Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈ՞ՒՄ

Հոկտեմբեր 22,2005 00:00

ԽԱԽՏՈ՞ՒՄ Է ԱՌԱՆՑ ԼՈՒՍԱԳՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԿՈՒԲԸ» Մեկնաբանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ նոր հայցով է դիմել Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան՝ այս անգամ ՀՌԱՀ օրենսդրությանը հակասող գործունեության կապակցությամբ: Բողոքում մասնավորապես նշվում է. «Հանրաքվեի քարոզչության առաջին իսկ օրվանից հեռուստաընկերությունները քարոզչական նյութեր են հեռարձակում առանց համապատասխան լուսագրի, խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11 հոդվածի պահանջները, այն է՝ «Հանրաքվեի քարոզչության անցկացման ժամանակաշրջանում արգելվում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ՝ տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով։ Նման հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով՝ «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում»։ Ռուբեն Թորոսյանը նշել է, թե բոլոր հեռուստաընկերություններն իրենց լրատվական հաղորդումներում լայնածավալ քարոզչական նյութեր են հեռարձակում սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու միջոցառումների վերաբերյալ, մինչդեռ «ՀՌԱՀ-ը, խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 37 հոդվածի «ը» մասի պահանջները, որեւէ միջոց չի ձեռնարկել կատարված օրինախախտումները կանխելու եւ նրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ»: Այս առիթով մեր զրույցի ընթացքում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նախ մի քանի ընդհանուր պարզաբանումներ ներկայացրեց. «Մինչ հանրաքվեի քարոզչական շրջանը՝ մենք ուղղակի հիշեցման կարգով հեռուստաընկերությունների ուշադրությունն ենք հրավիրել, որ պահպանեն օրենքի քարոզչական նյութերի հեռարձակմանն առնչվող պահանջները: Այսինքն՝ նախ հրապարակեն գովազդի գները, եւ եթե պատրաստ են տրամադրել վճարովի եթեր շահագրգիռ տարբեր կողմերին քարոզչությամբ զբաղվելու համար՝ պահպանվեն մնացած բոլոր պահանջները, մասնավորապես կապված լուսագրերի հետ»: Հիշեցրինք, թե արդեն իսկ «Հանրապետություն» կուսակցությունը բողոքել է, որ հեռուստաընկերություններն իրենց չեն տրամադրում անգամ վճարովի եթեր: ՀՌԱՀ նախագահն ի պատասխան ասաց. «Մենք միայն հիշեցրել ենք, որ այն հեռուստաընկերությունները, որոնք ցանկություն ունեն եթեր վաճառելու՝ պարտավոր են նախապես հրապարակել գները: Իսկ քարոզչությանը մասնակցել-չմասնակցելը, եթերաժամ վաճառել-չվաճառելը հեռուստաընկերությունների իրավասության շրջանակում է: Նախորդ բոլոր ընտրություններում չէինք զարմանում, չէ՞, որ մի շարք հեռուստաընկերություններ ուղղակի չէին մասնակցում քարոզչությանը: Ասենք, «Դար – 21» հեռուստաընկերությանը չէինք ասում, չէ՞, բա ինչո՞ւ չես տրամադրում եթերաժամ: Հիմա այս դեպքում էլ հեռուստաընկերություններն ազատ են այս կապակցությամբ որոշումներ կայացնելու: Եվ մենք չենք կարող որեւէ մեկին պարտադրել եթերացանցում փոփոխություններ անել եւ ժամանակ ազատել քարոզչության համար: Կուզեն՝ կանեն, չեն ուզի՝ չեն անի»: Գրիգոր Ամալյանն անդրադառնալով հանրաքվեի քարոզչության խախտումների նկատմամբ իրենց անգործության վերաբերյալ մեղադրանքին, նկատեց. «Ըստ էության, հեռուստաընկերություններն ընկել են բավական բարդ վիճակի մեջ, քանի որ ի տարբերություն ընտրությունների, որտեղ կան շտաբներ եւ գրանցված թեկնածուներ՝ հանրաքվեի պարագայում չկան նման շտաբներ, որոնք գրանցված լինեին ԿԸՀ-ում: Խնդիրը նաեւ շատ բարդ է, քանի որ սահմանադրական փոփոխությունները հասարակական կյանքում այնպիսի իրադարձություն են, որոնց անպայման անդրադառնում են եւ լուսաբանում: Եվ այս ամենը՝ քարոզչություն գնահատել-չգնահատելը կարող է դառնալ Ռուբեն Թորոսյանի հացը, քանի որ, կարծում եմ, հերթական գրանտին առնչվող խնդիր կա եւ իրեն պե՛տք է այդպես գնահատել: Ի՞նչ է, հիմա որեւէ հեռուստաընկերություն, լրագրող կամ վերլուծաբան որեւէ բան չպիտի՞ գրի սահմանադրական փոփոխությունների մասին, հաղորդման հյուրերին չպիտի՞ տան հարցեր հանրաքվեի մասին, քանի որ ինչ-որ մեկը դա կարող է անվանել քարոզչություն: Եվ եթե ձեր թերթում Սահմանադրությանն առնչվող որեւէ տեսակետ ուզենաք հայտնել, պիտի այն առանձնացնեք իբրեւ քարոզչական նյո՞ւթ: Սակայն հասկանում եմ Ռուբեն Թորոսյանին՝ ինքն ինձ համար նոր չէ. ծանոթ եմ նրա գործունեությանը ընտրական բոլոր շրջաններում: Սա էլ հերթական ակտիվությունն է: Դատարանում կպատասխանենք նրա բոլոր հարցերին»: Եվս մի խախտման վերաբերյալ հարց ուղղեցինք պրն Ամալյանին: «Սուպեր սիստեմ»-ը տեւական շրջան է՝ շուրջօրյա հեռարձակում է «Կուբ» հեռուստախաղը: Մինչդեռ «Էյ-Ափ» ընկերությունն արտոնագիր էր ստացել միայն վերահեռարձակման համար: Արդյոք սա մրցութային պայմանների խախտո՞ւմ չէ՝ հարցին ՀՌԱՀ նախագահը պատասխանեց. «Որեւէ խախտում չեմ տեսնում այս պարագայում: Մրցութային պայմանն էր, թե կարող են վերահեռարձակվել իրենց ազգային օրենսդրությամբ օրինական գործունեություն իրականացնող հեռուստաընկերությունների ծրագրերը: Եթերամալուխային տիրույթում արտոնագրված հեռուստաընկերություններն արդեն իսկ մեր օրենսդրությամբ դառնում են հեռարձակողներ: Այնպես որ՝ նրանք կարող են 1-2 ալիքներով թողարկել սեփական արտադրության ծրագրեր»: Վստահ ենք, որ եթե ինչ-որ հրաշքով «Ա1+»-ը շահած լիներ այս մրցույթում՝ անմիջապես կպարզվեր, որ պարտավոր է միայն վերահեռարձակել ու չունի սեփական ծրագրերը հաղորդելու իրավունք: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել