Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր

Հոկտեմբեր 22,2005 00:00

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍԱՏԱՆԱՆԵՐՆ ՈՒ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ Ըստ Վազգեն Մանուկյանի, այս բաժանումը չի համընկնում իշխանություն-ընդդիմություն բաժանման հետ ՄԱԱ-ի երեկվա հյուրը ԱԺՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանն էր, որը նկատեց, որ այսօր իշխանություններն իրենց շատ ավելի ուժեղ են զգում, քան՝ երբեւէ: «Առավոտը» նկատեց, որ դրանում ընդդիմությունը լուրջ մեղքի բաժին ունի, քանի որ բոլոր այն պահերին, երբ շատ ավելի կարեւոր է դառնում ընդդիմության միասնականությունը, ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս տարբեր դիրքերից, մասնավորապես, մեկը հայտարարում է, թե հարկավոր է «ոչ» ասել սահմանադրական հանրաքվեին, մյուսները ճիշտ են համարում բոյկոտի տարբերակը, երրորդները ընդհանրապես չգիտեն, թե ինչ անելն է ճիշտ: Ըստ էության, ընդդիմության հենց այս պահվածքն է առիթ տալիս իշխանություններին իրենց ավելի ուժեղ զգալ: Մեր հարցին ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանը ասաց. «Ես հիմա մի քիչ կրիմինալ, ոչ ընդունված նախադասություններ կասեմ, կխնդրեի, որ չշահարկեք: Ի՞նչ է նշանակում ընդդիմություն. ընդդիմություն մեր Հայաստանի պայմաններում նշանակում է այն քաղաքական գործիչները եւ այն կուսակցությունները, որոնք իշխանության մեջ չեն, այդտեղից բխո՞ւմ է, որ նրանք մյուսներից ավելի լավն են, ոչ: Իշխանություն չունենալը չի նշանակում, որ դու ավելի լավն ես իշխանություն ունեցողից: Այդ պատճառով, մոռացեք, որ մի տեղ հավաքված են սատանաները եւ մյուս տեղում՝ հրեշտակները, այսինքն՝ սա հրեշտակների եւ սատանաների պայքար չէ: Ընդդիմության մեջ կան տարբեր քաղաքական ուժեր, մենք շատ ուժերի հետ կարող ենք միասնական լինել հանրաքվեի հարցում, շատ ուժերի հետ կարող ենք միասնական լինել նախագահական ընտրությունների հարցում, երբ տեսնում ենք, որ կեղծիքներ են տեղի ունեցել, բայց շատ հարցերում մենք մեր կարծիքն ունենք, եւ եթե ուրիշների կարծիքը տարբեր է՝ մենք հանուն միասնության չենք զոհաբերելու մեր գաղափարները: Այդ տեսակետից այն սպասումը, որ կա սատանաների մի ճամբար եւ նրա դիմաց հրեշտակների ճամբարն է, ինչո՞ւ իրար հետ չեք միավորվում, անիրականանալի է: Կան որոշակի հարցեր, որոնց շուրջ բոլորը կարող են համախմբվել, բայց անընդհատ սպասել, որ համախմբված են լինելու եւ պայքարելու են սատանաների դեմ, ինձ համար ընդունելի չէ: Շատ մարդիկ, որոնք հիմա իշխանության մեջ են, դուք չեք պատկերացնում, թե ինչպիսի ընդդիմություն կլինեին: Եվ հակառակը՝ ընդդիմության մեջ շատ մարդիկ կան, որ եթե լինեին իշխանության մեջ, դուք չեք պատկերացնում՝ ինչքան լկտի կլինեին: Այսինքն՝ այս տեսակետից եկեք չդատենք: Բայց ուզում եմ, որ մի բան հասկանանք. ես համաձայն եմ, որ մեր ժողովուրդը պետք է լինի միասնական՝ արտաքին թշնամու դեմ պայքարում, պետք լինի միասնական՝ երկրում կարգ ու կանոն, ժողովրդավարություն ստեղծելու, չարիքի դեմ պայքարում, ընդդիմությունը կարող է լինել միասնական որոշակի հարցերի շուրջ, բայց պարտադիր չէ, որ ընդհանրապես լինի միասնական եւ ամեն մեկը զոհաբերի իր սկզբունքները»: Ասուլիսից հետո պարոն Մանուկյանը պատասխանեց մեր հարցերին: Օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը առաջարկել էր, որ սահմանադրական հակաքարոզչության «ոչ»-ի շտաբի պետը լինի Վազգեն Մանուկյանը: Սակայն մեկ «ոչ»-ի շտաբ արդեն ձեւավորվել է «Արդարություն» դաշինքի կողմից, եւ շտաբի պետը Վիկտոր Դալլաքյանն է, չի՞ նշանակում սա, որ ընդդիմությունը շարունակ ինքն իրեն հակասում է: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքն այդ առաջարկությունը լսել է. «Բայց դա իսկապես քննարկելու հարց է, որովհետեւ բոյկո՞տ, թե՞ ոչ, ի՞նչ է դա նշանակում, դա ուղղակի արված առաջարկ է, որը դեռ չի քննարկվել եւ որին ես պատասխան չեմ գտնում»: Վազգեն Մանուկյանն ասաց, որ եւ բոյկոտի, եւ «ոչ»-ի կողմնակիցները հանրաքվեի վերահսկողության հարցում ընդհանուր դիրքորոշում կունենան, սակայն քարոզչության հարցում կլինեն տարբերություններ: Երբ ընդդիմությունը, այս դեպքում «Հանրապետութուն» կուսակցության նախագահը, բացելով խաղաքարերը՝ հայտարարում է, որ նոյեմբերի 27-ին հավաքվելու են Երեւանում, չի՞ նշանակում սա, որ իշխանություններին հակաքայլերի նախապատրաստման հնարավորություն է տրվում: Այս հարցին ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ դա չի ասվում ապատեղեկատվության համար»: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին տեսնո՞ւմ է Վազգեն Մանուկյանը որպես երկրի հաջորդ նախագահ: Այս հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Եթե դուք ինձ հարցնեիք, իսկ դուք ձեր թեկնածությունը դնելո՞ւ եք նախագահական ընտրություններում, ես չէի կարողանա պատասխանել այդ հարցին, ո՞նց ես կարող եմ ուրիշ մարդու վերաբերյալ այդ հարցին պատասխանել: Չէի ուզենա այդ հարցի շուրջ խոսել, առջեւում դեռ այնքան ժամանակ կա եւ այնպիսի փոփոխություններ կարող են լինել, որ այդ հարցը հրատապ չէ, մանավանդ ինքը՝ Սերժ Սարգսյանը, կամ իշխանությունները այդպիսի հայտարարություն չեն արել, որ դրանք մեկնաբանվեն»: Տպավորություն կա, որ հաղթանակների մասին սովորաբար խոսում են նրանք, ովքեր միայն պարտություններ են գրանցում, արդյո՞ք սա նոր հոգեբանական վիճակ է մեր քաղաքական գործիչների համար: Վազգեն Մանուկյանը մեր այս «հոգեբանական տեստին» այսպես պատասխանեց. «Եթե ինձ եք դիմում, հիշեք, որ ես այդպիսի պահվածք չունեմ, եւ հետո, գիտե՞ք, քաղաքականությունը մի քիչ նման է թաղի կռվի, մի քիչ նման է նարդի խաղալու, երբ ասում ես՝ հիմա «դու-շեշ» կբերեմ, դիմացինին՝ ընկճելու նպատակով, քո կողմնակիցներին՝ «դուխ» տալու համար: Սա տեղավորվում է քաղաքականության կանոնների մեջ: Դա բնական ընթացք է, դու քո կողմնակիցներին պետք է ոգեւորես: Նույն բանը իշխանությունն է ասում, ասում է՝ ընդդիմություն չկա, կոտրվել է եւ այլն»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել