքներ ունեն նաեւ արտասահմանյան մասնագետներն ու լրատվամիջոցները: Օրինակ՝ ավստրալիական «Sydney Morning Herald» թերթը խորհուրդ է տալիս անգամ չմեկնել Հայաստան, քանի որ դա անվտանգ չէ. «Ուղեւորվելով այդ պետություն՝ դուք ռիսկի եք դիմում բախվել աղտոտված շրջակա միջավայրին, մարդու իրավունքների ամեն տեսակի խախտումների եւ քաղաքական հետապնդումների»: Այս նյութում Հայաստանը ներկայացվում է որպես ոչ թե «ճ», այլ կասեինք՝ «ֆ» կլասի երկիր՝ համեմատվելով միայն Աֆղանստանի, Ալժիրի եւ Անդորրայի հետ: Եթե խորհուրդ չի տրվում անգամ այցելել այս երկրներ, ուրեմն այնտեղ ներդրումներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Սակայն մերոնք այլ կարծիքի են: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը նույնիսկ կանխատեսումներ է արել, որ 2006 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալները 2005 թվականի համեմատ ամենահամեստ հաշվարկներով 40 տոկոսով կաճեն: Վերջերս կայացած տնտեսական համաժողովներից մեկի ժամանակ «Առլեքս Ինթերնեյշնլ» իրավաբանական-խորհրդատվական կազմակերպության տնօրեն Թոմաս Սամուելյանն էլ կարծիք էր հայտնել, որ «Հայաստանը ներդրումների համար բավականին գրավիչ երկիր է հանդիսանում», ինչը հաստատել էր նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Բացի այդ, պարզվում է՝ մեր տնտեսական աճի «ցնցող» տեմպերը ոչ բոլոր պետությունների ներկայացուցիչների վրա են տպավորություն թողել: Նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ջերոեն Քրեմերսը հրավիրած մամուլի ասուլիսում հիացած էր վերջին 5 տարիներին Հայաստանի տնտեսական աճի երկնիշ ցուցանիշով, որը, ըստ նրա, կարող է ռեկորդային դառնալ համաշխարհային մասշտաբով: Մինչդեռ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հիլմի Օզքոքը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Հայաստանը տնտեսական տեսակետից աստիճանաբար թուլանում է, ինչը նպաստում է Ադրբեջանի քաղաքական ուժեղացմանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել