ԳԾԻ ԿՌԻՎՆ ԱՐԺԵՑԱՎ ԳՆԴԱՊԵՏԻ ԿՅԱՆՔ Հոկտեմբերի 18-ին, ժ. 20:00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին հայտարարություն է տվել Բազմաբերդ գյուղի բնակիչ Պավլիկ Աշոտի Խաչատրյանը՝ ծն. 16.01.62թ., այն մասին, որ նույն օրը, ժ.19:00-ի սահմաններում, Երեւան-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ ՊՆ վարչական շենքից քիչ հեռու, տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իր քրոջ ամուսնուն՝ Աշոտ Վռամի Միքայելյանին՝ ծն. 06.08. 1962թ., բնակվում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, դանակահարել է իրեն անհայտ մի երիտասարդ: Ա. Միքայելյանը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ ոստիկանությանը տեղեկացրել էին, որ նա գիտակցության չգալով մահացել է: Մեր տեղեկություններով՝ Ա. Միքայելյանը ՊՆ համակարգի աշխատակից է, ունեցել է գնդապետի կոչում: Երեկ մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ գնդապետ Սեյրան Շահսուվարյանը՝ հավելելով մեկ ճշտում. Ա. Միքայելյանը անցել էր պահեստազորի տրամադրության տակ: Հոկտեմբերի 20-ին ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասի իր տանը՝ շ. 6, բն. 53, հայտնաբերվել եւ Ա. Միքայելյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Բաբկեն Ազատի Առաքելյանը՝ ծն. 18.06.1966թ: Արագածոտնի մարզի դատախազությունում հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն: Ըստ որոշ տեղեկությունների, սակայն, նկատի ունենալով սպանվածի զինվորական լինելու հանգամանքը, հավանական է, որ վարույթը փոխանցվի զինվորական դատախազություն: Ինչ վերաբերում է սպանության շարժառիթներին, մեր ոչ պաշտոնական տեղեկություններով, տեղի ունեցած բանավեճի, ապա նաեւ՝ սպանության դրդապատճառը եղել է Երեւանից Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ մեկնող թիվ 114 երթուղային գծին տիրանալը: Այս իմաստով շոշափվում է նաեւ ՊՆ-ի N բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Լյովա Երանոսյանի՝ «Պուզա Լյովա», անունը: Ըստ որոշ տեղեկությունների, հիշյալ երթուղային գծին տիրանալ ցանկացողը հենց նա է եղել, բայց «բանակցություններ» է վարել Բ. Առաքելյանը: Ըստ որոշ տեղեկությունների, կռվի մեջ ներքաշված են եղել Կամո, Արսեն, Արայիկ, Գեւորգ անուններով մի քանի մարդ, որոնց մի մասը եւս ՊՆ համակարգի նախկին աշխատողներ են: