Տեղական դիտորդները դժգոհ են «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ մեզանում առայժմ չի մշակվել ընտրական կուլտուրա: «Ընտրությունը քոնն է» հ/կ-ն, որը հայաստանյան ընտրությունները դիտարկող ամենախոշոր կազմակերպությունն է, հրապարակել է իր ամբողջական զեկույցը հոկտեմբերի 16-ին Լոռու, Արմավիրի եւ Տավուշի մարզերում ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրականացրած տեղական դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ այդ ընտրությունների «պաշտոնական քարոզարշավի ընթացքում եւ քվեարկության օրը տեղ գտած թերություններով ու ընտրախախտումներով, «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի գնահատմամբ, ոտնահարվեցին քաղաքացիների՝ նախընտրական քարոզչությունն ազատ եւ հավասար պայմաններում իրականացնելու, ընտրողների ազատ կամարտահայտության իրավունքները: Ակնհայտ էր ընտրագործընթացները բարելավելու եւ դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործում առաջընթացի բացակայությունը: Խիստ լարված, անհանդուրժողականության մթնոլորտում ընթացած պաշտոնական քարոզարշավի խոչընդոտումներով, ընտրացուցակների ցայտուն թերությունների առկայությամբ, քվեարկության գաղտնիության կարեւորագույն սկզբունքի ոտնահարմամբ, ընտրական հանձնաժողովների կողմնակալությամբ, «Ընտրական օրենսգրքի» սահմանած ընթացակարգերի շրջանցմամբ կամ անտեսմամբ ընթացող ՏԻՄ ընտրությունները վկայում են այս մասին, որ մեզանում առայժմ չի մշակվել ընտրական կուլտուրա, եւ ընտրագործընթացները դեռեւս հեռու են կատարյալ լինելուց: Չնայած դիտարկված տեղամասերի մի մասում տիրող թվացյալ խաղաղ մթնոլորտին, լիարժեքորեն չի ապահովվել ընտրությունների օրինականությունը: Ս/թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում եւ ներկա ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի կողմից արձանագրված ընտրախախտումները եւ բացասական երեւույթները, չնայած հասարակական կազմակերպության՝ դրանք դադարեցնելու եւ կանխելու բազմաթիվ կոչերին, իրենց շարունակությունը գտան քվեարկության օրը: Ժողովրդավարության չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայ հասարակության հույսերն ու ակնկալիքները դարձյալ չարդարացան, ինչն առավել լուրջ մտահոգության առարկա է Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեի նախաշեմին»: Նշենք, որ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի դիտորդներն ընտրությունները դիտարկել են Լոռու, Արմավիրի, Տավուշի՝ թվով 184 ընտրատեղամասերում: Եվ իրենց բոլոր մտահոգությունները զեկույցում հիմնավորել են արձանագրված որոշակի փաստերով՝ ընտրողների վրա անօրինական ներազդեցության, անօրինական քվեարկության, ընտրողների կամարտահայտության վրա անօրինական ներազդեցության, վստահված անձանց եւ դիտորդների իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Ա. Ի.